ԵՄ համաժողովը կամրապնդի կիբերանվտանգությունը ԱլԳ երկրներում - Mediamax.am

5785 դիտում

ԵՄ համաժողովը կամրապնդի կիբերանվտանգությունը ԱլԳ երկրներում


Լուսանկարը` https://www.eu2017.ee


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության Խորհրդի Էստոնիայի նախագահությունը հյուրընկալում է «Էլեկտրոնային գործընկերություն» (E-Partnership) համաժողովը՝ ուղղված Եվրոպական միության Արեւելյան գործընկեր (ԱլԳ) երկրներում էլեկտրոնային կառավարման զարգացմանն ու կիբերանվտանգության բարձրացմանը:

Տալլինում անցկացվող համաժողովին մասնակցում է ավելի քան 150 փորձագետ ու քաղաքականություն մշակող Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ՝ ԵՄ անդամ երկրներից:

 

Մասնակիցները քննարկում են, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները կիրառվում Արեւելյան գործընկերության երկրների կողմից՝ պետական կառավարման գործընթացում թափանցիկության բարձրացման նպատակով: Համաժողովը հնարավորություն է ընձեռում գնահատել տարածաշրջանը ներառող կիբերտարածության ապահովության եւ անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ կիսվել իրավիճակի բարելավմանն ուղղված գաղափարներով:

 

Միջոցառման ընթացքում ծրագրվում է գործարկել բոլոր վեց գործընկեր երկրներում դաշտային հետազոտությունների վրա հիմնված էլեկտրոնային ժողովրդավարության նոր ուսումնասիրությունը: Միջոցառման ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետեւել այստեղ:

 

«Եվրամիությունը շարունակում է թվային ոլորտում սերտորեն համագործակցել իր արեւելյան գործընկերների հետ՝ կենտրոնանալով բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետի տարածման վրա` տնտեսության խթանման եւ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, թվային ոլորտում ավելի շատ աշխատատեղերի ստեղծման եւ Արեւելյան գործընկեր երկրների շրջանում ռոումինգի սակագների նվազեցման համար: Թվային լուծումների օգտագործումը հանգեցնում է կառավարման արդյունավետության եւ թափանցիկության, ու այդպիսով օգուտ է բերում քաղաքացիներին»,- ասել է Թվային միասնական շուկայի հարցերով փոխնախագահ Անդրուս Անսիպը:

 

Այսօր Տալլինում անցկացվում է թվային տնտեսության վերաբերյալ Արեւելյան գործընկերության երկրորդ նախարարական հանդիպումը, իսկ վաղը կկայանա ԵՄ-ի Էլեկտրոնային կառավարման նախարարական համաժողովը:

 

«Էլեկտրոնային գործընկերություն» համաժողովը կազմակերպվում է Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Էլեկտրոնային կառավարման ակադեմիայի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ:

 

ԵՄ-ն €13 մլն է ներդրել EaP Connect ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի բարելավել վեց գործընկեր երկրների միջեւ գերարագ թվային կապը: Ծրագիրը մեկնարկել է 2015թ. եւ կշարունակվի մինչեւ 2020թ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին