Ջոն Ստենմայերը կամրջում է հայերի եւ թուրքերի պատմությունները - Mediamax.am

exclusive
10911 դիտում

Ջոն Ստենմայերը կամրջում է հայերի եւ թուրքերի պատմությունները


Լուսանկարը` Ջոն Ստենմայեր

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս


2016-ի մարտին Մեդիամաքսը պատմել էր ամերիկացի ֆոտոլրագրող Ջոն Ստենմայերի եւ Երեւանում նրա անցկացրած վարպետության դասի մասին: Այս տարի National Geographic-ի ֆոտոլրագրող, մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացած Ջոն Ստենմայերը կրկին եկել է Երեւան եւ Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է «Կամրջելով պատմություններ» (Bridging stories) ծրագրի մասին:

 

Նա պատմել է, որ մոտ վեց ամիս առաջ իր հայ եւ թուրք գործընկերների հետ միասին նախաձեռնել է այդ ծրագիրը, որի նպատակն է հույս եւ խաղաղություն սերմանել երկու ժողովուրդների միջեւ:

 

«Կամրջելով պատմություններ» ծրագրի շրջանակում 12-ական երիտասարդ լուսանկարիչներ Հայաստանից եւ Թուրքիայից ներկայացնում են երկու երկրների նմանությունները արտացոլող ֆոտոպատմություններ:

 

Ներկայացված պատմություններում միտումնավոր չի նշում, թե որ երկրում է լուսանկարը արված՝ նպատակ հետապնդելով ցույց տալ երկու երկրի նմանությունների աստիճանը:

 

Ջոն Ստենմայերը նշել է,  որ երկու նմանություններն այնքան շատ են, որ երբեմն իսկապես շատ դժվար է լինում ճիշտ գուշակել, թե որ երկրում է այն արված:

 

«Սա ծրագրի է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի համար, այլ նաեւ՝ մեզ բոլորիս: Մենք փորձում ենք միահյուսելով տարբեր պատմություններ՝ վերացնել աշխարհում եղած անտարբերությունը», - ասել է նա:

Ջոն Ստենմայերը Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը նկատել է, որ հայ ժողովուրդը չի կարողանում թոթափել 100 տարի առաջ կատարվածի հետքերը եւ «շատերի սրտերում խորը ցավ կա»:

 

«Սակայն երիտասարդդ սերունդը՝ այդ ցավը ընդունելով հանդերձ, ցանկանում է առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ծրագրում ընդգրկվել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք ձերբազատված են իրենց նախնիների տառապանքի բեռից»,-ասել է ֆոտոլրագրողը:

 

Ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին կարելի է հետեւել Instragram-ում Bridging.stories էջի միջոցով

 

Հունվարի 24-ին նախատեսված է ծրագրում ներառված լավագույն աշխատանքների ցուցահանդես, որի մասին առաջիկայում համապատասխան հայտարարություն կտարածվի:

 

Ծրագրի ստեղծման գաղափարը

 

Հետահայաց նետելով ծրագրի ստեղծման գաղափարի ծագմանը՝ Ջոն Ստենմայերը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է, երբ երկու տարի առաջ National Geographic-ի համար սկսել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը:

 

«Երբ 2015 թվականին առաջին անգամ եկա Հայաստան, փորձում էի հասկանալ, թե ինչ է ցեղասպանությունը նշանակում այսօր, ինչ է այն նշանակել 100 տարի առաջ, եւ այս հարցում առաջընթաց գրանցելու համար ինչ է պետք»,- ասել է նա:

 

Ջոն Ստենմայերի խոսքով՝ այսօր, առավել քան երբեւէ, Հայաստանն ու Թուրքիան պետք է լիարժեք ըմբռնեն, որ առաջ շարժվելու համար կան հստակ նախադրյալներ, եւ պետք է դրանք գտնել՝ կամրջելով պատմությունները եւ գտնելով հավասարակշռություն:

 

Ամերիկացի ֆոտոլրագրողը կարծում է, որ «երբ բոլորս խոսում ենք Ցեղասպանության մասին, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ ճանաչում ենք դրա եղելությունը»:

 

«Հայերը ցանկանում են, որ Թուրքիայի կառավարությունը ընդունի ցեղասպանությունը, բայց դրա համար ժամանակ է հարկավոր»,- նկատել է Ստենմայերը:

 

Նա կարծում է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է ավելի ակտիվ շփվեն եւ երկխոսություն ձեւավորեն, ինչը ժամանակի ընթացքում կհանգեցնի երբեմնի լավ հարաբերությունների վերականգնման:

 

Հայաստանում արված լավագույն լուսանկարի պատմությունը

 

Թուրքիայի հետ սահմանակից Բագարան գյուղում Ջոն Ստենմայերի արված  լուսանկարն ընդգրկվել է 2016 թվականի National Geographic-ի լավագույն լուսանկարների շարքում:

 

Լուսանկարում գյուղի բնակիչները սահմանին տեղադրված հսկայական լուսավորված խաչի ներքո սեղանի շուրջ երգում են մշակութային վերածննդի ու հիշատակի երգեր:

Լուսանկարը` Ջոն Ստենմայեր

Ջոն Ստենմայերը լուսանկարը ներկայացրել է հետեւյալ մեկնաբանությամբ՝  «Մեկ դար անց. Արյունահեղությունը դեռևս հետապնդում է Հայաստանին ու Թուրքիային»:

 

«Դա շատ ողբերգական, միեւնույն ժամանակ գեղեցիկ պատմություն է, որը ներկայացել եմ այդ նկարի միջոցով», - Մեդիամաքսի հետ զրույցում ասել է նա:

 

«Հետաքրքական է, որ նույն անվանմամբ գյուղ կա նաեւ Թուրքիայում: Այս երկու նույնանուն գյուղերի բնակիչները տոհմական կապեր ունեն եւ որպես իրենց անցյալի եւ հավատի առհավատչյա, որոշել են խաչ կանգնեցնել սահմանին»,- պատմել է Ջոն Ստենմայերը:

 

Լեռնային Ղարաբաղ հավանական այցի մասին

 

«Աշխատանքս այնպիսին է, որ շատ վայրեր եմ այցելում: Լինելով աշխարհի տարբեր անկյուններում՝ առնչվել եմ սոցիալական խնդիրների, բարդ իրավիճակների հետ»,-ասել է նա:

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղ իր հնարավոր այցի մասին, Ստենմայերը ասել է.

 

«Հնարավոր է մի օր կգնամ այնտեղ: Ես գնում են այնտեղ, որտեղ ինձ ողջունում են»:

 

Նա նշել է նաեւ, որ մեծ հաճույքով կայցելեր նաեւ Ադրբեջան: Ջոն Ստենմայերը գտնում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւս պետք է դիտարկել՝ երկու երկրների միջեւ նմանություններ եւ հավասարակշռություն գտնելու տեսանկյունից եւ «այս խնդրին եւս կարելի է անդրադառնալ նմանատիպ ծրագրի միջոցով»:

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին