Քլինթոնը խոստանում է խուսափել պատերազմներից - Mediamax.am

13960 դիտում

Քլինթոնը խոստանում է խուսափել պատերազմներից


Լուսանկարը` REUTERS


Հիլարի Քլինթոնը, որը համարվում է Դեմոկրատական կուսակցության ԱՄՆ նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն, խոստացել է ընտրվելու դեպքում խուսափել ռազմական գործողություններից եւ դիվանագիտություն օգտագործել:

«Իմ կարծիքով՝ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր նախագահ անի իրենից կախված ամեն բան՝ ռազմական գործողություններից խուսափելու համար: Դա պետք է լինի ծայրահեղ միջոց, այլ ոչ թե առաջնային ընտրություն»,- ասել է նա՝ պատասխանելով Այովա նահանգի բնակիչների հարցերին:

 

Նրա խոսքով՝ պետության գլուխը պետք է հենվի դիվանագիտության վրա, նույնիսկ եթե արդյունքի ձեռքբերումը այդ դեպքում դառնում է «դանդաղ, ձանձրալի ու բարդ գործընթաց»:

 

Բացի այդ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Քլինթոնն ասել է, որ մտադիր է օգտվել այն «արտառոց հնարավորություններից, որ ԱՄՆ-ն ունի, սեփական արժեքներն ամբողջ աշխարհում պաշտպանելու համար»:  

 

Այդ կապակցությամբ նախկին առաջին տիկինը հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունները: Նրա խոսքով, երբ պարզվեց, որ Թեհրանը ձգտում է միջուկային ռումբի ստեղծմանը, ամերիկյան վարչակարգն ուներ երկու տարբերակ, «երես թեքել եւ սպասել, որ որեւէ մեկը սկսի գործել, կամ նոր ռազմավարություն կիրառել»:

 

Արդյունքում ԱՄՆ-ն աջակցեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների հաստատմանը, ինչը ստիպեց Թեհրանին բանակցային սեղանի շուրջ նստել: Քլինթոնը նշել է, որ Վաշինգտոնի շատ դաշնակիցներ տարածաշրջանում առաջարկում էին հարցը լուծել ռմբակոծումների միջոցով:

 

«Ես շատ ժամանակ ծախսեցի՝ բացատրելով մեր ընկերներին, որ դա վատ գաղափար է»,- ընդգծել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին