Մասիսում մեկնարկել է «Ջերմ Սուրբ ծնունդ» ակցիան - Mediamax.am

5226 դիտում

Մասիսում մեկնարկել է «Ջերմ Սուրբ ծնունդ» ակցիան


Լուսանկարը` Մասիսի զարգացման հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Մասիս քաղաքում դեկտեմբերի 25-ին մեկնարկել է «Ջերմ Սուրբ ծնունդ» բարեգործական ակցիան, որն ուղղված է երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:

Կազմակերպիչներն են Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպությունը եւ Մասիսի զարգացման հիմնադրամը:

 

Բարեգործական ակցիան անցկացվում է դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 7-ը: Ամանորյա նվերներ կստանան Մասիսում բնակվող ընտանիքներ, ովքեր փոքրիկի են սպասում, ունեն նորածին եւ մինչեւ 16 տարեկան երեխաներ, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներն ու մանկապարտեզները:

 

Նվերը ընտրվում է՝ հաշվի առնելով ընտանիքի անհատական կարիքները: Նվերների թվում են մանկական հագուստն ու կոշիկները, նորածին երեխայի խնամքի պարագաները, զանազան մանկական պարագաները, խաղալիքները եւ զարգացնող խաղերը:

 

Յուրաքանչյուր ընտանիք առանձին ուշադրության կարժանանա: Օրինակ` Ամանորի օրերին երեխայի ծնունդն ակնկալող ընտանիքներին Մասիսի զարգացման հիմնադրամի կամավորները նվեր կհանձնեն ծննդատնից դուրս գրվելու պահին, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքները նվերները ստացել են դեկտեմբերի 25-ին՝ տոնական համերգի ժամանակ:

 

Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանն ասել է. «Բարեգործությունը պետք է ուղղված լինի երեխաներին՝ նրանց կրթության ու դաստիարակության վրա: Մեր խնդիրն է Հայաստանում աճեցնել մի նոր սերունդ, որին կկարողանանք փոխանցել երկրի ժառանգությունը: Միայն մեզանից է կախված, թե ինչպիսին կդառնան մեր երեխաները: Օգնելով այսօր երեխաներ մեծացնող ընտանիքներին, մենք ներդրում ենք կատարում Մասիսի եւ Հայաստանի զարգացման մեջ»:

 

Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը նշել է. «Անցած տարի մենք սկսել ենք Մասիսի բնակիչների հետ միասին քաղաքում ամանորյա եւ Սուրբ Ծննդյան միջոցառումներ անցկացնել, իսկ այս տարի շարունակում ենք այդ հիանալի ավանդույթը: Կարեւոր է, որպեսզի մարդիկ միավորվեն ընդհանուր բարի գործի շուրջ»:

 

«Ջերմ Սուրբ Ծնունդ» ակցիան Adibekyan Family Foundation for Advancement-ի եւ Մասիսի զարգացման հիմնադրամի՝ Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոներին նվիրված ընդհանուր ծրագրի մաս է կազմում:

 

Ամանորյա միջոցառումներին հրավիրված են նաեւ Դիլիջանի ու Էջմիածնի երիտասարդական ակումբների եւ համայնքային կենտրոնների ներկայացուցիչներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին