Իրենա Խարազովան՝ Էվերեստում «մազոխիզմի» եւ էյֆորիայի մասին - Mediamax.am

exclusive
11393 դիտում

Իրենա Խարազովան՝ Էվերեստում «մազոխիզմի» եւ էյֆորիայի մասին


Իրենա Խարազովան Ալպինիզմի հայկական ֆեդերացիայում
Իրենա Խարազովան Ալպինիզմի հայկական ֆեդերացիայում

Լուսանկարը` Ալպինիզմի հայկական ֆեդերացիա

Իրենա Խարազովան
Իրենա Խարազովան

Լուսանկարը` Աշոտ Լեւոնյան

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին
Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին

Լուսանկարը` Ի. Խարազովային արխիվից

Իրենա Խարազովան 8800 մետր բարձրության վրա
Իրենա Խարազովան 8800 մետր բարձրության վրա

Լուսանկարը` Ի. Խարազովային արխիվից


Մայիսին պատմել էինք Իրենա Խարազովայի մասին՝ 2016թ. մայիսի 20-ին նա դարձավ առաջին հայուհին, ով նվաճեց աշխարհի ամենաբարձր գագաթը եւ Էվերեստի գագաթին ծածանեց Հայաստանի եւ Արցախի դրոշները:

 

Այս շաբաթ Իրենան առաջին անգամ այցելել էր պատմական հայրենիք, որտեղ ծանոթանում էր տեսարժան վայրերին, հանդիպումներ անցկացնում հայ լեռնագնացների հետ եւ մեծ հաճույքով կիսվում իր անմոռանալի փորձով:

 

Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իրենան նույնպես պատմել է Էվերեստի մասին: Իրենային միանգամից հաջողվում է վարակել ներկաներին իր դրական էներգետիկայով եւ լավատեսությամբ, սակայն միանգամից նկատվում է նաեւ նրա ներքին ուժեղ առանցքը՝ հսկայական ոգու ուժը, առանց որի, թերեւս, անհնար է նույնիսկ մտածել մոլորակի ամենաբարձր գագաթը նվաճելու մասին: «Հիմա ես ծիծաղում եմ, երբ պատմում եմ բարձրանալու իմ փորձի մասին, սակայն այն ժամանակ՝ լեռան վրա, ես լալիս էի եւ ամեն վայրկյան անիծում էի ինքս ինձ: Բայց նույնիսկ հիմա, առանց մտածելու կրկին կմեկնեի Էվերեստը նվաճելու», - ժպտալով ասում է Իրենան:

 

Մեդիամաքս-ը գրի է առել նրա ելույթի առավել ուշագրավ մտքերը:

 

Լեռնագնացությամբ սկսել եմ զբաղվել 5 տարի առաջ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ  հանգստանում էի Զանզիբարում, եւ երբ ինքնաթիռով օդ բարձրացանք, օդաչուն ասաց, որ աջ նայելով, կարող ենք տեսնել լեգենդար Կիլիմանջարո լեռը, եւ ցանկացողները կարող են փորձել նվաճել այն: Ես որոշեցի փորձել եւ բավականին հեշտությամբ ինձ դա հաջողվեց: Քիչ անց ծանոթացա «7 գագաթներ» նախագծին, որի մասնակիցները փորձում են նվաճել բոլոր աշխարհամասերի յոթ ամենաբարձր լեռները: Կիլիմանջարոյից հետո բարձրացա Էլբրուս, այնուհետեւ՝ Ակոնկագուա Հարավային Ամերիկայում, որն իմ ամենաբարդ փորձառություններից էր՝ գագաթին հասա միայն երրորդ փորձից: Հետո ՄաքՔինլին՝ Ալյասկայում, Վիլսոնը՝ Անտարկտիդայում, իսկ Էվերեստը դարձավ իմ 6-րդ գագաթը…

 

Էվերեստը մոգական լեռ է, եւ պարզվեց, որ ես առաջին հայուհին եմ, ով ոտք դրեց նրա գագաթին: Իհարկե, ես շատ ուրախ եմ այդ առիթով:

 

Ամենավախենալուն սպասողական վիճակն է, քանի որ շուրջդ շատ են խոսակցությունները մահվան մասին, եւ քեզ անընդհատ վախեցնում պատմություններով, թե ով եւ ինչպես է մահացել Էվերեստի վրա: Գուցե դա էր պատճառը, որ ես ավելի շատ հարմարվեցի այն մտքին, որ չեմ վերադառնա Էվերեստից: Էվերեստ բարձրանալու որոշումը գալիս է միայն այն դեպքում, երբ դու իսկապես սկսում ես ապրել այդ լեռով, երբ կյանքն առանց նրա հետաքրքիր չի թվում, երբ Էվերեստը քեզ համար կյանքից էլ ավելի թանկ է դառնում: 

 

Էվերեստ ուղեւորվելուց առաջ ավարտին հասցրեցի բոլոր գործերս, կտակ գրեցի: Իհարկե, ընտանիքիս արձագանքը ահավոր էր: Քրոջս աղջիկը ցանկանում էր, որ կոտրեի ձեռքս կամ ոտքս եւ չկարողանան Նեպալ մեկնել: Մամաս ասում էր, որ չի վերապրի Էվերեստ իմ ուղեւորությունը, եւ հորդորում եմ ինձ իրագործել Էվերեստի հետ կապված իմ ծրագրերը միայն իր մահից հետո, սակայն տեսնելով, որ անչափ տխրում եմ, ի վերջո, տվեց իր օրհնությունը:

 

Վախենալո՞ւ էր: Այո, ողջ ընթացքում: Վախենալու էր նոյեմբերին, երբ կնքեցի Էվերեստ բարձրանալու պայմանագիրը, վախենալու էր նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակ, երբ մտածում ես՝ արդյո՞ք կհաջողվի կենդանի վերադառնալ Էվերեստից: Վախենալու էր լեռան վրա, որտեղ ամեն վայրկյան տանջվում ես ու անիծում ես քեզ: Անդադար հարցնում ես ինքդ քեզ՝ հանուն ինչի՞ ես այս ամենն անում: Մեր խմբից ոչ մեկը լեռան վրա այդպես էլ չգտավ այդ հարցի պատասխանը: Երեւի դու պարզապես մազոխիստ ես, եթե Էվերեստում ես, եւ սուպերմազոխիստ, եթե դու լեռը նվաճելուց հետո, կրկին ցանկանում ես Էվերեստ բարձրանալ: Այդ լեռը անհավատալի ձգողական ուժ ունի:  

Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին Իրենա Խարազովան Էվերեստի գագաթին

Լուսանկարը` Ի. Խարազովային արխիվից

Հայտնի է, որ Էվերեստում կան դիակներ: Դրանցից մի քանիսը նույնիսկ որպես ուղեցույց են ծառայում, օրինակ՝ հայտնի «կանաչ կոշիկները»: Ես տեսել եմ մի քանի դիակ: Մեր խմբի ղեկավարից եւ շերպայից խոստում վերցրեցի, որ եթե զոհվեմ լեռան վրա, ապա ինձ չեն թողնի այնտեղ եւ կիջեցնեն ներքեւ: Ծայրահեղ դեպքում, եթե դա հնարավոր չլինի, խնդրեցի գոնե թափել մազերս, հանել թթվածնի դիմակը եւ տեղավորել արքայական կերպով: Եթե պառկել, ապա գոնե գեղեցիկ դիրքով (ծիծաղում է):

 

Դեպի գագաթ գնալուց ահավոր ջուր էի ուզում խմել: Բայց հասկանում էի, որ խմելու համար պետք է կանգնել, արձակել ուղեպարկը, հանել թթվածինի դիմակը: Այդ ամենը ուժ է տանում, եւ ի վերջո, գալիս ես այն եզրահանգման, որ ավելի լավ է մահանալ ծարավից, քան թթվածինի պակասից:

Իրենա Խարազովան 8800 մետր բարձրության վրա Իրենա Խարազովան 8800 մետր բարձրության վրա

Լուսանկարը` Ի. Խարազովային արխիվից

Ինչի՞ մասին ես մտածում գագաթ բարձրանալու ժամանակ: Այն մասին, որ ուժերդ քեզ չդավաճանեն, որ չորոշես ետ դառնալ, հոգեբանորեն «չկոտրվես», քանի որ գիտես, որ եթե այդպես վարվես, հետո դա քեզ ներսից կքայքայի:

 

Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ էի զգում Էվերեստի գագաթին: Երեւի թե ոչինչ, քանի որ գագաթը հաջողության միայն 30 տոկոսն է եւ դու պետք է ներքեւ իջնես: Գագաթում մնացել ենք ընդամենը 20 րոպե, ծածանել ենք դրոշները, նկարվել եւ սկսել ենք վերադարձի ճանապարհը: Մեզ հստակ ասացին, որ պարտավոր ենք հասնել 6400մ բարձրության վրա գտնվող ճամբարը:

 

Էյֆորիան գալիս է հետո, երբ հասնում ես 6400 մետրին: Ընկալում ես, որ քեզ հաջողվել է նվաճել Էվերեստը, դու եղել ես աշխարհի ամենաբարձր կետում եւ այսուհետ քեզ համար «անհնարին» բառը այլեւս գոյություն չունի: Զգում ես լեռնագնացի «կայֆը»: Դա աննկարագրելի էյֆորիա է, որը կարելի է համեմատել թմրանյութի հետ:

 

***

Իրենա Խարազովան Իրենա Խարազովան

Լուսանկարը` Աշոտ Լեւոնյան

Լեռնագնաց եւ լրագրող, Մեդիամաքսի մեծ բարեկամ Աշոտ Լեւոնյանը մեզ տեղեկացրեց, որ օգոստոսի 17-ին կայացել է Հայաստանի լեռնագնացության ֆեդերացիայի անդամների հանդիպումը Իրենա Խարազովայի հետ: Հանդիպման ավարտին նա ֆեդերացիային է նվիրել Էվերեստի գագաթում 20 րոպե անցկացրած Հայաստանի դրոշը՝ վրան գրելով «Սիրելի հայերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին