Հոկտեմբերին Երեւանում կկայանա երկու «մրցակից» կիսամարաթոն - Mediamax.am

exclusive
3273 դիտում

Հոկտեմբերին Երեւանում կկայանա երկու «մրցակից» կիսամարաթոն


Լուսանկարը` http://media4.onsugar.com


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում հոկտեմբերի 3-ին կանցկացվի առաջին միջազգային կիսամարաթոնը՝ «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»:

Այն կազմակերպվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:

 

Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կիսամարաթոնին (21.1 կմ մրցատարածք) մասնակցելու համար 3000-ից ավելի մարդ է գրանցվել:

 

«Այս միջոցառումը նպատակ ունի մասսայականացնել սպորտը Երեւանում եւ մարզերում, նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը եւ օժանդակել վազքարշավի միջոցով տուրիզմի զարգացմանը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կիսամարաթոնից հետո Երեւանում վազքուղիներ կկառուցվեն:

 

Ամիսներ առաջ հայտարարվել էր, որ Երեւանում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Երեւանի կիսամարաթոն» վազքի մրցույթը։ Ս.թ. հուլիսին Մեդիամաքսը հոկտեմբերի 4-ին անցկացվելիք կիսամարաթոնի վերաբերյալ զրուցել էր Երեւանյան կիսամարաթոնի պրոյեկտ-մենեջեր Անահիտ Ադամյանի հետ:

 

Ստացվում է, որ Երեւանում երկու՝ իրար հաջորդող օրերին կիսամարաթոն կանցկացվի՝ մեկը պետական աջակցությամբ, մյուսը՝ մասնավոր հատվածի:

 

Վազողներն էլ ստիպված կլինեն բաժանվել երկու «բանակի», քանի որ մարզիկների համար երկու օր անընդմեջ վազելը ֆիզիկապես բավական բարդ է, եթե ոչ անհնար:

 

Մեդիամաքսը կրկին դիմել է Անահիտ Ադամյանին՝ խնդրելով մեկնաբանել իրար հաջորդող կիսամարաթոնների փաստը:

 

«Մեր վազքին արդեն գրանցվել են վազողներ 19 երկրից, գրանցված մասնակիցների թիվը անցել է 800-ը եւ ակնկալում ենք ամենաքիչը եւս երկու հազար վազորդ, որոնք նպատակաուղղված պատրաստվում են այս վազքին, այլ ոչ թե տարբեր գերատեսչություններից հրամանով եկող մասնակիցներ են։ 

Անհասկանալի է, թե ինչ նպատակով են ծախսվում պետական բյուջեի գումարները այն ուղղությունների վրա, որոնք արդեն ֆինանսավորում են մասնավոր հատվածի կողմից եւ իրականացվում են միջազգային մասնագետների կողմից, միջազգային չափանիշներին համապատասխան (մեր վազքը AIMS կազմակերպության հավաստագրում ունի)։

 

Մենք բազմիցս առաջարկել ենք իրենց միանալ մեր կիսամարաթոնին, եւ խնայել բյուջեի գումարները, սակայն ամեն անգամ մերժում ենք ստացել։ Արդյունքում ունենք երկու կիսամարաթոն, ու ամբողջ աշխարհը մեզ վրա ապշած նայում է։

 

Տեղեկացնեմ նաեւ, որ Երեւանի կիսամարաթոնի ասուլիսը կլինի սեպտեմբերի 22-ին՝ կազմակերպված Երեւանի քաղաքապետարանի կողմից, քանի որ Երեւանի Կիսամարաթոնը ներգրավված է Էրեբունի-Երեւան տոնակատարությունների շարքում»,- ասել է Անահիտ Ադամյանը:

 

Մեդիամաքսը Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանից հետաքրքրվել է, թե ինչպես է որոշվել կիսամարաթոնի օրը, եւ արդյո՞ք նրանք տեղյակ են եղել հոկտեմբերի 4-ի միջոցառման մասին:

 

Ռոբերտ Էմմիյանն ի պատասխան ասել է, որ կիսամարաթոնի կազմակերպման աշխատանքները սկսվել են դեռ 3 տարի առաջ, համագործակցել են միջազգային կառույցների եւ ֆեդերացիաների հետ:

 

«Այս տարի հունվարից սկսվեցին հոկտեմբերի 3–ին անցկացվելիք միջոցառման նախապատրաստական աշխատանքները, իսկ վազքուղին նախագծվել է Միջազգային մարաթոնների եւ վազքարշավների ասոցիացիայի (AIMS) տնօրենների խորհրդի անդամ, ՌԱՆԱՐՄ-ի հիմնադիր Բրունո Բուկոբզայի կողմից»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:

 

Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 4-ի կիսամարաթոնի կազմակերպիչները իրեն՝ որպես ֆեդերացիայի նախագահի, երբեւէ չեն դիմել, եւ ինքը վերջերս է տեղեկացել այդ միջոցառման մասին:

 

«Ես ցանկանում եմ, որ նման միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպվեն, նախաձեռնությունները լինեն կառուցողական եւ համագործակցեն ֆեդերացիների հետ»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին