Հայաստանը մարդկային զարգացման զեկույցում առաջընթաց է գրանցել - Mediamax.am

7261 դիտում

Հայաստանը մարդկային զարգացման զեկույցում առաջընթաց է գրանցել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Վերջին 25 տարիների ընթացում Հայաստանում մարդկային զարգացման առաջընթաց է գրանցվել, սակայն տնտեսական աճի ապահովման տեսանկյունից դեռ շատ անելիքներ կան։

Այս մասին է վկայում այսօր Երեւանում ներկայացված՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Մարդկային զարգացում բոլորի համար» (ՄԶՀ) զեկույցը, որը հիմնված է 2030թ. Կայուն զարգացման օրակարգի եւ Կայուն զարգացման 17 նպատակների վրա (ԿԶՆ):

 

Հայաստանը 188 երկրների եւ տարածքների թվում զբաղեցել է 84-րդ տեղը (նախորդ տարի՝ 85)։ Իրանը զբաղեցրել է 69-րդ, Վրաստանը՝ 70-րդ, Թուրքիան՝ 71-րդ, իսկ Ադրբեջանը՝ 78-րդ հորիզոնականները։ Ռուսաստանը 49-րդ տեղում է։

 

Միաժամանակ, վերարտադրողական առողջությանը, հզորացմանն ու տնտեսական գործունեությանը վերաբերող սեռերի անհավասարության տեսանկյունից Հայաստանն ավելի բարձր դիրքում է, քան հարեւան երկրները:

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանում ՄԶՀ-ի արժեքը կազմել է 0,743, ինչը ցածր է մարդկային զարգացման բարձր համաթիվ ունեցող երկրների միջին 0,746 ցուցանշից, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0,756 ցուցանիշից։

 

1990-2015 թթ. Հայաստանում ՄԶՀ արժեքն աճել է 17,2%-ով, կյանքի սպասվող տեւողությունն ավելացել է 7%-ով, իսկ կրթության ակնկալվող տեւողությունը՝ 2%-ով, մինչդեռ մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքը գրանցել է 122% աճ։

 

«2015թ. հակամարտությունների պատճառով 65 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը. ցուցանիշ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձրն է։ Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է մարդու իրավունքներն ու ներառականությունը, որպես մարդկային զարգացման հիմնասյուներ, դարձնել առաջնայնություն խոցելի խմբերի հզորացման քաղաքականության համար։ 2030թ. օրակարգում ԿԶՆ-երը գլոբալ եւ ազգային մակարդակներում ապահովում են լավագույն հենքը, որպեսզի ոչ ոք անտեսված չմնա»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն։   

     

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է լուրջ աշխատանքներ կատարել զեկույցում իր դիրքերի բարելավման համար՝ հատկապես տնտեսական աճի ապահովման տեսանկյունից։

 

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանն էլ ասել է, որ զեկույցը կարեւոր է նրանով, որ այն երկրներին հնարավորություն է տալիս ավելի ուղղորդված քաղաքականություն մշակել երկրի զարգացման համար։

 

«Տնտեսական ոլորտում Հայաստանում լուրջ խնդիրներ կան։ Անչափ բարձր է երիտասարդների գործազրկության մակարդակը՝ մոտ 37%։ Արտաքին պարտքը բավական բարձր ցուցանիշ ունի։ Մտահոգիչ է այն, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները ցածր են եւ նվազողական։ Այս եւ մի շարք այլ մտահոգիչ կետերով պետք է մեր կառավարությունը լուրջ քայլեր ձեռնարկի»,- ասել է փորձագետը։

 

2015թ. ՄԶՀ վարկանիշի առաջատար հնգյակում են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան եւ Դանիան։ Նվազագույն ՄԶՀ վարկանիշ են գրանցել Կենտրոնական ԱՖրիկան, Նիգերիան, Չադը, Բուկինա Ֆասոն եւ Բուրունդին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին