Մոսկվայում կարող է տեղադրվել Կարո Հալաբյանի արձանը - Mediamax.am

exclusive
6911 դիտում

Մոսկվայում կարող է տեղադրվել Կարո Հալաբյանի արձանը


Կարո Հալաբյանը (ձախից) եւ Միքայել Մազմանյանը
Կարո Հալաբյանը (ձախից) եւ Միքայել Մազմանյանը

Լուսանկարը` Լ. Տեր-Մինասյանի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի հյուսիսում՝ Սոկոլ շրջանում կարող է տեղադրվել հայ խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը:

Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի մոնումենտալ արվեստի հանձնաժողովի նախագահ Իգոր Վոսկրեսենսկին:

 

«Հայաստանի դեսպանությունից ստացել ենք դիմում՝ իրենց հաշվին Մոսկվայում Հալաբյանի հուշարձանը տեղադրելու մասին: Հալաբյանը հայտնի ճարտարապետ է, եւ, իհարկե, հիանալի կլիներ, եթե նրա արձանը տեղադրվեր», - ասել է Իգոր Վոսկրեսենսկին:

 

Հուշարձանի տեղադրման հարցը կքննարկվի հոկտեմբերին մոնումենտալ արվեստի հանձնաժողովի նիստին:

 

Մեդիամաքսը նշում է, որ Սոկոլ շրջանում կա  Հալաբյանի փողոց:

 

Կարո Հալաբյանը մասնակցել է Մոսկվայի վերակառուցման գլխավոր պլանի մշակմանը, մետրոյի «Կռասնոպրեսնենսկայա» կայարանի վերգետնյա ճեմասրահի եւ Ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի շենքի համահեղինակն է: Հալաբյանի նախագծերով կառուցվել են նաեւ ՀԽՍՀ տաղավարը Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ), մշակութային, կրթական եւ կառավարական շենքեր Մոսկվայում:

 

Մեդիամաքսը պատմել է Կարո Հալաբյանի մասին «Երեւան. XX դար» հատուկ նախագծի  «Շինարարների ակումբ/Ռուսական թատրոն` կենդանի պատմություն» գլխում:

 

Այնտեղ, մասնավորապես, նշվում էր, որ «մոլի կոնստրուկտիվիստներ» Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը 20-ական թվականներին սովորում էին Մոսկվայում` հայտնի ВХУТЕМАС-ում: Երիտասարդ ճարտարապետները Հայաստան եկան 1929 թվականին եւ սկսեցին ակտիվ մասնակցել Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի կառուցապատմանը:

 

Կարո Հալաբյանը համարվում էր խորհրդային լավագույն ճարտարապետներից մեկը: Նրան չափազանց բարձր էին գնահատում նաեւ արտերկրում: Մասնավորապես, Բրիտանական թագավորական ճարտարապետական ինստիտուտը նրան շնորհել էր պատվավոր թղթակից-անդամի կոչում: Կարո Հալաբյանը արժանացել էր նաեւ Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչմանը`1939 թվականին այդ քաղաքում կայացած միջազգային ցուցահանդեսում խորհրդային պավիլյոնի ձեւավորման համար:

 

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո, երբ Մոսկվայում սկսվեց հայտնի «ստալինյան» բարձրահարկ շենքերի կառուցումը, խորհրդակցություններից մեկի ժամանակ Կարո Հալաբյանը (նա զբաղեցնում էր Մոսկվայի գլխավոր ճարտարապետի պաշտոնը) համարձակություն ունեցավ հակաճառել ամենազոր Լավրենտի Բերիային` ասելով, որ այդ շենքերի սպասարկումը չափազանց ծախսատար կլինի: Մի քանի օր անց Կարո Հալաբյանին ազատեցին բոլոր պաշտոններից եւ զրկեցին պատվերներից: Մտավախություն կար, որ Բերիան դրանով չի սահմանափակվի, եւ Հալաբյանը կարող է ձերբակալվել ու աքսորվել:

 

Հալաբյանին փրկեց նրա մանկության ընկերը` Անաստաս Միկոյանը (նրանք միասին սովորել էին Թիֆլիսում): Միկոյանը Հալաբյանին գրեթե բռնի կերպով ուղարկեց Երեւան` ասելով`«գնա, որպեսզի որոշ ժամանակ քեզ այստեղ չտեսնեն ու չհիշեն»: Պատմում են, որ քաղաքացիական պատերազմի տարիներին Հալաբյանը փրկել էր Միկոյանի կյանքը, ու այսպես Միկոյանը «վարձահատույց» եղավ ընկերոջը:

 

Հալաբյանը Հայաստանում մնաց մոտ մեկ տարի, այնուհետեւ վերադարձավ Մոսկվա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին