«Ավրորա»-ի առաջին դափնեկիրը կհայտնվի հայկական նամականիշի վրա - Mediamax.am

8417 դիտում

«Ավրորա»-ի առաջին դափնեկիրը կհայտնվի հայկական նամականիշի վրա


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Հայփոստ»-ը մայիսին կթողարկի նոր նամականիշ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համագործակցությամբ:

Նամականիշին պատկերված է լինելու Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը: Նամականիշի թողարկման հավանությունը տվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

 

Նամականիշի թողարկումը եւ մարումը տեղի կունենա 2017թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումների շրջանակում:

 

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստը» թողարկելու է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

 

«Մենք հիմնադրել ենք «Ավրորա» նախաձեռնությունը՝ ի երախտագիտություն հատկապես նրանց, ովքեր վտանգի էին ենթարկում իրենց՝  փրկելու Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Եվ մենք  ուզում ենք երախտագիտություն արտահայտել՝ շարունակելով բարին գործել, աջակցելով մերօրյա հերոսներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան ձեռք մեկնել եւ հուսադրել մարդասիրական օգնության խիստ կարիք ունեցողներին: Այսպիսով, մենք ասում ենք, որ այդ վերապրողներն այսօրվա փրկողներն են: Սա ոչ միայն կարեւորում է հիշողությունը, այլեւ երախտագիտությունը գործի է վերածում: «Ավրորայի» յուրաքանչյուր նախագիծ՝ ներառյալ Մեգիի նամականիշը եւ նվիրատվության կտրոնը, հնարավորություն է տալիս ընդլայնել «Ավրորայի» համայնքը՝ երախտագիտություն հայտնելով եւ շարունակելով նվիրատվության շղթան», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

««Հայփոստը» խիստ կարեւորում է իր այն բացառիկ դերը, որն ունի հայկական մշակույթի, պատմության եւ աշխարհի կարեւոր ուղերձների տարածման գործում՝ նամականիշների կիրառմամբ: Պատկերելով «Ավրորայի» Մեգիին հայկական փոստային նամականիշի վրա՝ մենք յուրահատուկ կերպով աշխարհին պատմում ենք, որ հայերը գրկաբաց են ընդունում մեր համընդհանուր մարդկայնությունը: Նամականիշն այդ գաղափարը տարածում է աշխարհով մեկ», - նշել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

 

Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է, «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:

 

«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի ճանաչման արժանանալ, բայց նաեւ ոգեւորիչ է գիտակցել, որ սերը միշտ հաղթելու է ատելությանը եւ չարիքին: Ես հավատում եմ, որ այս նամականիշը կնպաստի «Ավրորա» մրցանակի առաքելության տարածմանը՝ ճանաչման արժանացնելով այն կանանց ու տղամարդկանց, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդասիրական խնդիրների լուծման համար», - ասել է Մարգարիտ Բարանկիցեն:

 

Փոստային նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշի ձեւավորողը ն Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա»  նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվելու է 40 հազար օրինակով:

 

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունենալու 2017թ. մայիսին՝ Մարգարիտ Բարանկիցեի ներկայությամբ, որը Երեւան կժամանելի՝ մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի  միջոցառումներին:

 

«Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Հավակնորդներից մեկը մայիսի 28-ին Երեւանում կճանաչվի 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր: Ապրիլի 24-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհով մեկ կկազմակերպի մի շարք միջոցառումներ՝ ներկայացնելով մրցանակի 2017 թվականի հավակնորդների ոգեշնչող պատմությունները, ինչպես նաեւ մարդասիրական գործունեությունն աշխարհում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին