Ռուբեն Վարդանյան. Բարեգործության 7 շարժառիթներ կան - Mediamax.am

12890 դիտում

Ռուբեն Վարդանյան. Բարեգործության 7 շարժառիթներ կան


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` IDEA


Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը, հյուրընկալվելով «Օրֆեյ» ռադիոկայանին, խոսել է բարեգործությանը վերաբերող իր պատկերացումների մասին: Մեդիամաքսը ներկայացնում է հատվածներ այդ զրույցից:

 

Բարեգործության շարժիչ ուժերի մասին

 

Ի՞նչն է մեզ ստիպում բարի գործեր անել: Կարծում եմ, յոթ նման շարժառիթ կա:

 

Առաջինը՝ հուզական կապն է: Դու զբաղվում ես բարեգործությամբ, քանի որ կապված ես մի վայրի հետ, որը քո մեջ օգնություն տրամադրելու ցանկություն է առաջացնում: Օրինակ, իմ մայրը այս գյուղից էր, եւ ես ուզում եմ օգնել հենց այս գյուղին: Կամ, կարեւոր չէ, Հարվարդի համալսարանին լրացուցիչ գումար հարկավո՞ր է, թե ոչ, բայց ես ցանկանում եմ նրան օգնել, քանի որ Հարվարդի շրջանավարտ եմ:

 

Երկրորդ՝ ցանկանում ես իրավունք ձեռք բերել գտնվել այն մարդկանց մեջ, ովքեր նույն բանն են անում: Դա լավ շարժառիթ է, սակայն այստեղ ավելի շատ «ակումբային» մոտեցում կա:

 

Երրորդ՝ մարդը ղեկավարվում է իր բարոյա-կրոնական համոզմունքներով:

 

Չորրորդ՝ մեղքի զգացում: Գիտես, որ հարուստ ես, ու ցանկանում ես ինչ-որ բանով կիսվել: Քեզ թվում է, որ այդպիսով քավում ես սեփական մեղքերդ:

 

Հինգերորդ՝ փորձում ես պետության հետ համաձայնության գալ եւ որոշակի արտոնություններ ու հարկային առավելություններ ստանալ:

 

Վեցերորդ՝ ցանկանում ես հավերժացնել անունդ:

 

Յոթերորդ՝ ռազմավարական մոտեցում, բարեգործության ընկալումը որպես մեր կյանքի մի մասի: Ես իսկապես չեմ առանձնացնում բիզնեսն ու բարեգործությունը:

 

Հնարավոր չէ առանց հույզերի բարի գործեր անել, դա միանշանակ է: Սակայն ես ղեկավարվում եմ հենց յոթերորդ շարժառիթով:

 

Բարեգործական նախագծերի հանդեպ վստահության մասին

 

Ամենապարզ տարբերակը անմիջական բարեգործությունն է, առանց միջնորդների: Սակայն եթե խոսում ենք երկարատեւ աշխատանքի մասին, ապա, իհարկե, անհրաժեշտ են բարեգործական կառույցներ, որոնց մարդիկ կարող են վստահել: Դա գլխավոր խնդիրն է Ռուսաստանում, ԱՊՀ-ում եւ ողջ աշխարհում: Բարեգործական կազմակերպությունների հանդեպ անվստահության մակարդակը բավականին բարձր է:

 

Շատ բարդ է չափել բարեգործության արդյունավետությունը, դրա համար տասնամյակներ են հարկավոր: Զգացմունքային մղումը մեծ բան է, սակայն բարեգործությունը համակարգային աշխատանքի վերածելու համար հսկայական ջանքեր են պահանջվում: Բարեգործական ոլորտի ծավալները կաճեն մի քանի անգամ, եթե մենք կարողանանք վերականգնել եւ ստեղծել մասնագիտացված կառույցների հանդեպ վստահությունը:

 

Բարեգործությունն ու ցանկացած գործունեությունը, որ կապված է հույզերի հետ, նույնատիպ կազմակերպվածություն ու արդյունավետություն են պահանջում, ինչպես եւ բիզնեսը: Շատ կարեւոր է, որ բարեգործության ոլորտում մասնագետներ աշխատեն, ովքեր արժանապատիվ վարձատրություն կստանան:

 

Մենք ապրում ենք միջազգային հասարակության զարգացման շատ հետաքրքիր փուլում, երբ արդեն անցել ենք վայրի կապիտալիզմի շրջանը: Այսօր եկամուտ ստանալը հերիք չէ սեփական գործունեությամբ բավարարված լինելու համար: Արեւմուտքում ի հայտ է եկել social impact investment շարժումը, որի կողմնակիցները ձգտում են ոչ միայն եկամուտներ ունենալ, այլ նաեւ աշխարհը փոխել դեպի լավը: Նման մոտեցումը ռազմավարական նշանակություն ունի աշխարհի հետագա կայունության համար:

 

XXI դարի մասին

 

Ես խորապես համոզված եմ, որ XXI դարը մարդու դարն է: Տեղեկատվական հասարակությունում, որում ապրում ենք, գլխավոր ակտիվը հողը կամ բնական պաշարները չեն, այլ մարդն է: Զարգացման եւ կրթության մակարդակը, սեփական գաղափարները իրականացնելու հնարավորությունները, առողջությունը մարդու գլխավոր մրցակցային առավելություններն են: Այդ իսկ պատճառով կրթությունը այն հիմնական ուղղություններից է, որոնք գտնվում են մեր գործունեության կենտրոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին