ԱԱԾ-ն դիմել է «Սասնա ծռեր»-ի անդամներին - Mediamax.am

6121 դիտում

ԱԱԾ-ն դիմել է «Սասնա ծռեր»-ի անդամներին


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավված խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար:

ԱԱԾ-ում նշել են, որ առաջարկվել է զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք եւ պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է:

 

ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվել են նոր ձերբակալություններ, եւ բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց եւս մեկ խումբ:

 

«Ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով եւ յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան եւ վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը»,- ասված է հայտարարությունում:

 

ԱԱԾ-ն նախազգուշացրել է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք եւս անհատականացված են եւ ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո:

 

ԱԱԾ-ում նշել են, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա:

 

«Դրա համար թեեւ քիչ, բայց դեռ ժամանակ կա»,- հայտարարել են ԱԱԾ-ում՝ հիշեցնելով, որ կատարված հանցանքի համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակը եւ խստության աստիճանը որոշվելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթով եւ առաջացրած հետեւանքների ծանրությամբ:

 

«ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից:

 

Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաեւ բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը եւ հանձվելու երթուղին»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին