Լիտվան ՀՀ-ին է փոխանցում անվտանգ երթեւեկության իր փորձը - Mediamax.am

exclusive
7335 դիտում

Լիտվան ՀՀ-ին է փոխանցում անվտանգ երթեւեկության իր փորձը


Լուսանկարը` lrytas.lt

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լիտվայի դեսպանատուն

Լուսանկարը` Լիտվայի դեսպանատուն

Լուսանկարը` Լիտվայի դեսպանատուն

Լուսանկարը` Լիտվայի դեսպանատուն


Լիտվայի տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարարության ավտոմոբիլային տեսչության փորձագետներն այսօր՝ Գիտելիքի օրը, Հայաստանում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ, անվտանգ երթեւեկության բաց դաս են անցկացրել Արթիկ քաղաքի թիվ 8 դպրոցում:

 

Այս դպրոցում, որը քանդվել էր Սպիտակի երկրաշարժի հետեւանքով եւ ավելի ուշ վերակառուցվել լիտվական կողմի աջակցությամբ, կմեկնարկի անվտանգ երթեւեկության պիլոտային ծրագիրը:

 

«Արթիկի թիվ 8 դպրոցի ընտրությունը պատահական չէր: Լիտվան օժանդակել է այս դպրոցի վերակառուցմանը, եւ այստեղ այսօր մենք բացեցինք նաեւ համակարգչային դասարան, որն օգտակար կլինի ոչ միայն դպրոցականների, այլեւ Արթիկի բնակիչների համար»,- Մեդիամաքսին ասել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Լիտվայի դեսպանությունը համանման միջոցառում էր անցկացրել նաեւ անցյալ տարի՝ Երեւանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում՝ առաջին դասարանցիներին բաժանելով անվտանգության լուսարձակ գոտիներ:

 

«Ուրախ եմ, որ արդեն երկրորդ տարին է՝ սեպտեմբերը դիմավորում ենք լիտվացի փորձագետների հետ, որոնք պատմում են երեխաներին երթեւեկության անվտանգության կանոների, ինչպես նաեւ լուսարձակող սարքերի ճիշտ օգտագործման մասին»,- ասել է դեսպանը:

 

Նա հույս է հայտնել, որ իրազեկման արշավների արդյունքում լուսարձակող սարքերը լայն տարածում կգտնեն նաեւ Հայաստանում: Արթիկի դպրոցականներին դեսպանատունը նվիրել է լուսարձակող գոտիներով պայուսակներ:

Լուսանկարը` Լիտվայի դեսպանատուն

Լիտվան վերջին տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել ճանապարհային պատահարների, հատկապես` դրանցում երեխաների մահացության դեպքերի նվազման տեսանկյունից: Լիտվայից ժամանած փորձագետ Էգլե Նամանիտեն պատմել է, որ ներկայում Լիտվայում դպրոցականների մեծամասնությունը, ինչպես նաեւ հեծանվորդները, կրում են լուսարձակող սարքեր:

 

«Լիտվայում իրազեկման աշխատանքները մեծ արդյունք են տվել, անգամ հանրային տրանսպորտում ամեն օր տեսահոլովակներ են պտտվում ճանապարհային երթեւեկության կանոնների վերաբերյալ, ինչը հետիոտնին, հատկապես` երեխաներին, ավելի զգոն է դարձնում»,- ասել է Էգլե Նամանիտեն:

 

Նրա խոսքով՝ լուսարձակող թեւնոցները, պայուսակների կախիչները լույս են արձակում մեծ հեռավորության վրա, ինչը թույլ է տալիս վարորդներին նախապես մթության մեջ նկատել հետիոտնին:

 

Լիտվայի ավտոմոբիլային տեսչության փորձագետ Անտանաս Չերեշկայի խոսքով՝ խորհրդային տարիների համեմատ՝ Լիտվայում ՃՏՊ-ների հետեւանքով երեխաների մահացության դեպքերը կրճատվել են 10 անգամ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին Լիտվայում գիշերները երկար են, եւ դպրոցականները ստիպված են լինում դպրոց գնալ վաղ առավոտյան, երբ բավական մութ է: Լուսարձակող սարքերն այստեղ հասնում են օգնության»,- ասել է նա:

 

Էրիկաս Պետրիկասն էլ նկատել է, որ դեսպանատունը մտադիր է լուսարձակող սարքերի տարածման եւ օգտագործման իրազեկման արշավը շարունակել Հայաստանի այլ մարզերում եւ կրթական հաստատություններում:

 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի երեխաները ոչ միայն այսօր կիրառեն լուսարձակող սարքերը, այլեւ գնան տուն, պատմեն իրենց ծնողներին այդ մասին, եւ որպեսզի լուսարձակող թեւնոց կրելը դառնա մշակույթ»,- ասել է դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին