«Լեռնային պար»-ը վերականգնվել եւ սպասում է իր նոր տեղին - Mediamax.am

exclusive
15272 դիտում

«Լեռնային պար»-ը վերականգնվել եւ սպասում է իր նոր տեղին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի խորհրդանիշ համարվող արձաններից մեկը՝ «Դվին» հյուրանոցի տարածքում թալանի ենթարկված «Լեռնային պար» արձանախումբն ամբողջությամբ վերականգնվել է:

 

Այժմ արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը սպասում է, թե երբ քաղաքային իշխանություններն արձանի տեղադրման համար պատշաճ վայր կընտրեն:

 

Մեդիամաքսը դեռեւս 2015թ. օգոստոսին պատմել էր, թե ինչպես է «Լեռնային պար»-ի հեղինակը Երեւանի Գեղարվեստի կոմբինատում սկսել արձանի վերականգնումը:

 

«Արձանախմբի վերականգնումն ավարտել եմ 2015թ. դեկտեմբերին: Շուրջ 6 ամիս պահանջվեց թալանի ենթարկված մասերը վերականգնելու համար»,- Մեդիամաքսին պատմել է Տիգրան Արզումանյանը:  

 

Արձանախմբի գոտկատեղից ներքեւ ընկած պղնձաձույլ ամբողջ մասը գողացվել էր: Քանդակագործը դրվագող վարպետի օգնությամբ նորից քանդակել է նշված հատվածը, գիպսից կաղապար պատրաստել, բետոնապատել եւ նորից պղինձ տեղադրել:

 

«Դվին» հյուրանոցի տնօրինությունը Տիգրան Արզումանյանին տրամադրել էր արձանի վերականգման համար անհրաժեշտ նյութերը ու ֆինանսական միջոցներ, սակայն դրանք չեն բավարարել աշխատանքն ամբողջությամբ իրականացնելու համար: Ավելի ուշ, արձանախումբը պատշաճ տեսքի բերելու համար ֆինանսական օժանդակություն է տրամադրել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսօր, երբ նայում եմ արձանին, գոհ եմ իմ աշխատանքից: Այն վերականգնվել է, ամբողջությամբ իր նախկին տեսքը ստացել: Իսկապես շատ եմ սիրում իմ այս գործը, եւ ամեն ինչ արեցի, որպեսզի այն վերականգնեմ»,- պատմել է հեղինակը: 

 

Չորս տոննա կշռող պղնձաձույլ արձանն այսօր՝ վերականգնումից շուրջ հինգ ամիս անց, դեռեւս գտնվում է Գեղարվեստի կոմբինատի բակում՝ սպասելով Երեւանում իր համար արժանի տեղին:

 

«Լեռնային պար»-ն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: Երեւանի քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունն արձանի համար դեռեւս հարմար վայր չեն ընտրել:

 

Հեղինակն ասում է, որ մշտական կապի մեջ է քաղաքային իշխանությունների եւ մշակույթի նախարարության հետ, եւ ձգտելու է անել ամեն ինչ, որ «Լեռնային պար»-ն իր արժանի տեղը գտնի մայրաքաղաքի կենտրոնում:

 

«Ես շատ կցանկանայի, որ իր նախկին տեղում՝ «Դվին» հյուրանոցի բակում տեղադրվեր, բայց այդ հյուրանոցի ճակատագիրը դեռեւս անորոշ է: Ոմանք ասում են, որ այն պատրաստ կլինի 2019թ., բայց այդքան սպասել չենք կարող: Ցանկալի է, որ Երեւանի կենտրոնի հայտնի վայրերից մեկում տեղադրվի, օրինակ՝ Գլխավոր պողոտայի տարածքում: Ուզում եմ՝ ապահով վայր լինի, որ ապահովագրված լինի»,- ասում է Տիգրան Արզումանյանը:

 

Եկատերինա Պողոսյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին