Գրողների Սեւանի տան նոր շունչը՝ Getty հիմնադրամի շնորհիվ - Mediamax.am

exclusive
20008 դիտում

Գրողների Սեւանի տան նոր շունչը՝ Getty հիմնադրամի շնորհիվ


Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Լուսանկարը` Սարհատ Պետրոսյանի արխիվից

Լուսանկարը` Նեմրութ Բաղդասարյանի (Ֆոտոլուրի արխիվից)

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից


Ս.թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Getty հիմնադրամը Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի նախագծած Գրողների միության Սեւանի հանգստյան տունը ներառել է մոդեռնիստական վերականգնվող կառույցների նախագծում։

 

Մեդիամաքսը խնդրել է հետազոտության ղեկավար, արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արեւշատյանին պատմել նախագծի իրականացման մանրամասների մասին:

 

Getty հիմնադրամն անդրադառնում է մոդեռնիստական կառույցների պահպանման խնդրին՝ համաշխարհային մակարդակով:

 

Հիմնադրամն այս նախագիծն իրականացնում է արդեն երրորդ անգամ: Առաջին երկու փուլերում Getty հիմնադրամն ինքն էր ընտրում կառույցները, որոնց շարքում էին XX դարի համաշխարհային ամենանշանավոր մոդեռնիստական ճարտարապետության գլուխգործոցները, օրինակ, Էրիխ Մենդելսոնի՝ Էյնշտեյնի Աշտարակը, Յորն Ութսոնի՝ Սիդնեյի Օպերայի թատրոնը, Լե Կորբյուզեի՝ տունը, Լուիս Կանի՝ Սոլք ինստիտուտը, Վալտեր Գրոպիուսի՝ առանձնատունը, Ֆրենկ Լլոյդ Ռայթի՝ Ռոբի Հաուզը, Ալվար Աալտոյի՝ Պայմիոյի առողջարանը  եւ այլն:

 

2016 թվականին, մինչ հիմնադրամի ընտրությունը, շենքերը պետք է նախնական մրցույթ անցնեին: Մեր կողմից ներկայացված Գրողների միության Սեւանի հանգստյան տունը հաղթահարեց մրցութային փուլը եւ դարձավ ընտրված ինը կառույցներից մեկը:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Գրողների միության Սեւանի հանգստյան տունը վերջին շրջանում հայտնվել էր մոդեռնիստական ճարտարապետությունն ուսումնասիրող մասնագետների ուշադրության կենտրոնում: Կառույցի պատկերը հայտնվել էր սովետական մոդեռնիզմի մասին պատմող գրքի կազմի վրա, որը հրատարակվեց 2012 թվականին Վիեննայում տեղի ունեցած սովետական մոդեռնիզմին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում:

 

Ցուցահանդեսի պաշտոնական պաստառին եւս պատկերված էր Սեւանի հանգստյան տունը, եւ միջոցառման ողջ ընթացքում Վիեննան ողողված էր շենքի պատկերներով:

Լուսանկարը` Ռ. Արեւշատյանի արխիվից

Գրքի հայտնվելուց հետո Սեւանի հանգստյան տան մասին սկսեցին էլ ավելի շատ խոսել: Հայաստան այցելող զբոսաշրջիկները հատուկ գալիս էին Սեւան՝ շենքը տեսնելու, լուսանկարելու:

 

Չնայած նրան, որ հանգստյան տան համալիրը կարիք ունի հիմնավոր գիտական վերականգնման, սա եզակի դեպքերից է, երբ պահպանվել են շենքերի նախնական կերպարը, ժամանակային շերտերը։ Կարեւոր է նաեւ այն, որ չի փոփոխվել կառույցի նշանակությունը:

Լուսանկարը` Նեմրութ Բաղդասարյանի (Ֆոտոլուրի արխիվից)

Նախագիծը ենթադրում է կառույցի պատմական, տեսական, կոնստրուկտիվ ու ֆիզիկական հետազոտություններ: Օգոստոսի վերջից զբաղված ենք շենքի մանրակրկիտ հետազոտությամբ՝ ուսումնասիրելով նյութերի վիճակն  ու սեյսմակայունությունը: Մեր նպատակն է նաեւ անդրադառնալ շենքի զարգացման պատմությանը, փուլային փոփոխություններին, էվոլյուցիային, ինչպես նաեւ ճարտարապետների սկզբնական մտահղացումներին, որոնք հասարակական-քաղաքական խզումների, տնտեսական սահմանափակումների հետեւանքով կյանքի չեն կոչվել։

 

Նախագիծը ենթադրում է նաեւ ինտերիերների վերականգնում: Սա կարեւոր ու պատասխանատու նախագիծ է, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է վերականգնել մոդեռնիստական կառույցն իր կոնցեպտուալ ամբողջության մեջ՝ վերականգնելով ֆիզիկական վիճակը, լանդշաֆտը եւ ինտերիերները:

Լուսանկարը` Սարհատ Պետրոսյանի արխիվից

Հետազոտության մեջ ներգրավված է միջազգային մեծ թիմ` հանրաճանաչ մասնագետների եւ հաստատությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, համալիրի պահպանման կառավարման պլանի մշակման խորհրդատվությունը ընձեռել է Ալվար Աալտոյի թանգարանը, իսկ նախագծի գիտական խորհրդատուներից մեկը ճարտարապետության նշանավոր պատմաբան, մշակութաբան Վլադիմիր Պապերնին է։

 

Վերականգնման գիտական հետազոտության փուլը կավարտվի հաջորդ տարի: Այդ առիթով աշնանը Երեւանում նախատեսվում է անցկացնել միջազգային ամփոփիչ սեմինար ու կոնֆերանս:

 

Գրի առավ Լենա Գեւորգյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին