Շենգեն գոտին «քայքայման շեմին է» - Mediamax.am

14347 դիտում

Շենգեն գոտին «քայքայման շեմին է»


Լուսանկարը` REUTERS


Եվրամիությունը պետք է խստացնի իր արտաքին սահմանների վերահսկողությունը՝ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար:

Այս մասին ասել է Միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը՝ Ամստերդամում ԵՄ անդամ երկրների ՆԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտի արդյունքներով:

 

«Եվրոպայի համար բեկումնային շրջան է: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները: Քանի դեռ դա չի արվել, ընթացիկ խնդիրները լուծելն անհնար կլինի: Բացի այդ, մենք պետք է խստացնենք արտաքին սահմանների վերահսկողությունը»,- հավելել է նա:

 

«Շենգեն գոտին Եվրոպական Միության գլխավոր ձեռքբերումներից է, եւ մենք պետք է այն պաշտպանենք: Իսկ սահմանների ներսում տեղաշարժման ազատությունը պահպանելու համար մենք պետք է ավելի լավ վերահսկենք արտաքին սահմանները»,- ասել է Դիմիտրիս Ավրամոպոլուսը:

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԵՄ ՆԳ նախարարների հանդիպման արդյունքներով Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ-Լյայտները հայտարարել է, որ Շենգեն գոտին «քայքայման շեմին է», քանի որ առանձին երկրներ հարկադրված են վերահսկողություն սահմանել իրենց սեփական սահմանների նկատմամբ՝ Հունաստանի իշխանությունների անգործության հետեւանքով, որոնք չեն կարողանում պաշտպանել Եվրոպական Միության արտաքին «պարագիծը»:

 

«Եթե Հունաստանը միջոցներ չձեռնարկի, ապա ավելի ու ավելի շատ երկրներ կսկսեն ազգային միջոցառումներ ձեռնարկել՝ հետեւելով Ավստրիայի օրինակին»,- հայտարարել է Յոհաննա Միքլ-Լյայտները:

 

Նա հայտարարել է, որ ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար Հունաստանը պետք է ամրապնդի Թուրքիայի հետ ծովային սահմանը, որը ԵՄ արտաքին սահմանն է:

 

«Դա միֆ է, որ Թուրքիայի եւ Հունաստանի սահմանը չի կարելի ամրապնդել: Հունաստանի ռազմածովային ուժերը Եվրոպայի ամենախոշորներից են եւ ունեն բավական ներուժ՝ պահպանելու սահմանները»,- հայտարարել է նա:

 

Շենգեն գոտու ութ պետություն՝ Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան, Հունգարիան, Ֆրանսիան եւ Մալթան, ժամանակավոր վերահսկողություն են սահմանել իրենց ազգային սահմանների նկատմամբ: Ավելին, նրանք խնդրել են Եվրահանձնաժողովին առաջարկ պատրաստել՝ սահմանային վերահսկողության ժամկետը երկարաձգելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին