Մեդիամաքս-ը եւ Հայռուսգազարդը ներկայացրել են երկու ֆիլմեր` Իէն Գիլանի մասնակցությամբ - Mediamax.am

5663 դիտում

Մեդիամաքս-ը եւ Հայռուսգազարդը ներկայացրել են երկու ֆիլմեր` Իէն Գիլանի մասնակցությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս:


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը եւ Հայռուսգազարդն այսօր Երեւանում ներկայացրել են երկու ֆիլմեր` Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասնակցությամբ:

Հայռուսգազարդի հովանավորությամբ թողարկված DVD-սկավառակի վրա ներկայացված են «Deep Puple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» լեհական ֆիլմի հայերեն տարբերակը եւ Մեդիամաքս-ի «Տան պատկերները» ֆիլմը, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգեւոր կապի մասին:

 

2011թ. նկարահանված «Deep Puple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը»  ֆիլմն արդեն արժանացել է չորս միջազգային մրցանակների, այդ թվում` հաղթող է ճանաչվել բրազիլական Ֆլարիանոպոլիսի կինոփառատոնում` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

 

Ֆիլմը Ֆրեդերիկ Շոպենի փառքի ճանապարհի մասին է: Իէն Գիլանը հրավիրում է ճանապարհորդել Լեհաստանով, որտեղ Շոպենը անց է կացրել իր կյանքի վաղ տարիները:

 

«Pictures of home» վավերագրական ֆիլմի հիմքում ընկած են «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակներում 2009թ. հոկտեմբերին ռոք-աստղերի հայաստանյան այցի եւ Իէն Գիլանի հարցազրույցի տեսագրությունները: Ֆիլմում Գիլանը խոսում է կրոնի, Աստծո, մշակույթի մասին` ներկայացնելով իր փիլիսոփայական խոհերը:

 

«Pictures of home» ֆիլմի նկարահանումները հովանավորել էր «ՀայՌուսգազարդը», որը նաեւ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի հովանավորն էր:

 

Սկավառակը նախատեսված չէ վաճառքի համար: Մեդիամաքս-ը եւ Հայռուսգազարդը Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին անվճար կուղարկեն սկավառակի մեկական օրինակ:

 

Սկավառակի շնորհանդեսին Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը հայտարարել է, որ մոտ ապագայում կսկսվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի երկար սպասված վերակառուցումը: 2009 թվականին «Հայռուսգազարդի» hովանավորության շնորհիվ Հայաստան այցելած ռոքի աստղերը խոստացել էին օգնել վերակառուցել դպրոցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին