Սթիվ Վոզնյակ. «Պլաստիկե» հասարակություն ենք դառնում - Mediamax.am

5253 դիտում

Սթիվ Վոզնյակ. «Պլաստիկե» հասարակություն ենք դառնում


Սթիվ Վոզնյակը
Սթիվ Վոզնյակը

Լուսանկարը` REUTERS

Սթիվ Վոզնյակը
Սթիվ Վոզնյակը

Լուսանկարը` REUTERS

Սթիվ Վոզնյակը
Սթիվ Վոզնյակը

Լուսանկարը` REUTERS


RBC Daily թերթը հարցազրույց է հրապարակել ՏՏ ոլորտի ամենահայտնի գործիչներից մեկի, Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ: 2011 թվականի նոյեմբերին Սթիվ Վոզնյակը արժանացավ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին եւ այցելեց Երեւան:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ հարցազրույցից:

 

«Պլաստիկե» հասարակություն

 

Մուրի կանոնը (Intel ընկերության հիմնադիր Գորդոն Մուրի դիտարկումը, համաձայն որի կրիչներում տեղավորվող տրանզիստորների քանակը կրկնապատկվում է երկու տարին մեկ) մոտենում է եզրագծին, եւ ավելի շատ ուշադրություն է դարձվելու ոչ թե «երկաթին» (hardware), այլ նոր ծրագրերի մշակմանը, ալգորիթմների օպտիմալացմանը, տվյալների մշակմանը եւ այն ամենին, ինչի շնորհիվ համակարգչային տեխնոլոգիաներն ավելի օգտակար կլինեն մարդկանց համար:

 

Ամեն օգուտ իր հակառակ կողմն ունի. «պլաստիկե» հասարակություն ենք դառնում: Ավելի շատ ենք նմանվում միմյանց, մեր մեջ գնալով պակասում են ստեղծարարությունը, անհատականությունը եւ անկախությունը: Թվային հեղափոխությունը ուժեղացնում է մեր կախվածությունը տեխնոլոգիաներից եւ որոշ չափով մեզ միանման է դարձնում:

 

Որքանո՞վ է վտանգավոր Մեծ եղբայրը

 

Իմ կարծիքով, սա շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է: Անկեղծ ցավում եմ, որ համակարգիչների զարգացման գործընթացը, որում ներգրավված էի, հանգեցրեց հետախուզման այնպիսի միջոցների ի հայտ գալուն, որոնց մասին շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում:

Սթիվ Վոզնյակը Սթիվ Վոզնյակը

Լուսանկարը` REUTERS

Տարբեր երկրների սահմանադրությունները ամրագրում են պետության պարտավորությունները: Մի շարք երկրների օրենսդրությամբ սահմանված է մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Ինձ դուր չի գալիս այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս հեշտությամբ խախտել այն, ինչը փորձում է երաշխավորել օրենքը: Մի օր մարդիկ ստիպված կլինեն պայքար սկսել հանուն իրենց իրավունքների, կանգնել եւ ասել պետությանը՝ այսպես այլեւս չի կարող շարունակվել:

 

Մարդիկ եւ ռոբոտները

 

Նախկինում ես կարծում էի, որ ռոբոտները մարդկանցից արագ կխլեն աշխատանքը, դուրս մղելով նրանց հասարակության ետնաբեմ: Սակայն, հետեւելով ոլորտի առաջընթացին, հասկացա, որ արհեստական բանականությունը երբեք չի կարողանա փոխարինել մարդուն: Նայում եմ շուրջս եւ տեսնում եմ զբաղվածության բարձր մակարդակ: Աշխատանքի ավտոմատացումը սկսել է դեռ 200 տարի առաջ, երբ Մանչեսթերում հայտնվեցին առաջին գործարանները, որոնք մեքենաների միջոցով էժան հագուստ էին կարում: Դեռ այն ժամանակ մարդիկ վախենում էին, որ մեքենաները իրենցից կխլեն աշխատանքը, այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ:

 

Այո, ռոբոտները կարող են խլել մարդկանց աշխատատեղերը որոշ ոլորտներում, սակայն կլինեն ոլորտներ, որտեղ հենց ռոբոտատեխնիկան եւ այլ թվային լուծումները կստեղծեն նոր աշխատատեղեր: Օրինակ, հարկավոր կլինեն մասնագետներ, որոնք կծրագրավորեն ռոբոտներին, կմշակեն դրանց նոր մոդելները եւ այլն: Վստահ եմ, որ հասարակությունը միշտ էլ կգտնի մարդկանց աշխատանքով ապահովելու եւ ցանկացած նոր տեխնոլոգիայից հասարակության համար օգուտ քաղելու տարբերակները:

 

Ինչպես է աշխատում ուղեղը

 

Չեմ կիսում որոշ մարդկանց ոգեւորությունը, ովքեր համարում են, որ մարդն ու մեքենան կմիաձուլվեն եւ կդառնան մեկ օրգանիզմ: Իհարկե, մենք կարող ենք տեղադրել մեր օրգանիզմում նանոսարքավորումներ, որոնք առողջության հետ կապված տարատեսակ խնդիրներ կլուծեն: Իսկ ներթափանցել մեզ իսկապես մարդ դարձնող մի ոլորտ՝ մեր ուղեղ, մեր մտքեր, մեր հիշողություններ…Սա հազիվ թե հաջողվի:

 

Ուղեղի մեջ որեւէ նոր բան ներմուծելու համար, մենք նախեւառաջ պետք է հասկանանք, ինչպես են ընթանում ուղեղի գործընթացները: Ես Բերկլիում հոգեբանության դասընթացների էի հաճախում եւ հատուկ ուշադրությամբ ուսումնասիրում էի, թե ինչպիսինն է մարդու հիշողությունը: Կարող եմ ասել, որ ոչ ոք դեռ չգիտի. մենք հստակ պատկերացում չունենք, ինչպիսինն է ուղեղը, ինչպես է այն աշխատում, եւ մենք չենք կարող ստանալ ուղեղի արհեստական պատճեն, որը կկարողանա մտածել: Քանի դեռ այս ամենը չկա, մարդու եւ մեքենայի միաձուլման մասին խոսք լինել չի կարող:

 

Տոմս դեպի Մարս

 

Շատ կուզեի, որպեսզի Իլոն Մասկին հաջողվեր իրագործել իր ծրագիրը՝ դեպի տիեզերք նավեր ուղարկել, որոնց վրա կտեղավորի երկու հարյուր մարդ, այսինքն՝ այդ ուղեւորությունները դարձնել կոմերցիոն առումով փոխհատուցվող, իսկ դրանց գինը համադրելի կլինի ինքնաթիռով ճանապարհորդություններին:

Սթիվ Վոզնյակը Սթիվ Վոզնյակը

Լուսանկարը` REUTERS

Եթե կարողանայի նավ նստել եւ ուղեւորվել դեպի Մարս միակողմանի տոմսով, ես դա կանեի: Կարծում եմ, ապագայում NASA-ի եւ այլ տիեզերական գործակալությունների, այդ թվում՝ մասնավոր նախագծերի շրջանակներում մարդիկ կկարողանան այլ մոլորակներում գաղութներ հիմնել: Արդյո՞ք մարդիկ զանգվածաբար կլքեն Երկիր մոլորակը: Ոչ, ես այդպես չեմ կարծում:

 

Ընդհանրապես վստահ չեմ, որ մարդկությունը կգոյատեւի մինչեւ միջաստղային ճանապարհորդություններ: Պատկերացրեք. լույսի արագությամբ շարժվելու եւ այլ աստղերին հասնելու համար տիեզերանավին անհրաժեշտ է ահռելի էներգիա: Եթե մենք սովորենք ստանալ այդ էներգիան, ապա, հավանաբար, կօգտագործենք այն որեւէ պատերազմի կամ այլ արհավիրքի միջոցով ինքներս մեզ կործանելու համար:

 

Պատրաստել է Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին