Ռուբեն Վարդանյան. «Մենք երազանք չունենք եւ դա վտանգավոր է» - Mediamax.am

23928 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Մենք երազանք չունենք եւ դա վտանգավոր է»


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ «մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե ապագայի, այլ անցյալի հետ»:

«Վստահ կարող եմ ասել, որ երազանքները միայն օգնում են: Մանավանդ՝ հավակնոտ երազանքները, երբ երազողը ոչ թե դեպի հետ, այլ դեպի առաջ է նայում: Ես չեմ տեսնում այն երազանքը, որով համակված ողջ ազգը առաջ է նայում: Նկատի չունեմ անցյալի ու «ծովից ծով Հայաստանի» կարոտաբաղձությունը (Տիգրան Մեծ ենք ունեցել, առաջին քրիստոնյաներն ենք), ավելի շատ ուզում եմ դեպի ապագան ուղղված սպասելիքներ ու նպատակներ տեսնել:

 

Մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե ապագայի, այլ անցյալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք: Ինչը շատ վտանգավոր եմ համարում: Ի վերջո, եթե իրականում երազեինք ծովից ծով Հայաստանի մասին, պիտի գործեինք, չէ՞, առնվազն փոքր քայլեր ձեռնարկեինք երազանքին հասնելու համար: Իսկ մենք չենք անում, քանի որ երազանք չունենք», - ասել է Ռուբեն Վարդանյանը Media.am-ում հրապարակված հարցազրույցում:

 

«Ես երազում եմ Հայաստանը բարգավաճող երկիր տեսնել, եւ իմ բոլոր նախաձեռնություններն այդ երազանքին հասնելու քայլեր են, երազանքը կայացնող աղյուսներ: Թե՛ Դիլիջանի միջազգային դպրոցը, թե՛ Տաթեւի ճոպանուղին ինքնանպատակներ չեն, անձամբ ես էլ ճոպանուղու ֆանատիկոս չեմ: Պարզապես ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ մարդիկ հաճույքով կապրեն, կզարգանան ու կստեղծագործեն:

 

Պատմության բերումով մեր ազգը սովոր է ինքն իրեն պահպանել, դիմադրել հանգամանքներին՝ գոյատեւելու համար: Շատ բան ենք սպասում աշխարհից (որ մեզ հասկանան, խղճան, դատապարտեն մեղավորներին), բայց ինքներս կարծես չենք փորձում հավասարվել աշխարհի լավագույն օրինակներին», - ասել է IdeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը:

 

«Մեր խնդիրը հենց այն է, որ մենք դադարել ենք ինքներս մեզ համեմատել լավագույնների հետ: Միգուցե սխալվում եմ, բայց նույն իրավիճակն է նաեւ լրագրության դաշտում, որը հիմնականում տեղային հարցերով է սահմանափակվում: Իհարկե, ես Հայաստանում չեմ ապրում եւ միգուցե լավ չեմ պատկերացնում գոյատեւման հարցեր լուծող հայաստանցիներին բոլոր հոգսերը: Բայց միեւնույն է վստահ եմ, որ եթե չփորձենք դուրս գալ մեր այս ներփակված վիճակից ու տեղային շրջանակներից, մեր երկրում ոչինչ չի փոխվի», - եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին