Թոմ դե Վաալի կարծիքով, ամենամեծ խնդիրը ՀՀԿ «դինոզավրներն» են - Mediamax.am

15123 դիտում

Թոմ դե Վաալի կարծիքով, ամենամեծ խնդիրը ՀՀԿ «դինոզավրներն» են


Թոմաս դե Վաալը
Թոմաս դե Վաալը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հրաժարականը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի քայլը հարգանքի է արժանի։

«Նախեւառաջ, պետք է ընդունեմ, որ սխալ կարծիք ունեի հայերի մասին եւ լավ չէի պատկերացնում բողոքելու եւ փոփոխություն պահանջելու նրանց պատրաստակամությունը։ Երբ մեկ ամիս առաջ Հայաստանում էի, տպավորություն ունեի, որ փոփոխությունները հնարավոր են միայն «վերեւից»։ Բայց ես սխալվում էի։ Այն, ինչ կատարվեց, կարելի է «կատարյալ փոթորիկ» անվանել», - ասել է Թոմ դե Վաալը։

 

Նա ընդգծել է, որ «Հայաստանը հասարակության դասական օրինակ է, որն այնքան անազատ է, որ մարդիկ բարկացած են, բայց բավականաչափ ազատ է, որ նրանք բողոքելու հնարավորություն ունենան»։ «Սա Ռուսաստանը չէ», - ասել է վերլուծաբանը։

 

«Կարեւոր փաստ է այն, որ Հայաստանում չկա համակարգային ընդդիմություն։ Կա քաղաքաբնակ երիտասարդների զանգված, որը կուսակցական չէ։ Քանի որ Հայաստանը հիմա խորհրդարանական հանրապետություն է, ամենամեծ խնդիրը ՀՀԿ-ի դինոզավրերն են Ազգային Ժողովում։ Ինչպես եւ Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Ադրբեջանում, խնդիրը մեծ քաղաքականության եւ մեծ բիզնեսի միաձուլումն է։ Այնպես որ, նոր ընտրությունները խիստ անհրաժեշտ են, սակայն ընդդիմությունը չունի կառույց կամ կուսակցություն, որի շուրջը կարող է միավորվել», - ասել է Թոմ դե Վաալը։

 

Խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, նա ընդգծել է, որ այդ քայլը հարգանքի է արժանի։ «Նա Յանուկովիչը չէ», - նկատել է դե Վաալը։ Նա զուգառեռներ է անցկացրել 1998 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, որում դեր էր խաղացել նաեւ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի առաջին նախագահն ասել էր, որ չի ցանկանում կրկնել Գամսախուրդիայի օրինակը եւ նախընտրում է խաղաղ հեռանալ, հիշեցրել է վերլուծաբանը։

 

Թոմ դե Վաալը նաեւ նկատել է, որ իր տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանն իրականում չէր ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ կնախընտրեր այդ պաշտոնը զիջել որեւէ մեկին՝ շարունակելով մնալ ետնաբեմում։ «Սակայն, ամենայն հավանականությամբ, այդպիսի մարդ չգտնվեց, եւ ստացվեց այնպես, որ Սարգսյանն ավելի շատ էր պետք համակարգին, քան վերջինս՝ իրեն», - գրում է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատողը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին