Սիրիահայերը փոխանակվեցին Հայաստանում ինտեգրվելու փորձով - Mediamax.am

6961 դիտում

Սիրիահայերը փոխանակվեցին Հայաստանում ինտեգրվելու փորձով


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում այսօր Երեւանում կայացել է Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանն ու նրանց կարիքների գնահատմանը նվիրված հանդիպում:

IDeA հիմնադրամի, «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության համատեղ ջանքերով եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 սիրիահայեր, որոնցից 16-ը Հայաստան են տեղափոխվել IDeA հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում: 

 

Հանդիպմանը հրավիրված էին նաեւ վերջին տարիների ընթացքում Հայաստան մշտական բնակության տեղափոխված սիրիահայերը, ովքեր նոր ժամանած սիրիահայերին պատմեցին հայրենիքում հաստատվելու, աշխատելու, գործարարությամբ զբաղվելու իրենց հաջողության պատմությունները:

 

«Սիրիահայերի համար շատ կարեւոր է հաղթահարել ինտեգրման հետ կապված հոգեբանական դժվարությունները: Այդ պատճառով մենք որոշեցինք փորձի փոխանակում կազմակերպել Հայաստան վերջերս տեղափոխված եւ ավելի վաղ հայրենադարձված սիրիահայերի միջեւ», - ասել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը։

 

Սիրիահայերին աշխատանքով ապահովելու նպատակով հանդիպմանը հրավիրած էին նաեւ հայաստանյան մի շարք ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ներկայացրին առկա թափուր աշխատատեղերը:   

 

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանի խոսքով, IDeA հիմնադրամի ուշադրության կենտրոնում են գտնվում ոչ միայն Հալեպում բնակվող, այլեւ Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները:

 

«Մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կազմակերպված այս հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում քննարկել սիրիահայերի ինտեգրմանն առնչվող խնդիրները, ճիշտ գնահատել նրանց կարիքները եւ ուղիներ գտնել՝ նրանց աշխատանքով ապահովելու համար: Մենք նախատեսում ենք նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական»,- ասել է «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին