Հայաստանը կմասնակցի Չայկովսկու անվան պատանեկան մրցույթին - Mediamax.am

4303 դիտում

Հայաստանը կմասնակցի Չայկովսկու անվան պատանեկան մրցույթին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեք հայ պատանիներ դեկտեմբերի 5-15-ը Նովոսիբիրսկ քաղաքում կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին:

Այս մասին հայտարարվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համերգասրահում տեղի ունեցած Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգին նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ:

 

ՄԿՌ մեդիա Արմենիա ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը կարեւորել է այն փաստը, որ երկար տարիների դադարից հետո Հայաստանը ներկայացված կլինի այդ մրցույթում:

 

Հայաստանը ներկայացնելու են Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ) եւ Դիանա Ադամյանը (ջութակ):

 

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի փոխանցմամբ, երեխաները միջազգային այլ մրցույթների դափնեկիրներ են:

 

«Մրցույթի համար ընտրվել են լավագույնները: Իրենց տարիքի համար երեխաներն արդեն բավական հարուստ փորձ ունեն: Հույս ունեմ, որ նրանք հաջողությամբ կվերադառնան»,-նշել է Մարտուն Կոստանդյանը:

 

Միջոցառման ընթացքում Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների Ընկերակցության եւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի միջեւ կնքվել է  համագործակցության հուշագիր, որով դպրոցին է վերապահվում մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ լինելու լիազորությունը:

 

Զարգացման միջազգային կորպորացիայի (МКР) գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Դեմենսկին, անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը մրցույթին, ասել է.

 

«Ուզում եմ հավատալ, որ այս մրցույթի շրջանակներում կկարողանանք բացահայտել այնպիսի տաղանդների, ինչպիսին են Կոմիտասը՝ հայկական, եւ Չայկովսկին՝ ռուսական մշակույթում: Եվ այդ տաղանդները հետագայում իրենց ազդեցությունը կունենան համաշխարհային մշակույթի վրա»,-ասել է նա:

 

Ասուլիսին հաջորդել է Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը, որը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել մրցույթի եզրափակիչ փուլ անցած Արթուր Գրիգորյանը, Անդրանիկ Աղաջանյանը եւ Դիանա Ադամյանը: Ամփոփիչ համերգին ելույթ են ունեցել նաեւ մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ) եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին