Փաշինյանի ելույթը Արցախում. 7 դրվագ - Mediamax.am

6190 դիտում

Փաշինյանի ելույթը Արցախում. 7 դրվագ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ի երեկոյան ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Ներկայացնում ենք հատվածներ վարչապետի ելույթից:

 

Համահայկական հեղափոխություն

 

Երբ ասվում է ժողովրդական հեղափոխություն, պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն, որովհետեւ ժողովուրդը համայն հայ ժողովուրդն է, ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ դե յուրե եւ ինչպես արձանագրվեց հեղափոխության ժամանակ դե ֆակտո։

 

Իր հերթին համահայկական հեղափոխություն նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ համայն հայության շրջանում, համայն հայության մեջ։

 

Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, եւ այդ արժեքների շարունակական ինստիտուցիոնալ արմատավորումը հայության շրջանում մեզ կրկին դնելու է աշխարհի առաջատար ժողովուրդների շարքում։

 

Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, բայց չի ավարտվել, որովհետեւ արժեքների հաստատումը, ամրագրումը, մարսումը տեւական քաղաքական պրոցես է, որը շարունակվում է եւ դեռ պիտի շարունակվի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։

 

Հատվածականությունը փոխարինել համահայկականությամբ

 

Համահայկական հեղափոխության ամենաառանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։ Մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջեւանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Սա ամենեւին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող եւ ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն։

 

Ռազմավարական նպատակադրումներ

 

Այսօր պատեհ եմ համարում համազգային քննարկման ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը՝ խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչեւ 2050 թվականը.

 

- Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։

 

- Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը եւ վերացնել աղքատությունը։

 

- Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։

 

- Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 000 աշխատող ստարտափ։

 

- 7-ապատկել միջին աշխատավարձը։

 

- Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։

 

- Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

 

- Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն եւ առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։

 

- Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։

 

- Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։

 

- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

 

Հնարավորն ու անհնարը

 

Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Եթե 1988 թվականին այս հրապարակում հավաքված մարդիկ մտածեին՝ հնարավո՞ր է արդյոք ազատագրել Արցախը, եթե այսպիսի հարց դնեին, շատերն այն ժամանակ էլ ասում էին՝ այդ ինչի՞ հետեւից եք ընկել, դա հնարավոր չէ, բայց այսօր այստեղ՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին, մենք իրար հետ կանգնած ենք Արցախի Վերածննդի հրապարակում եւ արձանագրում ենք, որ այո՜, հայ ժողովուրդը վերածնվել է, եւ հայ ժողովուրդը պետք է հաղթի։

 

Բացառել բռնությունը

 

Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն եւ հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։ Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։

 

Ազատամարտի արդյունքների պաշտպանությունը

 

Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Դավադրությունը բացառված է

 

Անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որեւէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ եւ, հետեւաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների եւ իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների եւ իղձերի արտահայտողը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին