Քլունի. Ամալը Երեւան չեկավ, քանի որ զբաղվում է Խադիջայի ճակատագրով - Mediamax.am

20510 դիտում

Քլունի. Ամալը Երեւան չեկավ, քանի որ զբաղվում է Խադիջայի ճակատագրով


Ջորջ Քլունին
Ջորջ Քլունին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին պարզաբանել է, թե ինչու իր կինը՝ Ամալ Քլունին, իր հետ միասին Երեւան չի եկել: 

 

«Նա այսօր [ապրիլի 22-ին] այցելելու է Սպիտակ տուն, այնուհետ հանդիպելու է ՄակՔեյնի եւ այլ սենատորների հետ: Նա ներկայացնում է Խադիջա [Իսմայիլովա] անունով կնոջ շահերը, մի լրագրողի, որն Ադրբեջանում ազատազրկվել է ճշմարտությունը ասելու համար: Ամալն այնտեղ փորձելու է գտնել ուղիներ, որպեսզի այս հրաշալի, փայլուն լրագրողին հնարավոր լինի ազատ արձակել, քանի որ կինս իսկապես հավատում է, որ ճշմարտությունն ասելու համար չպետք է բանտարկվես: Ահա թե որտեղ է նա հենց հիմա»,- ասել է Ջորջ Քլունին ապրիլի 22-ին Երեւանում՝ «Ա1+» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել այսօր:

 

«Անկեղծ ասած, նա իսկապես հիասթափված է, քանի որ մենք անհամբեր սպասում էինք այս այցին: Գիտեք, նա դատական գործ էր վարում Մալդիվների կառավարության դեմ՝ փորձելով ազատ արձակել նախկին նախագահին, եւ դա նրան հաջողվեց: Դա մեծ հաջողություն էր կնոջս համար, սակայն դա նշանակում է, որ մենք այլեւս չենք կարող մեկնել Մալդիվներ: Այնպես որ, մենք սկսում ենք սպառել մեր այցելության վայրերը»,- կատակել է Ջորջ Քլունին:

 

Ջորջ Քլունին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահն է: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Երեւանում 2016թ. ապրիլի 24-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին