exclusive
1802 դիտում

Հոռոմայրի վանքի վերականգնման թույլտվություն չի տրվել


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մշակույթի նախարարությունը Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրի վերականգնման աշխատանքների թույլտվություն չի տվել:

Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են, «որ դեռեւս որեւէ մեկը չի դիմել այդ հուշարձանի վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետեւաբար որեւէ գիտանախագծային փաստաթուղթ (տարածքի մանրակրկիտ զննում, հնագիտական պեղումների հաշվետվություն, ճարտարապետական չափագրություն, վերականգնման էսքիզային նախագիծ) չի ներկայացվել»:

Նախարարության պատասխանում նշվում է, որ գիտանախագծային փաստաթղթերի ամբողջական փաթեթի համաձայնեցումից հետո միայն իրականացման աշխատանքների համար լիազոր մարմնի կողմից տրվում է թույլտվություն:

«Նախարարությույնն, ամեն դեպքում, ողջունում է այս եւ ցանկացած նման նախաձեռնություն` վստահ լինելով, որ վերականգնողական աշխատանքը մասնագիտական ճշգրիտ մոտեցմամբ իրականացնելու համար դիմում լինելու է»,- հայտնել են մշակույթի նախարարությունից:

Օրերս Մեդիամաքսը գրել է, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ նախատեսվում է վերականգնել Օձունի Հոռոմայրի Սուրբ Նշան վանական համալիրը:

«Մարզպետն իր անձնական միջոցներով է հովանավորում եկեղեցու վերականգնումը: Բոլոր կողմերը տվել են համաձայնությունը: Նպատակն այն գործող եկեղեցի դարձնելն է»,- ասել էր Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հաuարակայնության հետ կապերի բաժին պետ Վահե Դոխոյանը:

Մեդիամաքսի հետ զրույցում վանական համալիրի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Սուրեն Աբովյանն ասել էր, որ վերականգնվելու է համալիրի վերին հուշարձանախումբը: Վերականգնման աշխատանքները կմեկնարկեն ապրիլին, իսկ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են, ճարտարապետական չափագրումներն արված են, մենք ընդամենը նախնական տեսքն ենք վերականգնելու»,- ասել էր նա եւ տեղեկացրել, որ համալիրի վերականգնման համար կպահանջվի մոտ 20 մլն դրամ:

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am