Իրանագետները քննարկում են Հայաստանի՝ «Հոնկոնգ» դառնալու գաղափարը - Mediamax.am

exclusive
9110 դիտում

Իրանագետները քննարկում են Հայաստանի՝ «Հոնկոնգ» դառնալու գաղափարը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը վստահ է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը նոր թափ եւ ծավալներ է ստանալու:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Վարդան Ոսկանյանն ասել է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանի՝ աշխարհի առջեւ բացվելու համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց կարեւոր է, եւ այդ դերակատարությունն արդեն նկատելի է:

 

Իրանագետի խոսքերով, Հայաստանը եւ Իրանը ավանդաբար չափազանց լավ են ճանաչում միմյանց: Նույնը չի կարելի ասել Իրանի եւ Եվրոպայի, Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների պարագայում:

 

«Հետեւաբար, Իրանի հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանը կարող է կարեւոր դերակատար լինել՝ հանդես գալով որպես դարպաս դեպի Իրան կամ Իրանը Եվրոպային եւ Ռուսաստանին միացնող կարեւոր հանգույց, օղակ: Բացի այդ, հաշվի առնելով մեր երկրի իրանագիտական ներուժը, Հայաստանը կարող է  որոշակի խորհրդատվություն տրամադրել Իրանը լավ չճանաչող այլ երկրների ներկայացուցիչներին մի շարք ոլորտների, դրանց թվում նաեւ այդ երկրի մշակութային դաշտի մասին»,- նկատել է իրանագետը՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի տեսակետն այն մասին, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ:

 

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորություններին՝ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Հայաստանը կարող է լուրջ հետաքրքրություն առաջ բերել իրանցի զբոսաշրջիկների շրջանում:

 

«Զբոսաշրջությունը կարող է կարեւոր ուղղություն դառնալ Հայաստանի համար: Հայաստանը զգալի գրավչություն ունի իրանցի զբոսաշրջիկների համար եւ նրանց թիվը կարելի է զգալիորեն մեծացնել: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ Եվրոպայից եւ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները կարող են օգտագործել հայկական ուղին՝ Իրան մուտք գործելու համար: Այս տեսանկյունից, Հայաստանը կարող է կարեւոր հարթակ դառնալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այս առումով հիմնական խոչընդոտ է մնում ավիատոմսերի բարձր գինը:

 

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Իսկանդարյանի կարծիքով, Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված գաղափարներում «իսկապես աշխատող տարբերակներ» կան:

 

«Ես կիսում եմ այդ տեսակետները, հատկապես, Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելու եւ ԵՄ-ի հետ արտոնյալ առեւտրային հարաբերություններ ունենալու առավելությունից օգտվելու գաղափարը: Այս համատեքստում, Հայաստանը կարող է Իրանի հետ պայմանավորվել, մեր երկիր փոխադրել եւ այստեղ վերջնական տեսքի բերել Իրանում արտադրված կիսաֆաբրիկատ ապրանքները: Հայաստանում այդ արտադրանքի վրա կարող է փակցվել «Պատրաստված է ՀՀ-ում» պիտակը, եւ այն հեշտությամբ կարելի է արտահանել ԵՏՄ եւ ԵՄ անդամ երկրների շուկաներ: Սա, կարծում եմ, ձեռնտու կլինի երկու երկրների համար»,- Մեդիամաքսին ասել է իրանագետը:

 

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի համար բացվող հեռանկարների մասով Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացված առաջարկների հարցում  Գոհար Իսկանդարյանը որոշ վերապահումներ ունի:

 

Նրա խոսքերով, վերջին տարիներին իրանցի զբոսաշրջիկների համար առավել գրավիչ է դարձել Վրաստանը՝ ավելի մատչելի ծառայություններով եւ գներով պայմանավորված:

 

«Հայաստանն ավելի շուտ որպես տարանցիկ երկիր է հանդես գալ իրանցի զբոսաշրջիկների համար, ովքեր Հայաստանի տարածքով մեկնում են Վրաստան»,- ասել է նա:

 

Գոհար Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանի՝ տարածաշրջանային հանգույց դառնալու համար անհրաժեշտ են թե՛ քաղաքական կամք երկու երկրների կողմից, թե ֆինանսական լուրջ միջոցներ՝ հայ-իրանական համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանը, նախեւառաջ, պետք է ունենա ավտոճանապարհային, երկաթուղային եւ օդային հաղորդակցության բարձրորակ ենթակառուցվածքներ:

 

«Իրանի հետ մենք կարող ենք համագործակցության բազմաթիվ ծրագրեր իրագործել, որոնք կաշխատեն ի հօգուտ Հայաստանի: Այս տեսակետից ես համամիտ եմ Ռուբեն Վարդանյանի կարծիքի հետ»,- ասել է իրանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին