Մշակվում է գրողների Սեւանի տան պահպանման ծրագիրը - Mediamax.am

7303 դիտում

Մշակվում է գրողների Սեւանի տան պահպանման ծրագիրը


Լուսանկարը` AICA Armenia


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիացի էքզիստենցիալիստ գրող Ժան Պոլ Սարտրը կնոջ՝ Սիմոն դը Բովուարի հետ 1963թ. Հայաստանում էր: Կարճատեւ այցելության ընթացքում նրանք հասցրեցին հյուրընկալվել նաեւ Գրողների միության Սեւանի ստեղծագործական տանը:

Խորհրդային մոդեռնիզմի լավագույն խորհրդանիշ դարձած համալիրը, որը Միքայել Մազմանյանի եւ Գեւորգ Քոչարի նախագծով կառուցվել է երկու փուլով՝ 1932-1935 եւ 1963-1965 թթ., մտավորականների հավաքատեղի էր:

 

Սեւանի հանգստյան տունն առաջինն է խորհրդային արդի ճարտարապետության ժառանգության կառույցներից, որն անցյալ տարի ընդգրկվել է Getty հիմնադրամի՝ 20-րդ դարի համաշխարհային մոդեռնիստական ճարտարապետության ամենանշանակալից գլուխգործոցների շարքում: Հիմնադրամի՝ «Պահպանելով արդին» ծրագիրը զբաղվում է ամբողջ աշխարհում մոդեռնիստական կառույցների պահպանման խնդրով:

 

Մեկ տարի անց, հետազոտության գիտական վերականգնման ծրագրի արդյունքները ներկայացվել են Խնկո Ապոր անվան գրադարանում կազմակերպված «Վերանայելով սովետական մոդեռնիզմը․ սոցիալիստական մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգության անցյալը, ներկան եւ ապագան» գիտաժողովի շրջանակում:

Նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանն ասել է, որ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա մշակվելու է պահպանման, կառավարման պլանը:

 

«Սա հուշարձանների պահպանման, վերականգնման նոր մոտեցում է: Մոդեռնիստական կառույցներն ամբողջ աշխարհում ունեն նույն խնդիրները. դրանք էքսպերիմենտալ էին, ենթադրում էին նոր տեխնոլոգիաներ, նոր նյութերի կիրառում, որն իր հետ բերում էր նոր խնդիրներ: Լինելով շատ արժեքավոր շենքեր՝ հնարավոր չէ դրանց միայն թանգարանային գործառույթ տալ, որովհետեւ այդ շենքերն այսօր էլ օգտագործվում են: Անհրաժեշտ է այնպիսի մոտեցում, որ իրականացնելով սկզբնական գործառույթը, գուցե հավելյալ գործառույթ ձեռք բերելով հանդերձ, շենքը պահպանի ամբողջական կերպարը»,- ասել է նախագծի ղեկավարը:

 

Երկօրյա գիտաժողովից հետո փորձագետները մեկնելու են Սեւան՝ ի մի բերելու պահպանման, կառավարման պլանի աշխատանքները: Դրա հիման վրա կկազմվի վերականգնման նախագիծը:

 

«Մեր նպատակը շատ պարզ է. ցանկանում ենք ցույց տալ, որ վերականգնումը սկսելուց առաջ հետազոտական եւ պլանավորման աշխատանքներ կատարելով՝ շատ ավելի լավ կարող ենք պահպանել ճարտարապետական ռեսուրսները: Հնարավոր է ավելի ամբողջական պատկերացում կազմել շենքի կարիքների մասին եւ որոշել՝ ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- ասել է Getty հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանատու Անտուան Ուիլմերինգը:

 

Գրողների միության Սեւանի ստեղծագործական տանը մասնագիտական վերանորոգում երբեւէ չի եղել, սակայն «Հայնախագիծ» ինստիտուտի իրականացրած փորձաքննությունը ցույց է տվել, որ կոնստրուկտիվ տեսանկյունից այն լավ է պահպանված: Շենքը չի ձեւափոխվել, պահպանել է իր նախնական տեսքն ու գործառույթը, ինչը, ըստ Ռուբեն Արեւշատյանի, բացառիկ երեւույթ է: 

 

Getty հիմնադրամի՝ Սեւանի ստեղծագործական տան համար արված նախագիծը ենթադրում է մեթոդաբանության մշակում: Մասնագետները կարծում են, որ այն կարող է դառնալ կարեւոր փորձ եւ գիտելիք մոդեռնիստական կառույցների պահպանման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին