Ռուբեն Վարդանյան. «Ավրորա»-ն համաշխարհային պատմություն է դառնում - Mediamax.am

4819 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ավրորա»-ն համաշխարհային պատմություն է դառնում


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PAN Photo

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` PAN Photo

Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը
Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` PAN Photo


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն այսօր Երեւանում ներկայացրել են «Ավրորա» մրցանակի 2017թ. հավակնորդների անունները՝ նշելով, որ իրենց նպատակն է եղել ստեղծել մի շարժում, որը կշարունակվի անվերջ:

 

Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ նախաձեռնության առաջին տարում ստացել են մրցանակակիրների 117 թեկնածություն, իսկ այս տարի` 255: Նա նկատել է, որ պատմությունների ընդամենը 20 տոկոսն է կրկնվել: Բացի այդ, ընդլայնվել է պատմությունների աշխարհագրությունը: Նա նկատել է, որ 2016-ին նախաձեռնությանը 70 մարդ է միացել, իսկ 2017-ին նրանց թիվն արդեն անցնում է 150-ը:

 

«Ֆինանսավորումը եւս կավելանա, եւ ես ուրախ եմ ասել, որ այդ մարդկանց 30%-ը հայեր չեն: Դա շատ լավ է, «Ավրորա»-ն դառնում է համաշխարհային պատմություն»,- ասել է նա:

 

«Շարժման սկզբնական նպատակն է մարդասիրական ձեւով ներկայացնել այն մարդկանց, որոնք այսօր իրենց կյանքը մահվան վտանգին են ենթարկում, որ ուրիշներին օգնեն, ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ այլ մարդիկ են արել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին օգնելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը կարողություն չունեին՝ երախտագիտություն հայտնելու այդ մարդկանց, բայց 100 տարի անց մենք՝ նրանց թոռները, կարող ենք աշխարհի առջեւ ներկայացնել թե այդ տարիների, թե այսօրվա հերոսներին: Այլազգիները, տեսնելով հայերին, հույս են ունենում, որ իրենք կարիք չունեն 100 տարի սպասելու, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարող են երախտագետ լինել այդ մարդասերներին եւ ինչ ունեն տալու աշխարհին»,- ասել է Նուբար Աֆեյանը:

 

Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը բավական լավ գնահատականների է արժանացել եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ «Ավրորա»-ի թեկնածուների նկատմամբ աշխարհի ուշադրությունը տարեցտարի կավելանա: Նա ասել է, որ շարունակելու են տարբեր նախաձեռնություններով հանդես գալ եւ դա դարձնել հայերի գաղափարախոսության մեծ մասը:

 

Նուբար Աֆեյանը հավելել է, որ այս ծրագիրն իր նմանը չունի եւ կարեւորել, որ մրցանակակիրն իր ստացած գումարն ուղղում է այլոց օգնելուն. «Դա մեծ սիմվոլիզմ է, որ օգնվողը դառնում է օգնող»:

 

«Առաջին անգամ աշխարհում մենք կապել ենք փրկվողին եւ փրկողին: Փրկվողն ինչ-որ ձեւով պիտի օգնի այն մարդկանց, որոնք փրկում են ուրիշներին: Դրա մեջ կա կարեւոր շրջանակը, որ կապում է իրար: Մենք բոլորս հերոս չենք, բայց վստահ եմ, որ բոլորս ինչ-որ կերպ կարող ենք մեր լուման դնել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն այդ պատրաստակամությունը: Այս մոտեցումը նոր վերաբերմունք է ստեղծում եւ վերածվում է շարժման, քանի որ մարդիկ զգում են, որ կարող են ինչ-որ կերպ մասնակցել այս ամենին: Մենք պետք է պայքարենք անտարբերության եւ միջակության դեմ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ հայտնիներ են մասնակցելու «Ավրորա»-ի փառատոնին: Նուբար Աֆեյանն ասել է, որ այս տարի կլինեն նոր կազմակերպություններ, համաշխարհային դեմքեր եւ կազմակերպություններ:

 

Ինչ վերաբերում է «Ավրորա» մրցանակի հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի՝ Հայաստան այցին, ապա կազմակերպիչների խոսքով՝ այն դեռ հստակ չէ, քանի որ Քլունիներն այդ օրերին սպասում են իրենց երեխաների լույս աշխարհ գալուն:

 

«Մեր երազանքն է, որ ձեզ համար հեղինակություններ լինեն այն հերոսները, որոնք գալու են Հայաստան: Մենք խոսում ենք շատ խոր պրոբլեմների մասին, ես կուզենամ, որ կենտրոնացումը լինի հերոսների վրա եւ ոչ թե շոու բիզնեսի կամ հայտնիների շուրջ: Այդ մարդիկ ուրիշներին են փրկում, մենք նրանց մասին ոչինչ չգիտենք, դա է կարեւոր: Իրենք են հերոսները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Լրագրողների խնդրանքով Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է քննադատություններին, թե «Ավրորա»-ն ուշադրությունը սեւեռում է աշխարհում մարդասիրության վրա, այնինչ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ խնդիրներ կան.

 

«Մենք հայկական աշխարհում մի երազանքով ենք ապրում, որ մեր երկիրը պիտի էլդորադո լինի, մեզ թվում է, թե ամեն ինչ պետք է իդեալական լինի: Չկա մի երկիր, որտեղ մարդու իրավունքների խնդիրներ չլինեն: «Ավրորա»-ի նպատակներից մեկն այն էր, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվում աշխարհում: Մենք՝ հայերս, միայն մեր խնդիրների մասին ենք մտածում, իհարկե, ամենամոտը քո ցավն է, բայց մենք ուզում ենք ասել, որ պետք է ուրիշների մասին էլ մտածենք: Դա դժվար բան է, քանի որ մենք այնքան էլ հարուստ չենք, թվում է՝ մենք մեր հարցերը չենք լուծել, ուրիշների հարցերն ենք լուծում, բայց միայն այս ձեւով կարելի է փորձել փոխել մեր մոտեցումը: Մենք՝ հայերս, մեզ ուրիշ ձեւ պետք է նայենք»: 

 

Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ աշխարհում ցեղասպանությունների խնդիրը շատ լուրջ է, մարդիկ մի քիչ անտարբեր են դարձել այդ հարցերին:

 

«Եթե ոչինչ չարվի, որեւէ բան չի փոխվի: Շատ լավ հասկանում ենք, որ իդեալ չենք, բայց միայն նման նախագծերով կարող ենք ինչ-որ բան փոխել»,- ասել է նա: 

 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի քաղաքականություն մուտք գործելու քննարկումներին, նա արձագանքել է, որ «արդեն 17 տարի իր ընկերների հետ Հայաստանի համար անում են ինչ կարող են»:

 

«Ես Հայաստանի քաղաքացի չեմ: Եւ ինչ-որ մենք անում ենք, դրա համար պետք չէ քաղաքականության մեջ մտնել: Աշխարհը փոխվում է, եւ դու կարող ես քո օգնությունն ու աջակցությունը քո ազգին բերել առանց քաղաքականություն ու կառավարություն մտնելու: Ինձ թվում է, որ այն, ինչ մենք անում ենք, դեր է խաղում եւ հույս ունենք, որ լավ դեր է խաղում, իսկ դրա համար պետք չէ ինչ-որ պաշտոն ունենանք»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին