Այս տանը «տիեզերքի մարդիկ» քննարկել են մոլորակի հարցերը - Mediamax.am

exclusive
5406 դիտում

Այս տանը «տիեզերքի մարդիկ» քննարկել են մոլորակի հարցերը


Վահագն Գուրզադյանը
Վահագն Գուրզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրզադյանների ընտանիքը
Գուրզադյանների ընտանիքը

Լուսանկարը` Գուրզադյանների արխիվից

Վահագն Գուրզադյանը
Վահագն Գուրզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Գուրզադյանը եւ Վասիլի Միշինը
Գրիգոր Գուրզադյանը եւ Վասիլի Միշինը

Լուսանկարը` Գուրզադյանների արխիվից


1960-70-ականներին Մոսկովյան 33 շենքի հարակից  փողոցը ժամանակ առ ժամանակ փակվում էր: Ոստիկաններն այդ հատվածում դադարեցնում էին երթեւեկությունը, մինչեւ ժամանած մեքենաներից ուղեւորներն արագ իջնում ու մտնում էին շենք: Շքամուտքում նույնպես ամեն ինչ վերահսկվում էր. դռները չէին բացվում, բարձրացող-իջնող չկար: Գաղտնի այցելուներն անվանի աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի հյուրերն էին:

 

«Խորհրդային տիեզերագնացության հիմնադիր, ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովն էր, հրթիռային տեխնիկայի գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Վասիլի Միշինը, տիեզերագնացներ:

Գրիգոր Գուրզադյանը եւ Վասիլի Միշինը Գրիգոր Գուրզադյանը եւ Վասիլի Միշինը

Լուսանկարը` Գուրզադյանների արխիվից

Գաղտնի ֆիգուրներ էին, անգամ նրանց անուններն էին գաղտնի պահվում ժողովրդից, միայն տիտղոսն էր գրվում՝ գլխավոր կոնստրուկտոր, բայց թե ով էր, ոչ ոք չգիտեր: Նույնիսկ մի այսպիսի պատմություն կա. Նոբելյան կոմիտեն դիմում է Խրուշչովին, թե ով է Գագարինին տիեզերք արձակողը: Խրուշչովը պատասխանում է՝ սովետական ժողովուրդը:

 

Նրանք գալիս էին փակ մեքենաներով, ոստիկանական մեքենաները հեռվում՝ երկու կողմից կանգնում էին, իրենք դուռը բացում ու արագ ցատկում էին մուտք:

 

Մեծ խմբերով տիեզերագնացներ էին գալիս. հորս ղեկավարությամբ նրանց պատրաստում էին թռիչքի: Տիեզերագնացները նույն ավտոմեքենան եւ օդանավը նստելու իրավունքը չունեին: Ժամանում էին հատուկ օդանավերով, որոնք կայանում էին մեր օդանավակայանի հեռավոր հատվածում: Նրանց հետ գալիս էին իրենց բժիշկները, հրահանգիչները (инструктор), ТАСС-ի թղթակիցները. մինչեւ թռիչքը միայն նրանք իրավունք ունեին լուսանկարելու տիեզերագնացներին»,-հիշում է Գրիգոր Գուրզադյանի որդին՝ Վահագն Գուրզադյանը:

Վահագն Գուրզադյանը Վահագն Գուրզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոսկովյան 33-ը 1962 թվականից Գուրզադյան ընտանիքի երեւանյան հասցեն է:

 

Ականավոր աստղաֆիզիկոսը հիմնականում ապրում ու աշխատում էր Բյուրականում ու Գառնիում: Բայց նրա՝ ոչնչով աչքի չընկնող, համեստ երեւանյան բնակարանում կազմակերպվում էին գաղտնի ու խիստ կարեւոր հանդիպումներ, քննարկվում տիեզերական մասշտաբի հարցեր ու կազմվում մոլորակին վերաբերող ծրագրեր:

 

Վահագն Գուրզադյանը սեղանի շուրջ  դրված աթոռներից առանձնացնում է մեկը, որին սովորաբար նստում էին Վիկտոր Համբարձումյանն ու խորհրդային տիեզերագնացության ամենանշանավոր դեմքերը:

Վահագն Գուրզադյանը Վահագն Գուրզադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս սենյակում հյուրընկալվել են Խորհրդային միության կրկնակի հերոսներ: Բոլորը գաղտնի գալիս էին Հայաստան, որովհետեւ հայրս վարում էր տիեզերական հետազոտությունների ծրագրերը: Սա այն քիչ դեպքերից է, երբ Հայաստանում արվում էր մոլորակային մակարդակի գործ: Խորհրդային միությունն ու Ամերիկան միակն էին, որ ունեին հրթիռային տեխնիկա: Հայրս առաջինն էր, որ 20-րդ դարի ամենալեգենդար մարդկանցից մեկին՝ խորհրդային տիեզերագնացության ղեկավար Սերգեյ Կորոլյովին առաջարկեց միջուկային զենք տեղափոխելու համար ստեղծված Р-5 տիպի ռազմական հրթիռի վրա դնել գիտական սարք՝ աստղադիտակ:

 

Այն ժամանակ այդ գործունեությունը հասարակությունից փակ էր, որովհետեւ համարվում էր ռազմական, պաշտպանական բնագավառ»,- պատմում է Վահագն Գուրզադյանը:

 

Ինքն ու եղբայրը դպրոցական էին: Հիշում էր՝ իրեն հաջողվեց սիրողական ապարատով նկարել այդ նշանավոր հանդիպումներից մեկը: Հիշում է նաեւ Խորհրդային ռազմական ուժերի մարշալի անձնական՝ սենյակներով առանձնացված 0001 համարի օդանավը, որով երբեմն Հայաստան էր վերադառնում Գրիգոր Գուրզադյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեղանին համաշխարհային գիտական ամսագրերում տպագրված հոդվածների  կողքին էսսեների ժողովածուներն են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստան այցելող կարեւոր հյուրերին սովորաբար տանում էին Գուրզադյանների տուն, ինչպես առաջին անգամ Հայաստան եկած ֆրանսահայ նկարիչ Գառզուին: Այս բնակարանում գիտության նշանավոր դեմքերից բացի արվեստագետներ, գրողներ էին հյուրընկալվում: Երբ Բյուրականից կամ Գառնիից Գրիգոր Գուրզադյանը վերադառնում էր Երեւան, երեկոները նրանց տունն աղմկոտ էր՝ հյուրեր, զրույցներ…

 

Գրիգոր Գուրզադյանը սիրողական չէր անգամ նախասիրություններում:

 

Պոլիտեխնիկական համալսարանին զուգահեռ նկարչական ուսումնարանում էր սովորում: Ու ամբողջ կյանքում հպարտությամբ նշում էր, որ աշակերտել է Մարիամ Ասլամազյանին: Նկարչուհին էլ սիրելի աշակերտին մի գիշերով տալիս էր իմպրեսիոնիստների՝ այն ժամանակ «դեֆիցիտ» ալբոմները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած տարիքային տարբերությանը՝ Մարտիրոս Սարյանի մտերիմն էր. Բյուրականում միասին նկարում էին: Ընկերներ էին ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի հետ: Գուրզադյանի նկարները համեստ հյուրասենյակին թանգարանի շունչ են տալիս: Վահագն Գուրզադյանն առանձնացնում է երկուսը՝ պատմականները: 1967 թվականին սահմանապահ զորքերի թույլտվությունը ստանալով՝ Նախիջեւան էր գնացել ու նկարել հայկական Ազա գյուղը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր գեղանկարները Գրիգոր Գուրզադյանը նվիրում էր «հատուկ» մարդկանց՝ ընկերներին, տիեզերագնացներին եւ սիրած աշակերտներին:

 

Ընտանեկան արխիվում՝ փաստաթղթերի, նամակների, լուսանկարների մեջ Սիլվա Կապուտիկյանը 80-ամյակին նվիրված միջոցառման հրավիրատոմսն է:

 

 «Մեր անզուգական Գրիգոր Գուրզադյանին՝ հայոց բռնցքաչափ հողին տիեզերական ուժականություն հաղորդող մարդուն: Սիլվա Կապուտիկյան»:

Լուսանկարը` Մեդիամաքս

P.S. Մոտ երկու տարի առաջ Երեւանում Վահագն Գուրզադյանի ջանքերով վերաբացվել է Տիեզերքի թանգարանը, որի մասին կարող եք կարդալ մեր հոդվածում:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին