Ռիչարդ Միլսին անհանգստացրել են որոշ ակնարկներ - Mediamax.am

5894 դիտում

Ռիչարդ Միլսին անհանգստացրել են որոշ ակնարկներ


Ռիչարդ Միլսը
Ռիչարդ Միլսը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ «մենք լսում ենք լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ»:

«Ազատ եւ արդարացի ընտրությունների կայացման համար կառավարությունը պետք է ձեւավորի այնպիսի մթնոլորտ, որտեղ լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունն ազատ են, անկախ ու առանց սահմանափակումների: Վերջերս մենք լսում ենք լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծես թե, միտված են ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակմանը եւ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական դիրքորոշումները մեղմելուն: Եթե դա այդպես է, ապա շատ մեծ անհանգստության տեղիք է այն տալիս եւ կարող է առավել խաթարել մամուլի ազատության մասով Հայաստանի ցուցանիշը, որը գնահատվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք լսել ենք կառավարության խոստումն ազատ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության խոստումը գործընթացում կառուցողական դեր խաղալու վերաբերյալ, եւ սա այն է, ինչին մենք համակ ուշադրությամբ կհետեւենք առաջիկա մի քանի ամիսներին»,- ասել է Ռիչարդ Միլսը՝ փետրվարի 1-ին հանդես գալով Հայ-ամերիկյան առեւտրային պալատի ներկայացուցիչների առջեւ:

 

Դեսպանը անդրադարձել է նաեւ 2016թ. հուլիսին ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:

 

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել եւ կարեւոր է, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել եւ պետք է արվեր»,-ասել է ամերիկացի դիվանագետը:

 

Նրա խոսքով մտահոգիչ է նաեւ մեկ այլ խնդիր, որն «առավել շեշտադրվել է Էրեբունու դեպքերի համատեքստում։

 

«Դա նախնական կալանքի օգտագործումն է կառավարության կողմից»,-ասել է նա:

 

«Նախնական կալանքը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց։ Այն երբեք չպետք է գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք, իսկ երբ դատարանը սահմանում է նախնական կալանք, պետք է լիովին թափանցիկ ու իրավականորեն հիմնավորված պատճառներ լինեն»,-ասել է ԱՄՆ դեսպանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին