«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ - Mediamax.am

exclusive
7108 դիտում

«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ


«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ
«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ճանաչված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ

Լուսանկարը` Ռուբեն Արեւշատյանի


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 11-ին Հանրային խորհուրդը որոշեց մերժել «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ առաջարկը:

Քննարկումների ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ներկայացվում է որպես խորհրդային մոդեռնիզմի նմուշ, սակայն իրենք շենքի հիշատակում համապատասխան ցանկերում չեն գտել:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ թեեւ շենքն ընդգրկված չէ  Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, 2012 թ. դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը, ի թիվս այլ խորհրդային ճարտարապետության նմուշներին, ներկայացվել էր Վիեննայում կայացած «Խորհրդային մոդեռնիզմ 1955-1991 թթ. Անհայտ պատմություններ» ցուցահանդեսին` որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ:

 

Ցուցահանդեսին հաջորդած Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակներում ընդունվել էր բանաձեւ, որը կոչ էր անում նախկին խորհրդային պետությունների իշխանություններին պահպանել, առանց ձեւափոխությունների վերականգնել եւ պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային  մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրը:

 

Ի պատասխան այս բանաձեւին` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013 թ. հունվարի 15-ին նամակ էր ուղղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որում հավաստիացրել էր, որ 1955-1991 թթ. կառուցված պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների պահպանությունը, վերականգնումը եւ վերանորոգումը գտնվում է պետության եւ ղեկավարության ուշադրության եւ հոգածության ներքո:

 

Ս.թ. մայիսին «Զվարթնոց» օդանավակայանը, «Հրազդան» մարզադաշտը, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Երիտասարդական պալատը, Կամերային երաժշտության տունը, Կասկադը եւ խորհրդային ուշ մոդեռնիզմի այլ հայտնի կառույցներ ներկայացվել էին Ստամբուլում բացված «Արդիություններ առանց սահմանների» (Tresspassing Modernities) ցուցահանդեսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին