Հայ գիտնականները կարող են լուծել պաշտպանական բարդ խնդիրներ - Mediamax.am

5815 դիտում

Հայ գիտնականները կարող են լուծել պաշտպանական բարդ խնդիրներ


Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել  Հարությունյանը
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը 2016թ.-ը գիտության համար բովանդակային իմաստով ծանր եւ պատասխանատու տարի է որակել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով անցած տարվա աշխատանքները, Սամվել Հարությունյանն ասել է, որ պետական բյուջեից գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալը կազմել է 14,2 մլրդ. դրամ, որից 12,6 մլրդ դրամը` բազային ֆինանսավորման, շուրջ 1,4 մլրդ. դրամը թեմատիկ ծրագրերի վրա է ծախսվել: Նրա խոսքով կարեւոր տեղ է հատկացված պետական նպատակային ծրագրերին (հիմնականում տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող), որոնց ուղղվել է 1,8 մլրդ դրամ:

 

Սամվել Հարությունյանը նկատել է, որ գիտությունն այն եզակի ոլորտն է, որի ֆինանսավորումը պետական բյուջեի ավելացմանը զուգահեռ պարտադիր աճում է (այս տարի աճը կազմել է 0,8%):

 

«Հայտարարվել եւ կազմակերպվել են ներպետական 5 եւ միջազգային 6 մրցույթ, որոնց արդյունքում գիտնականները կստանան հավելավճարներ: Մեր որդեգրած քաղաքականության համաձայն` առաջիկա տարիներին աշխատելու ենք ավելացնել գումարները կիրառական արդյունքների ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների համար: Մեզ հաջողվել է ֆինանսավորել 4 ծրագիր, որոնք առաջիկա 2 տարիներին պաշտպանական խնդիրների լուծմանն ուղված հատուկ գիտահետազոտական աշխատանքներ կիրականացնեն»,- ասել է նա:

 

Գիտություն եւ պաշտպանական խնդիրներ

 

Սամվել Հարությունյանն ասել է, որ պաշտպանական ոլորտում ֆինանսավորվող ծրագրերը միտված են ինչպես զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը, այնպես էլ ինժեներատեխնիկական, ռազմատեխնիկական խնդիրների լուծմանը:

 

«Հայ գիտնականն այս ոլորտում կարող է լուծել ցանկացած խնդիր, եթե լինեն ճիշտ ուղղորդված պատվերներ: Դա բազմիցս ապացուցվել է եւ արդեն ունենք բավական լուրջ հաջողություններ»,- ասել է նա:

 

Գիտություն եւ տնտեսություն

 

Գիտությունը եւ տնտեսությունը, ինչպես նկատել է կոմիտեի նախագահը, իրար դեմ հանդիման շարժվող հասկացություններ են. համապատասխան պատվերի դեպքում կլինեն համապատասխան լուծումներ:

 

«Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ենթակա են առեւտրայնացման: Պետությունը պետք է ունենա համապատասխան պատվերներ: Նոր կառավարությունը, ի դեմս նոր վարչապետի, վճռական է տրամադրված այս ուղղությամբ: Հույս ունեմ, որ առաջիկայում մեր մշակումների մի մասը, որ այսօր ուղղակի պահեստավորված են, հետագայում կունենան լուրջ կիրառություններ: Այնպես, որ ՀՀ գիտական ներուժն ի զորու է լուծել բազմաթիվ խնդիրներ, ցավոք, պետպատվեր հստակ չի ձեւակերպվում»,- ասել է նա:

 

Սամվել Հարությունյանը կարեւորել է Ռուսաստանի հետ արված` փոքր ու միջին բիզնեսի գիտական ծրագրերի աջակցության մրցույթը: Նա նշել է, որ այս ծրագրերը հետագայում անմիջապես ներդրվելու են տնտեսության մեջ: Ծրագրի ավարտն ամփոփվում է նոր ձեռնարկությունների ստեղծմամբ:

 

Գիտություն եւ կիրառություն

 

Սամվել Հարությունյանի դիտարկմամբ` նոր Կառավարության ծրագրով, 2017թ.-ին գիտության ոլորտում իրականացվելիք մի քանի կարեւոր կետեր կան, որոնք վերաբերում են կիրառական արդյունքների ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունների ավելի ինտենսիվացմանը:

 

«Մեր բյուջեի զգալի մասը հիմնարար ուսումնասիրությունների վրա է ծախսվում: Առանց հիմնարար գիտության կիրառական լուրջ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ: Ապագայում կիրառական գիտության մասնաբաժինը կուժեղացնենք` չմոռանալով հիմնարարը: Կիրառական բլոկը պետք է գումար աշխատի եւ ֆինանսավորի հիմնարարին, ինչպես ընդունված է զարգացած երկրներում»,- ասել է նա:

 

Գիտություն եւ հասարակություն

 

Հայաստանում մոտ 400 ակտիվ աշխատող գիտնական կա, որոնք միջազգային բարձր վարկանիշ ունեն: Գիտության ոլորտի 6700 կադրերից մոտ 4500-ն են գիտաշխատող:

 

Գիտնականի աշխատանքը, Սամվել Հարությունյանի կարծիքով, վերջին տարիներին հասարակության կողմից ավելի լավ է ընկալվում.

 

«Մրցույթներն ահագին աշխուժացրել են մեր հասարակության այն մասին, որը հետաքրքրված է գիտությամբ: Միջազգային համագործակցությունը նույնպես բավական լավ ազդեցություն է թողել: Բայց ես կարծում եմ, որ այսքանը բավարար չէ, որ հասարակությունը գիտությունն ընկալի այնպիսին, ինչպիսին պետք է, որ ընկալի: Ժամանակ եւ աշխատանք է պահանջվում, որպեսզի հասարակություն-գիտություն մերձեցումը դառնա ավելի շոշափելի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին