ՀՀ-ն կդիմի Պապին Վատիկանի արխիվն ուսումնասիրելու խնդրանքով - Mediamax.am

6887 դիտում

ՀՀ-ն կդիմի Պապին Վատիկանի արխիվն ուսումնասիրելու խնդրանքով


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցի ընթացքում հայկական կողմը մտադիր է բարձրացնել Վատիկանի գաղտնի արխիվում պահվող հայ ժողովրդին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրության հարցը:

«Վատիկանի գաղտնի արխիվը համարվում է աշխարհի ամենամեծ արխիվներից մեկը, որտեղ հսկայական քանակությամբ փաստաթղթեր կան այն երկրների, ժողովուրդների մասին, որոնց հետ հարաբերվել է Վատիկանը: Հայ ժողովուրդը 3-րդ, 4-րդ դարից հարաբերվել է Վատիկանի հետ, եւ մեր ժողովրդի պատմությանը վերաբերող մեծ քանակությամբ փաստաթղթեր կան այդ արխիվում, որոնք դեռեւս չեն բացվել, չեն դրվել շրջանառության մեջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային արխիվի տնօրենը:

 

Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ այդ փաստաթղթերն առնչվում են ինչպես հայ ժողովրդի եւ Վատիկանի միջեւ փոխհարաբերություններին, հայոց պատմությանը, մշակույթին, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը:

 

«19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում Պապի ներկայացուցիչը հաշվետվություններ է ուղարկել Վատիկան՝ նկարագրելով կայսրության քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի վիճակը, նրանց հալածանքները»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային արխիվն ունի այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք Վատիկանի արխիվն արդեն իսկ բացել է հետազոտողների առջեւ: Դրանք հիմնականում գրված են ֆրանսերենով եւ լատիներենով, եւ ներկայում հայ մասնագետները զբաղված են դրանց ուսումնասիրությամբ:

 

Մինչեւ այժմ գաղտնի պահվող փաստաթղթերը, ըստ Վիրաբյանի, կարող են բացվել ուսումնասիրողների համար բացառապես Հռոմի պապի թույլտվությամբ:

 

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, Ազգային արխիվի տնօրենը կարծիք է հայտնել, որ հայ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ ներկայիս հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս, որպեսզի հայկական կողմը դիմի Պապին՝ դրանք ուսումնասիրելու խնդրանքով:

 

«Ես կապի մեջ եմ Մայր Աթոռ Էջմիածնի հետ, եւ երեկ էլ այդ հարցը քննարկել ենք: Ամենայն հավանականությամբ, մենք կփորձենք այս հարցը քննարկման առարկա դարձնել Պապի այցի ընթացքում: Կարծում եմ՝ անցած տարվա ապրիլին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ պատարագից հետո մեզ համար այս հարցը լուծելի խնդիր է»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին