Բացահայտել կոռուպցիան՝ անանուն մնալով - Mediamax.am

exclusive
5432 դիտում

Բացահայտել կոռուպցիան՝ անանուն մնալով


Լուսանկարը` Tax Credits


Հայաստանի քաղաքացիները շուտով հնարավորություն կունենան կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտնել հատուկ էլեկտրոնային հարթակումˋ գաղտնի պահելով իրենց ով լինելը:

 

Կոռուպցիոն հանցագործությունների ազդարարների գաղտնիությունը երաշխավորող հարթակի վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ, ով պատմել է պետության հետ համագործակցության արդյունքում ծնված գաղափարի մասին:

 

Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

 

Կարեն Զադոյանի փոխանցմամբˋ ապրիլյան պատերազմից հետո նախկին վարչապետի եւ արդարադատության նախարարի մասնակցությամբ կազմակերպված փակ քննարկումներից մեկին հրավիրվել էին նաեւ ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:

 

«Որպես Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչˋ ներկայացրեցի մեր տեսակետներըˋ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ: Քննարկումից մոտ մեկ շաբաթ անց զանգահարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու ասաց, որ մեր առաջարկն իրենց հետաքրքրել է եւ հրավիրեց մանրամասն քննարկման», - պատմում է Կարեն Զադոյանը:

 

Նա նշում է, որ կառավարությանը ներկայացրել են վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»ˋ շեշտելով  որոշ հիմնարար խնդիրներ:

 

Դրանք էինˋ ապօրինի հարստացման քրեականացման հարցը, հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը, ազդարարների իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը, վարչական կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված հակակոռուպցիոն կենտրոնների գործարկումը, իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրումն ու բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վեր հանմանն ուղղված քայլերը:

 

Խոսելով ազդարարների իրավունքների պաշտպանության մասին, Կարեն Զադոյանն ասել է, որ «միջազգային դասական մոդելի դեպքում ազդարարներն ունեն պաշտպանության տարբեր ձեւերˋ աշխատանքի, ուսման, բնակության վայրի, ինչպես նաեւ անվան փոփոխություն»:

 

«Հայաստանում առաջարկեցինք ներդնել էլեկտրոնային գաղտնի համակարգˋ այդ կերպ իրականացնելով ազդարարի իրավունքների պաշտպանությունը», - ասել է Կարեն Զադոյանը:

 

Ի՞նչ սկզբունքով է աշխատելու հարթակը

 

Ազդարարը կարող է հայտնել կոռուպցիոն հանցագործության մասինˋ գաղտնի պահելով իր անձը:

 

«Կկիրառվի հատուկ համակարգ, որը, նախքան տեղեկատվություն ստանալը, ազդարարի ուղարկած հաղորդագրությունը կփոխանցի մի քանի տարբեր IP- հասցեներիˋ հնարավորություն չտալով պարզել ազդարարի իրական IP-հասցեն: Նման համակարգ կիրառվում է մի շարք երկրներում», - պատմել է Կարեն Զադոյանը:

Կարեն Զադոյանը Կարեն Զադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Հաղորդագրությունները ստանալու են անմիջապես իրավապահ մարմիններըˋ բացառելով երրորդ կողմի մասնակցությունը հանցագործության մասին տեղեկատվություն ստանալու, տիրապետելու կամ փոխանցելու գործընթացին:

 

Կեղծ հաղորդագրություններից խուսափելու եւ դրանց ընթացք չտալու համար քննիչը հնարավորություն կունենա հետադարձ կապ հաստատել իր համար անհայտ ազդարարի հետ:

 

«Եթե քննիչն ունենա չփարատված կասկածներ, շարունակելու է հետադարձ կապի մեջ մնալ ազդարարի հետˋ մինչեւ համոզված չլինի, որ նրա կողմից ներկայացված հաղորդագրությունը արժանի է քրեական հետապնդման: Անհայտ ազդարարի հետ կապ հաստատելու փորձն արձագանք մնալու կամ առկա կասկածները չփարատվելու դեպքում, հաղորդագրությունն ընթացք չի ստանա»,- նշում է Կարեն Զադոյանը:

Պատրա՞ստ եք այս հարթակի միջոցով հայտնել կոռուպցիոն դեպքերի մասին:

Նա նկատում է, որ էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է մեծ ու դրական ազդեցություն ունենալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, ինչպես նաեւ ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնողˋ Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենսդրության կիրառման առումով:

 

Ներկայում, կառավարության հետ համատեղ, բանակցում են համակարգչային ծրագիր գնելու եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրությունների էլեկտրոնային հարթակը ներդնելու ուղղությամբ:

 

Մասնավորապես, բանակցություններ են տարվում իտալական մի ընկերության հետ, որը նմանատիպ ծրագիրն արդեն իսկ տեղայնացրել ու կիրառում է 60-ից ավել երկրում:

 

Զուգահեռ մշակվում է նաեւ համակարգի կիրառման իրավական մասը: Վարչապետի հանձնարարությամբ աշխատանքները պետք է ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Կարեն Զադոյանը նշում է, որ առաջիկա երկու ամսում նախատեսում են ավարտին հասցնել օրենսդրական մասը, իսկ հարթակը կգործի մինչ հուլիսի 1-ը:

Ոլորտի օրենսդրության մշակման նպատակով արդարադատության նախարարությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որին անդամակցում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ Հայաստանի

Քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կոալիցիայի երեք փորձագետ:

 

Ո՞րն է լինելու ազդարարի մոտիվացիան

 

Կարեն Զադոյանի փոխանցմամբˋ քննարկում է նաեւ ազդարարի համար խրախուսման համակարգի մշակումը:

 

«Տարբեր երկրներ, իրենց պետական բյուջեին վնաս պատճառող հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրություններ ստանալու եւ գումարը վերականգնելու դեպքում, վերադարձված գումարի որոշակի տոկոսը, որպես խրախուսական պարգեւատրում, տալիս են ազդարարին: Դա կարող է լինել վերականգնված գումարի 2-30 %-ը: Մեր ասոցիացիայի եւ կոալիցիայի անունից ազդարարի խրախուսման առաջարկների փաթեթն արդեն ուղարկել ենք նախարարության աշխատանքային խմբին եւ սպասում են արձագանքին»,-տեղեկացրել է Կարեն Զադոյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին