«Ավրորայի» մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ - Mediamax.am

5382 դիտում

«Ավրորայի» մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար եւ 184 ֆիլմ


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի եւ լուսանկարչական մրցույթների հայտերի ընդունման փուլը:

«Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 1237 լուսանկար աշխարհի 48 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Արգենտինայից, Կոլումբիայից, Թայլանդից, Վրաստանից եւ այլն:

 

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցում է 184 ֆիլմ 27 երկրից:

 

Մրցույթների տեխնիկական պայմաններին համապատասխանող լուսանկարները եւ ֆիլմերը ներկայացվել են ժյուրիին: Ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է, լուսանկարչական մրցույթի ժյուրիի նախագահը՝ լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:

 

Երկու մրցույթների պայմանների համաձայն՝ լուսանկարները եւ ֆիլմերը պետք է արտահայտեն մարդասիրության գաղափարը, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն:

 

«Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները կամփոփվեն ապրիլին: Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4 000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի պարգեւ:

 

Լավագույն լուսանկարի հեղինակին կշնորհվի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Մրցանակները հաղթողներին կշնորհվեն մայիսին՝ հատուկ միջոցառման ժամանակ: 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում կցուցադրվեն լավագույն լուսանկարներն ու ֆիլմերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին