Հալեպի «Նոր գյուղ» թաղամասը կիսով չափ ավերված է - Mediamax.am

2512 դիտում

Հալեպի «Նոր գյուղ» թաղամասը կիսով չափ ավերված է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հալեպի հայկական «Նոր գյուղ» թաղամասը կիսով չափ ավերված է:

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Հալեպում բնակվող հայուհի, ով որոշ ժամանակ Հայաստանում ապրելուց հետո օրերս է վերադարձել Սիրիա: 

 

«Ավերվածությունները շրջակայքում են, իսկ մենք քաղաքի կենտրոնում ենք, սակայն հրթիռների թիրախ դառնալու բոլորս ենք ենթակա»,- ասել է հալեպահայուհին, ով անձնական պատճառներով խնդրել է իր անունը չհրապարակել:

 

Կինը փոխանցել է, որ հայերը բժշկական օգնություն ստանում են հայկական շտապ օգնությունից, որը հաճախ նաեւ արաբներին է խնամք ցուցաբերում:

 

«Ջրի խնդիրը միշտ կա: Վերջերս ջրամատակարարումը միացրել են, բայց պարբերաբար անջատումներ են լինում: Սնունդ կա, իհարկե, շատ թանկ է»,- ասել է նա:

 

Ինչ վերաբերում է Սիրիայից հեռանալուն եւ Հայաստանում վերաբնակվելուն, կինն ասել է, որ հալեպահայերի շրջանում միանշանակ վերաբերմունք այս հարցի շուրջ չկա:

 

Հալեպի իրավիճակի մասին Մեդիամաքսը տեղեկացել է նաեւ հալեպահայ հրապարակախոս Մանվել Քեշիշյանից:

 

Նա ասել է, որ համայնքում կան մոտ հազար 70-ից բարձր տարիքի մարդիկ, որոնցից շատերի զավակները գաղթել են տարբեր երկրներ: Դպրոցական աշակերտների թիվը մոտ երկու հազար է կազմում է, ուսանողներինը՝ մոտ 400, որոնց մեծ մասն աղջիկներ են:

 

«Այսօր Հալեպում հաստատապես մնալ ուզողների մեծ մասը ղեկավար տարրերն են եւ որոշ մտավորականներ, մյուսները չգիտեն՝ ի՞նչ անեն՞: Բնակչության կեսից ավելին սպասում է տագնապի ավարտին, որպեսզի կարողանա իր տունն ու խանութը ծախել եւ ապա հեռանալ, մյուսները ուզում են գնալ, սակայն ունեն նյութական դժվարություններ: Շատերը սպասում են Կանադայի դռների վերաբացվելուն, Ավստրալիա դիմողներն էլ շատ են, Հայաստանին մոտենում են թերահավատորեն: «Հայաստանը մեր հայրենիքն է բայց ի՞նչ անենք այնտեղ» ,- ասում են: Բայց վերջին երկու շաբաթվա դժբախտ դեպքերը, մի շաբաթում ութ հայ զոհեր արձանագրելը, այլ երկրներ գնալու դժվարությունները մարդկանց հայացքը ուղղում են դեպի Հայաստան: Այսօր Հալեպում 2-3 հազար Հայաստանում հաստատվել ցանկացողներ կան, շտապ մեկնել ցանկացողների թիվը 5-6 հարյուրը չի անցնի: Բոլորի հոգսը բնակարանի հարցն է՝ եթե ապրելու տեղ ունենան, մարդիկ կկապվեն Հայաստանին եւ կդառնան երկրին անչափ պիտանի մարդիկ, իսկ եթե լավ աշխատանք ունենան, ապա մեծապես կօգնեն երկրին: Հալեպահայերը աշխատասեր մարդիկ են, ուշիմ, խելացի, վստահելի», - ասել է Մանվել Քեշիշյանը:

 

Հոկտեմբերի 15-ին սիրիահայերին օգնելու նպատակով դրամահավաք նախաձեռնելու մասին հայտարարություն էր տարածել IDeA հիմնադրամը, որը հայտարարել էր, որ այս փուլում սիրիահայերին աջակցելու համար $ 250 000 կհատկացնի:

 

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանն էլ Մեդիամաքսի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Հայաստանի կառավարությունը պետք է Սիրիայում ապրող հայերին օգնելու Հստակ ծրագիր մշակի՝ միջազգային կազմակերպություններին ներկայացնելու համար:

 

Նախորդ շաբաթ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն հայտարարել էր, որ «չկա որեւէ մեկը, որ դիմի Սիրիայից Հայաստան տեղափոխվելու հարցով եւ չստանա համապատասխան օգնություն»:

 

«Ներկայում Սիրիայում մոտ 20 հազ. հայ կա, որից 8-10 հազարը Հալեպում են ապրում: Երբ զգանք, որ մարդիկ ցանկանում են գալ, ապա հնարավոր եւ անհնար բոլոր միջոցները կկիրառենք, որ նրանց անվտանգ վայրեր տեղափոխենք»,- ասել էր նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին