Ռուբեն Վարդանյան. Կարեւոր է ապագայի հանդեպ հավատով լցվել - Mediamax.am

12362 դիտում

Ռուբեն Վարդանյան. Կարեւոր է ապագայի հանդեպ հավատով լցվել


Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը
Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Danil Kolodin


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ չափազանց կարեւոր է լինել ավելի նախաձեռնող, լայնախոհ եւ ապագայի հանդեպ հավատով լցված:

Այս մասին Ռուբեն Վարդանյանն ասել է OneArmenia-ի նախագծի շրջանակներում տված հարցազրույցում:

 

«Մեր գլխավոր նպատակն է փոխել այստեղ կամ դրսում ապրող մարդկանց մտածելակերպը: Այն մարդկանց, ովքեր իրենց հայ են զգում: Առաջին քայլը  գոյատեւումից դեպի բարգավաճում անցնելու համար մեր պատկերացման փոփոխությունն է: Չափազանց կարեւոր է լինել ավելի նախաձեռնող, լայնախոհ եւ ապագայի հանդեպ հավատով լցված: Երկրորդը՝ ես ցանկանում եմ ցույց տալ, որ հնարավոր է անկախ բոլոր խնդիրներից, որոնց առնչվում ենք տարբեր ոլորտներում, փոխել քո կյանքը եւ կյանքը քո շուրջ: Եթե դու հավատում ես քո գաղափարին, ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Խոսելով հայկական սփյուռքի մասին՝ նա նկատել է, որ երբեմն ներդրումներ են կատարվում՝ առանց նայելու, թե արդյո՞ք դրանք ինչ-որ բան փոխում են: Պարզապես արվում է բարեգործություն կամ գումարների հատկացում, ասել է գործարար:

 

«Սա ձեւավորում է սխալ պատկերացում այն մասին, որ փողը միշտ մի տեղից գալու է: Սփյուռքը խելացի ներդրումներ անելու կարիք ունի»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Դիմելով սկսնակ գործարարներին, IDeA հիմնադրամի համահիմնադիրը հորդորել է նրանց պատրաստ լինել ձախողումներին:

 

«Կյանքում միշտ էլ կան ռիսկեր՝ մեկ վայրից մյուս վայրը տեղափոխվելիս, ինչ-որ նոր բան ձեռնարկելիս: Շատ հաճախ մարդիկ պատճառներ են փնտրում՝ իրենք իրենց համոզելու համար, թե ինչու է անհնար ինչ-որ բան անել: Դժբախտաբար, մարդկանց մեծ մասը պարզապես չի ցանկանում ռիսկի դիմել եւ ուզում է փաստարկներ գտնել, թե ինչու որեւէ բան չի անում: Սա միայն հայաստանյան երեւույթ չէ, այլ մոտեցում է, որը բնորոշ է բոլոր ազգերին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

«Ինչպե՞ս է հնարավոր հաջողակ դառնալ: Պետք է հասկանալ քո ուժեղ եւ թույլ կողմերը, ճիշտ օգտագործել ժամանակը եւ միջոցները: Լինել հաստատակամ եւ համբերատար, քանի որ հաջողությունը մեծ ջանքեր է պահանջում: Դու պետք է որոշ զրկանքներ կրես, եթե ցանկանում ես քո երազանքը կյանքի կոչել: Բացի այդ, հարկավոր են մարդիկ, ովքեր կվստահեն ու կհետեւեն քեզ», - եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին