Մեկնարկել է #Tumo4Aurora նախաձեռնությունը - Mediamax.am

7350 դիտում

Մեկնարկել է #Tumo4Aurora նախաձեռնությունը


Լուսանկարը` «Թումո»


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 14-ին մեկնարկեց Tumo4Aurora նախաձեռնությունը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շուրջ 10 000  ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշների ստեղծմանը:

 

Թումոյի ուսանողների հետ հանդիպմանը IDeA hիմնադրամի «100LIVES» եւ «Aurora Prize» մրցանակ նախաձեռնությունների գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը  պատմեց «Ավրորա» մրցանակի մասին:

 

««Ավրորա»-ն խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունն այն մարդկանց եւ կազմակերպություններին, ովքեր փրկել են մեր հայրենակիցներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեր ցանկությունն ու նպատակն է, որ յուրաքանչյուր հայ ընկալի «Ավրորա»-ն որպես մի մրցանակ, որը հենց իր անունից է տրվում այսօրվա հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց՝ վտանգելով սեփական կյանքը: Այս առումով շատ կարեւոր է, որ Թումոն իր 10 000 ուսանողների հետ միանում է նախաձեռնությանը»,-  ասաց Արման Ջիլավյանը:

 

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն իր խոսքում ընդգծեց թումոցիների մասնակցության կարեւորությունը․«Երանի ձեզ, որ կարող եք ձեր ներդրումն ունենալ այս հիանալի ու աշխարհին տեսանելի նախաձեռնության մեջ։ Մենք հպարտ ենք, որ «100LIVES»-ը մեր ուսանողներին տալիս է այս հնարավորությունը», - նշեց նա։

 

Թումոյի ուսանողները կմասնակցեն «Ավրորա» մրցանակի խորհրդանիշների`արձանիկի, կարգախոսի եւ գրաֆիկական տարրերի ստեղծման մրցույթին: Դրանց ստեղծման նպատակով Թումոյում կկազմակերպվի չորս հատուկ դասընթաց, որոնց արդյունքում կստեղծվեն մրցանակի չորս տարբերակներ, իսկ կարգախոսի եւ գունապնակի առաջարկներ հնարավորություն կունենա առաջարկել Թումոյի ցանկացած ուսանող անհատապես:  

 

Aurora Prize-ի ստեղծագործական խորհրդի կողմից հաղթող ճանաչված տարբերակը կյանքի կկոչվի եւ կընդգրկվի «Ավրորա» մրցանակի  եւ մրցանակաբաշխության վիզուալ նյութերում: Հաղթող չճանաչվելու դեպքում ընտրված տարբերակները կցուցադրվեն UWC Դիլիջան քոլեջում եւ կարող են հաշվի առնվել «Ավրորա» մրցանակի եւ մրցանակաբաշխության վիզուալ նյութերում՝ հանդիսանալով Թումոյի ստեղծագործական ներդրումը «Ավրորա» մրցանակին:

 

Ս.թ. ապրիլի 24-ին Երեւանում տեղի կունենա «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունը: 2016թ. մարտին Ընտրող հանձնաժողովը կհրապարակի մրցանակի երեք հավակնորդների անունները, իսկ ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի անդրանիկ հաղթողը կպարգեւատրվի 100.000 ԱՄՆ դոլար մրցանակով եւ բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով՝ նրան հնարավորություն կտրվի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել իրեն ոգեշնչած եւ գործողությունների մղած կազմակերպությանը։

 

Ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելն ու դերասան, Not On Our Watch բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ջորջ Քլունին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին