Լորդ Դարզի. Կարեւոր է դասեր քաղել սխալներից - Mediamax.am

exclusive
8649 դիտում

Լորդ Դարզի. Կարեւոր է դասեր քաղել սխալներից


Լորդ Դարզին
Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

Լորդ Դարզին
Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

Լորդ Դարզին
Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

Լորդ Դարզին
Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan


Միացյալ Թագավորության նախկին առողջապահության նախարար, պրոֆեսոր Արա Դարզին այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել հանրային առողջության մասին դասախոսությամբ՝ շեշտադրելով ոլորտի բարեփոխումների ընթացքը Մեծ Բրիտանիայում:

 

Լորդ Արա Դարզին «Նորարարությունը՝ որակի եւ անվտանգության հարցերում» դասախոսության ժամանակ ընդգծել է, որ հիվանդներին շատ է անհանգստացնում մատուցվող ծառայությունների որակը եւ, իր կարծիքով, նորարարությունն ու տեխնոլոգիաները մեծ դեր ունեն որակ եւ անվտանգություն ապահովելու գործում:

 

«1900-ականներից սկսած տեխնոլոգիական զարգացման եւ գիտական գրականության ներդրումների շնորհիվ կյանքի տեւողությունը կրկնապատկվել, իսկ հանրային առողջությունը կյանքի տեւողության աճի վրա ազդող ամենամեծ ցուցանիշներից է: Շատ հուսահատեցնող է, որ Հայաստանը ՀՆԱ-ի ընդամենը 1%-ն է տրամադրում հանրային առողջության ոլորտին: Ամերիկայի Միացյալ Նահանգները տվյալ ոլորտին տրամադրում է ՀՆԱ-ի 18-19%-ը, իսկ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է 8-10%»,- նշել է նա:

Լորդ Դարզին Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

Պրոֆեսորը խորհուրդ է տվել Հայաստանում ներդնել բուժման որակի չափանիշներ:

 

«Մեր իրականացրած փոփոխությունների շնորհիվ յուրաքանչյուր բուժհաստատություն ֆինանսական հաշվետվություններին զուգահեռ հրապարակում է նաեւ բուժման որակի ցուցանիշները: Այդ ցուցանիշները հասանելի են հանրությանը եւ ձեւավորում են տվյալ հաստատության վարկանիշը: Բարձր վարկանիշ ունեցող հաստատությունները կառավարությունից ստանում են 2-3% հավելավճար»,- հայտնել է Արա Դարզին:

 

Նա ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաների գործնական կիրառությունը Մեծ Բրիտանիայում․

 

«Եթե իսկապես մտահոգված եք առողջապահության որակով, հարկավոր է հարցնել հիվանդին: Մի քանի տարի առաջ մենք շարժական հավելված ներկայացրեցինք մեր հիվանդներին, որի միջոցով նրանք հեշտությամբ կարողանում էին գնահատել բուժհաստատություններն ու իրենց ստացած առողջապահական ծառայությունների որակը»,-ասել է Արա Դարզին:

 

Պրոֆեսորն անդրադարձել է նաեւ ներկաներից մեկի հարցին այն մասին, թե ինչպես պետք է վարվել բժշկական սխալի հետ, երբ այն Հայաստանում մամուլի միջոցով դառնում է հանրային քննարկման առարկա, որի արդյունքում քննարկվում է իրավական կարգավորում ներդնելու հարցը:

Լորդ Դարզին Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

«Ոչ ոք անսխալական չէ, բոլորս էլ սխալներ գործում ենք: Բժշկական սխալների դեպքում կարեւոր է թափանցիկության ապահովումը: Հարկավոր է հաղորդել այդ սխալների մասին եւ սովորել  դրանցից: Քաղաքական գործիչներն էլ պետք է գիտակցեն, որ պատժի ինստիտուտի ներդրումը գործին չի օգնելու, ընդհակառակը, ճնշող ազդեցություն է ունենալու, եւ այդ սխալներն ընդհատակ են անցնելու: Իսկ եթե դրանք ընդհատակ անցնեն, կլինեն ավելի մեծ սխալներ, որոնց մասին ոչ ոք երբեք էլ չի իմանա, իսկ առողջապահության համակարգն ավելի անպաշտպան կդառնա: Մեդիան եւս հսկայական դեր ունի եւ պետք է շատ զգուշորեն անդրադառնա այդ հարցերին, իսկ բժիշկները պետք է վստահ լինեն, որ մեծ պատժի չեն արժանանալու, եթե հաղորդեն բժշկական սխալի մասին: Մենք պետք է կարողանանք դասեր քաղել մեր սխալներից»,-ասել է նա:

 

Դասախոսության ընթացքում Արա Դարզին ներկայացրել է Լոնդոնում սրտանոթային հիվանդությունների դեպքում որակյալ խնամքի ներդրման փորձը:

 

«Լոնդոնում 31 բժշկական հաստատություն կա, եւ եթե հիվանդի մոտ կաթված էր լինում, շտապ օգնությունը հիվանդին հասցնում էր ամենամոտ գտնվող բուժհաստատություն: Մենք հետազոտություն իրականացրեցինք այդ 31 հաստատություններում՝ տեսնելու համար, թե համապատասխանում են արդյոք դրանք սրտամկանի կաթվածի բուժման բժշկական չափանիշներին: Պարզվեց, որ 31-ից ընդամենը 3-ն են համապատասխանում ցանկալի չափանիշներին: Արդյունքում մենք միայն 5-ը կենտրոնացրեցինք կաթվածի բուժման ուղղությամբ եւ  գործարկեցինք լավագույն չափորոշիչները: Այսօր սրտի կաթված ունեցող հիվանդները շուրջօրյա խնամք են ստանում միայն այդ հաստատություններում: Էմբոլիկ կամ սրտամկանի կաթվածով ցանկացած հիվանդը, անկախ այն հանգամանքից՝ ունի իր մոտ դրամապանակ, թե ոչ, 3 ժամերի ընթացքում մասնագիտացած օգնություն է ստանում: Այս բարեփոխումը հսկայական ազդեցություն ունեցավ հիվանդացության եւ մահացության ցուցանիշների վրա»,-պատմել է նա:

 

Հայաստանի առողջապահական համակարգի մասին նա հետեւյալ կարծիքն է հայտնել․

Լորդ Դարզին Լորդ Դարզին

Լուսանկարը` Aurora Humanitarian Initiative / Edgar Barseghyan

«Հայաստանը կարիք ունի առողջապահական համակարգի ֆինանսավորման ճշգրիտ ճանապարհ գտնել՝ կլինի այն մասնավոր, թե հանրային, թե հարկերից գոյացած ֆինանսավորում: Հարկավոր է ներդրումներ կատարել համայնքային ծառայությունների ինստիտուտում, որը Հայաստանում ընդհանրապես չի գործում: Այստեղ բավականին շատ հոսպիտալներ կան, նրանցից որոշներին պարզապես հարկավոր է ավելի լավ կառավարման համակարգ ունենալ: Սա շատ պարզ եղանակ է լավ առողջապահական համակարգ կառուցելու համար: Կարծում եմ, համակարգի ղեկավարները փորձում են դա անել: Ես փորձում եմ օգնել Հայաստանում քաղցկեղի դեմ ռազմավարության մշակման հարցում, քանի որ դա շատ կարեւոր ոլորտ է: Ավելի մեծ կենտրոնացում եւ ջանքեր են հարկավոր»:

 

Պրոֆեսոր Արա Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաեւ ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաեւ NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է:

 

Բժշկության եւ վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է ասպետ, իսկ 2007թ. դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին