Խորենացու «Հայոց պատմության» ռուսալեզու տարբերակը լրամշակվել է - Mediamax.am

8801 դիտում

Խորենացու «Հայոց պատմության» ռուսալեզու տարբերակը լրամշակվել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ռուսալեզու գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը։

Նոր հրատարակությունը ներառում է պատմական քարտեզներ եւ նկարներ: Դրանք հիմնականում հայոց պատմությանն անդրադարձած 15-րդ դարի իտալացի նկարիչներ Ջուլիանո Ջասսոյի եւ Ջովանի Ֆուզարոյի աշխատանքներն են: Ընդգրկվել են նաեւ հայ հեղինակների՝ Հովհաննես Այվազովսկու, Վահան Ղարիբյանի եւ այլոց նկարները:

 

Գագիկ Սարգսյանի ռուսերեն թարգմանությամբ «Հայոց պատմություն» աշխատության մեջ կատարվել են նաեւ որոշ տեքստային փոփոխություններ:

 

«Մոտ 145 անձնանուն եւ տեղանուն է վերամշակվել: Օրինակ, հին հրատարակություններում գրված էր Վալարշակ կամ Վալարշապատ: Ռուսախոս մարդիկ գիտեն Վաղարշապատ քաղաքը, բայց չեն հասկանում՝ ինչ է Վալարշապատը: Մենք «լ» տառը փոխարինել ենք «խ»-ով կամ «գ»-ով: Խմբագրվել է մոտ 80 մեկնաբանություն եւ հղում, որոնք հնացել էին»,- ասում է գրքի հրատարակման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Իգիթյանը:

 

Ռուսերեն «Հայոց պատմություն»-ը վերահրատարակելու գաղափարը Պյատիգորսկի հայ համայնքի գործիչ Հրանտ Սարկիսովինն է (մահացել է ավտովթարից): 

 

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ գրքի վերահրատարակությունը կարեւոր է երկու պատճառով: Նախ՝ գիտությունն անընդհատ շարժման մեջ է, եւ տարբեր խնդիրներ նոր մեկնաբանության, նորովի լուսաբանման կարիք ունեն:

 

«Երկրորդ՝ աշխատանքն ունի  գիտական, ակադեմիական, նաեւ կարեւոր քարոզչական նշանակություն: Մենք գործ ունենք ոչ միայն չոր, դասական, ակադեմիական հրատարակության հետ (անշուշտ պահպանվել են ակադեմիականության բոլոր չափորոշիչները), այլեւ՝ գրքի, որը մշակութային երեւույթ է: Աշխատանք է, որով Հայաստանը, հայերը կարող եմ գլուխը բարձր ներկայանալ ռուսալեզու ընթերցողին»:

 

Գիրքը հրատարակվել է 500 օրինակով: Այն վաճառվում է Հայաստանի գրախանութներում, կատարվում է նաեւ առցանց վաճառք www.khorenatsi.am կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին