1400 դիտում

«Ավրորա»-ի հիմնադիրները նամակով դիմել են Բան Կի-Մունին


Բան Կի-Մունը
Բան Կի-Մունը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել Բան Կի-Մունին:

Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի հիմնադրամը եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիան կազմակերպել են ընդունելություն՝ մեծարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, որի պաշտոնավարումն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին:

««Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը` աշխարհի առավել կարիքավոր մարդկանց մասին իրազեկման բարձրացման եւ աջակցության գործում Ձեր հաստատակամ նվիրվածության համար:

Մենք գնահատում ենք Ձեր՝ մարդկության ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու գործողությունները համախմբելու եւ խթանելու ջանքերը:

Անպաշտպաններին աջակցելու Ձեր գործունեության շնորհիվ Դուք կյանքի եք կոչում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգին, որը փառաբանում է այն մարդկանց, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքն այլոց փրկելու համար: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, հավատարիմ մնալով ՄԱԿ-ն առաջընթացի բարձրակետ դարձնելու Ձեր նպատակին, հասել եք նշանակալի արդյունքների՝ հատկապես կանանց, երեխաներին եւ կարիքավորներին աջակցելու ուղղությամբ:

Մասնավորապես, մենք երախտագիտություն ենք հայտնում անցյալի դասերն ապագայում գիտակցված որոշումների եւ գործողությունների վերածելու Ձեր նվիրվածության համար: «Ավրորա» ամենամյա մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ուստի, մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ ոճիրի կանխարգելման միջազգային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձեւը վավերացնելու համար: Մենք շնորհակալ ենք, որ բանաձեւը ճանաչում է, որ ցեղասպանության կանխարգելումը շարունակում է մնալ հատուկ պարտավորություն ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակում: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ դեկտեմբերի 9-ն ամեն տարի միջազգային հանրության համար ունի հատուկ կարեւորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության հռչակագրի մասին իրազեկվածությունը, դրա դերը ցեղասպանության ոճիրի դեմ պայքարի եւ կանխարգելման, ինչպես նաեւ այսօր եւ պատմության ընթացքում զանգվածային բռնությունների զոհերի հիշատակի համար:

Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարումն ավարտվում է, միանալով աշխարհում բազում մարդկանց, մենք շնորհակալություն ենք հայտնում հանրությանը ծառայելու Ձեր նվիրվածության համար: Հուսով ենք, որ մենք էլ կունենանք դեր Ձեր ժառանգությունը շարունակելու գործում»,- ասված է նամակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am