Փորձագետներն ամփոփել են Հայաստանի եւ Ադրբեջանի 2016-ի զարգացումները - Mediamax.am

11227 դիտում

Փորձագետներն ամփոփել են Հայաստանի եւ Ադրբեջանի 2016-ի զարգացումները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում անցկացվել է «Կովկաս-2016» ամենամյա միջազգային գիտաժողովը, որի շրջանակում քննարկվել են 2016թ․ Հարավային Կովկասի քաղաքական զարգացումները։

Մեդիամաքսն առանձնացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցների ուշագրավ հատվածները։

 

Հայաստանը 2016-ին

 

Ալեքսանդր Իսկանդարյան, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն – 2016-ին Հայաստանում տեղի ունեցած երեք կարեւորագույն իրադարձությունները մեծ ազդեցություն են գործել երկրի քաղաքական իրականության վրա։

 

Ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ապրիլին արձանագրված էսկալացիան հայկական լրատվական դաշտում ստացավ «ապրիլյան պատերազմ» ձեւակերպումը։ Սակայն, դա իրականում պատերազմ չէր, քանի որ Ադրբեջանի կողմից մեկնարկած գործողություններում ռազմական նպատակներ չեն եղել։ Ադրբեջանն ընդամենը ցանկանում էր մի քանի կիլոմետր հողատարածք գրավել։ 

 

Հաջորդիվ՝ հուլիսի 17-ին, տեղի ունեցավ զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը։ Հետաքրքրիր էր, որ այդ քայլը  հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվեց։ Առավել հետաքրքիր էր, որ իշխանությունները դա չանվանեցին ահաբեկչական գործողություններ։

 

Հաջորդ կարեւորգույն իրադարձությունը վարչապետի փոփոխությունն էր։ 2016-ից հայկական իրականության մեջ «նոր» բառը սկսեց ընկալվել, որպես «լավ», քանի որ վարչապետը նորարարության ջատագովն է եւ չի պատկանում քաղաքական էլիտայի հին դասին։ Կարեն Կարապետյանին հաջողվեց հասարակության կողմից ընկալվել որպես նոր, ավելի բյուրոկրատ եւ ոչ օլիգարխիկ, նույնիսկ որպես հակաօլիգարխիկ կերպար։

 

Եւս մեկ կարեւորագույն իրադարձություն կարելի  է համարել  սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ռազմական շքերթը, որի ընթացքում ցուցադրվեցին Իսկանդերը, Սմերչը։

 

2016-ին տեղի ունեցած իրադարձությունները թույլ տվեցին հասկանալ, որ հասարակության եւ իշխանության միջեւ կա մեծ օտարացում։ Հայաստանի պատկան մարմինները հասկացան, որ անհրաժեշտ է փոխել երկրի կառավարման  համակարգը։ Սկսեցին կենտրոնանալ «ազգ-բանակ» հասկացության վրա։ Փորձել են փոխել քաղաքական դեմքերի իմիջը՝ ասելով, որ կառավարման համակարգը դարձնում ենք խորհրդարանական, օլիգարխներին փոխարինում ենք չինովնիկներով,  անկիրթներին՝ կրթվածներով եւ այլն։ 

 

Ադրբեջանը 2016-ին

 

Սերգեյ Մարկեդոնով, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարան, դոցենտ – 2016-ն Ադրբեջանի համար հայ-ադրբեջանական հակամարտության եւ անվտանգության տարի էր։ Ապրիլյան էսկալացիան այնտեղ գնահատվեց որպես հաղթանակ։

 

Ներքին քաղաքական կյանքում շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ մարտին, երբ Իլհամ Ալիեւը համաներում շնորհեց 148 բանտարկյալի, որոնից 14-ը համարվում են միջազգային իրավապաշտպաններ, այսպես ասած՝ «խղճի կալանավորներ»։ Այս կերպ Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է ընդունել մարդու իրավունքներին վերաբերող կառուցողական քննադատությունները։ Ներքաղաքական ամենակարեւոր զարգացումներից էր նաեւ Սահմանադրական հանրաքվեն, որով հաստատվեց փոխնախագահի համակարգի ներդրումը։ 2016թ. Ադրբեջանը կարողացավ հաստատել Արեւմուտքի լուրջ էներգետիկ գործընկերոջ իր կարգավիճակը։

 

Արտաքին քաղաքականության կյանքում հավասարակշռությունը պահպանվել է։ Բաքու այցելեցին Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինը։

 

Բաքվին հաջողվեց ակտիվացնել երկխոսությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ՝ իր հարկի տակ ընդունելով տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին