Հալեպի հայ համայնքի ակտիվը խրախուսում է Հայաստան գալը - Mediamax.am

6826 դիտում

Հալեպի հայ համայնքի ակտիվը խրախուսում է Հայաստան գալը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Տեղահանվածների եւ փախստականների աջակցության» ՀԿ նախագահ Նաիրա Մինասյան-Եդիգարյանը 10 օր եղել է Սիրիայում, ուսումնասիրել Լաթաքիայի եւ Քեսաբի հայության խնդիրները:

«Քեսաբում ու Լաթաքիայում շատ հալեպահայեր տեսա, որոնք ընտրել էին երկրի ներսում մնալու այլընտրանքային տարբերակը, եւ փոքր հնարավորության դեպքում ցանկանում էին վերադառնալ իրենց տուն: Հալեպահայերը չափազանց լավատես են, եւ դա է պատճառը, որ այս վեց տարիներին կարողանում են մնալ, պայքարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նաիրա Մինասյան-Եդիգարյանը:

 

Նրա խոսքով՝ Լիբանանում մարդիկ Հայաստանից հինգ անգամ թանկ բնակվարձ են վճարում, ունեն կրթության, բնակության իրավունքի, աշխատանքի խնդիրներ, սակայն Հայաստան չեն ցանկանում գալ, քանի որ ունեն փողոցում մնալու մտավախություն, որը, ըստ ՀԿ նախագահի, տեղեկատվության աղավաղման հետեւանք է:

 

«Հայաստանում սիրիահայերի վերաբնակեցման հարցում կա պետական մոտեցում, կան միջազգային եւ հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով կարգավորվում են բնակվելու, առողջապահական եւ կրթական հարցերը: Հայաստանում կա ծրագիր` վեցամսյա բնակվարձ է տրամադրվում պետության կողմից»,- ասել է Նաիրա Մինասյան-Եդիգարյանը:

 

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ հիմնական խնդիրը, որի պատճառով հալեպահայերը չեն ցանկանում գալ Հայաստան, նույնն է նաեւ տեղի հայերի համար.

 

«Աշխատանքի դիմաց բավարար վարձատրություն չկա: Հալեպի հայությունը սովոր է միջինից բարձր կենցաղավարման»:

 

Մեդիամաքսը Նաիրա Մինասյան-Եդիագարանից հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունեն Հալեպի քաղաքական եւ հոգեւորական կառույցները հալեպահայերի Հայաստան տեղափոխվելու շուրջ:

 

«Առաքելական եկեղեցին եւ պետական կառույցները խրախուսում են հալեպահայերի Հայաստան տեղափոխվելը: Այնտեղի հայ համայնքի ակտիվը ցանկանում է, որ նրանք գան Հայաստան` քաջ գիտակցելով, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանից Սիրիա վերադառնալն ավելի հավանական է, քան այլ երկրներից: Սիրիական կառավարության վերաբերմունքը միանշանակ չէ, բայց ժողովուրդն ընտրելու հարցում ազատ է»,- ասել է նա:

 

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, անդրադառնալով տարհանմանը, ասել է, որ պետք է հստակ հասկանալ, որ խոսքը միայն այն մարդկանց մասին է, որոնք կամավոր ցանկանում են գալ Հայաստան:

 

«Որեւէ մեկը նրանց չի պարտադրում, բայց մենք պետք է տանք այդ հնարավորությունը: Իհարկե, մեր երկիրը, ցավոք, այն վիճակում չէ, որ կարողանա բարեկեցիկ կյանք ապահովել, այդուհանդերձ, այսօր շատերի մոտ կյանքի ու մահվան խնդիր է»,- ասել  է նա:

 

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ նպատակ է դրված մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտը կամ դրանից երկու ամիս անց մաքրել Հալեպը զինյալներից:

 

«Որքան արեւելյան հատվածի վրա ռազմական գործողությունները սաստկանան, այնքան ավելանալու են զինյալների հրթիռակոծությունները արեւմտյան հատվածի վրա, որտեղ հայկական թաղամասերն են: Հետեւաբար, այն զգալի զանգվածը, որը ցանկանում է տեղափոխվել Հայաստան, պետք է ունենա այդ հնարավորությունը»,- ասել է քաղաքագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին