Ստեփան Գրիգորյան. «Սասնա Ծռերը» փակել են զինված պայքարի էջը - Mediamax.am

exclusive
13524 դիտում

Ստեփան Գրիգորյան. «Սասնա Ծռերը» փակել են զինված պայքարի էջը

Ստեփան Գրիգորյանը
Ստեփան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը քաղաքագետ, «Սասնա Ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր առաջադրված Ստեփան Գրիգորյանի հետ

 

- Օրերս զրուցում էի ընկերներիցս մեկի հետ եւ նա ասաց, որ այս ընտրություններում իրեն ամենից շատ երկու բան է զարմացրել. Դավիթ Շահնազարյանի ընդգրկումը ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում եւ Ձեր ներկայությունը «Սասնա Ծռերի» ցուցակի երկրորդ հորիզոնականում։ Արդյո՞ք հեղափոխության օրերին, որի մասին, ի դեպ, գիրք եք գրել, կարող էիք ենթադրել, որ առաջադրվելու եք Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, ընդորում՝ «Սասնա Ծռերի» ցուցակով։

 

- Չեմ թաքցնի, մտածում էի առաջադրվելու մասին եւ ինձ տեսնում էի այնպիսի ուժի կազմում, որն ունակ կլինի Ազգային ժողովում հակակշիռ ստեղծել նոր իշխանություններին։ Մենք, երբեմն, մոռանում ենք, որ խորհրդարանական հանրապետություն ենք եւ Ազգային ժողով ենք ընտրում, այլ ոչ թե վարչապետ։

 

Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է կազմելու նոր Ազգային ժողովում, իսկ որպես հակակշիռ կարող են հանդես գալ մեկ-երկու քաղաքական ուժեր։ Կան նաեւ նոր, հետաքրքիր ուժեր, սակայն նրանք ռեսուրս չունեն այս կարճ ժամանակահատվածում ընտրողներին ներկայանալու համար։

Ստեփան Գրիգորյանը Ստեփան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սասնա Ծռերն» այսօր այն ուժն է, որն իրապես կարող է հակակշիռ լինել։ Շատերը խոսում են միայն «Սասնա Ծռեր» խմբավորման մասին, բայց չմոռանանք, որ եղել է «Հիմնադիր խորհրդարանը», «Նախախորհրդարանը»։ Ինչո՞ւ ես համաձայնեցի «Սասնա Ծռեր»-ի առաջարկին։ Նախեւառաջ, որովհետեւ սիրում եմ մասնակցել իրական քաղաքական պայքարին։ Սակայն մինչ համաձայնությունը տալը ես հանդիպում նախաձեռնեցի Ժիրայր Սեֆիլյանի եւ այլ տղաների հետ, որպեսզի ստանամ ինձ հուզող կարեւոր հարցի պատասխանը։ Ինձ բավարարեց իրենց հայտարարությունն այն մասին, որ քանի որ Հայաստանում հեղափոխություն է տեղի  ունեցել, իրենք զինված պայքարի էջը փակված են համարում։ Անկեղծ ասած, ինձ զարմացրեց իրենց որոշումը ցուցակում ինձ երկրորդ տեղը հատկացնելու մասին։ Սա վկայում է, որ «Սասնա Ծռեր»-ն, իսկապես, նպատակ ունեն կառուցել մի ուժ, որը կհամախմբի տարբեր խավերի եւ հայացքների մարդկանց։

 

- Պարոն Գրիգորյան, Դուք ասացիք, որ «Սասնա Ծռեր»-ը զինված պայքարի էջը փակված են համարում։ Մի քանի օր առաջ հեռուստաընկերություններից մեկի եթերում լսեցի Գեւորգ Սաֆարյանի խոսքերն այն մասին, որ ժողովուրդն, այնուամենայնիվ, ունի զինված ապստամբության իրավունք, որը կարող է իրագործել որոշակի հանգամանքներում։ Եկեք համաձայնենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը շարունակում է շահագործել «Սասնա Ծռեր» խմբավորման բրենդը։ Ձեր պոտենցիալ ընտրողներից շատերը, լսելով «Սասնա Ծռեր» անունը, հիշում են ՊՊԾ գնդի գրավման օրերը։ Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ քվեարկելով «Սասնա Ծռեր»-ի օգտին, մարդիկ փաստացի իրենց ձայնը տալու են ոչ թե քաղաքական ուժին, այլ 2016 թվականի հուլիսին ոստիկանության գունդը գրաված մարդկանց, որոնց հասարակության մի մասը ահաբեկիչ է համարում։

 

- Շատ ճիշտ եւ զգայուն հարց եք տալիս։ Իրոք, մեր հասարակության մի մասն ասում է՝ «տեսնում ենք, որ լավ տղաներ են, ազնիվ են, հայրենասեր են, բայց կարո՞ղ է նորից նման քայլերի դիմեն»։ Ես դա բացառում եմ, հակառակ դեպքում՝ այստեղ չէի լինի։

 

Ես խոսել եմ Գեւորգ Սաֆարյանի հետ եւ կուզեմ մեկնաբանել իր խոսքերը։ Մի պահ մոռանանք Հայաստանի մասին։ Ցանկացած երկրում եւ հասարակությունում, որում մեկ մարդ կամ մարդկանց խումբ բռնատիրություն են հաստատում՝ ոտնահարելով Սահմանադրությունը, ժողովուրդը կամ դրա մի մասը դիմադրելու իրավունք ունի։ Ապստամբության իրավունքը նշվում է նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրության նախաբանում։ Բնականաբար, դա չի նշանակում, որ այդ իրավունքը պետք է մշտապես օգտագործվի։

 

Հիմա, երբ հնարավորություն կա երկրում ժողովրդավարությունը զարգացնելու, մենք պետք է կենտրոնանանք հենց դրա վրա։ Մարզեր կատարած այցերի ժամանակ ես տեսա, որ մեծ սեր կա «Սասնա Ծռերի» նկատմամբ։ Շիրակի մարզում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ մարդիկ այնքան խիտ էին խմբվել Ժիրայր Սեֆիլյանի եւ իմ շուրջը, որ ստիպված էինք խնդրել նրանց մի փոքր ետ քաշվել։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատերազմի հերոս լինելով, անչափ համեստ մարդ է։ Մեր առաջին տասնյակում շատ հետաքրքիր ու պատրաստված մարդիկ կան՝ Վարուժան Ներսիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Կառա Չոբանյանը, որը համարվում է իսպաներենից լավագույն թարգմանիչներից մեկը: Լավ է, որ կուսակցությունը ներգրավում է նման տաղանդավոր մարդկանց։ Ես վստահ եմ, որ պայքարող մարդկանց, ինտելեկտուալների եւ քաղաքական փորձառություն ունեցողների այս համադրությունը չափազանց օգտակար կլինի Ազգային ժողովի համար։

Ստեփան Գրիգորյանը Ստեփան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք ընտրարշավի ժամանակ բազմիցս ասել ենք, որ այսօրվա կառավարությանը պետք է աջակցել։ Ինչ էլ ասեն մեր հասցեին, մենք հայտարարում ենք, որ գալիս ենք Նիկոլ Փաշինյանին աջակցելու։ Մենք ցանկանում ենք ընդդիմախոս, ուրիշ բեւեռ լինել, այլ ոչ թե կոշտ ընդդիմադիր։ Մի օրինակ բերեմ։ Նիկոլ Փաշինյանը փայլուն քայլ կատարեց եւ ետ կանչելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ապացուցեց, որ Հայաստանն ինքնիշխանություն ունի։ Եվ մենք աջակցեցինք այդ քայլին։ Սակայն հետո իր շրջապատը չկարողացավ հուշել Փաշինյանին, որ պետք չէ սրել իրավիճակը եւ պնդել, որ առաջիկա մեկ ու կես սարին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը։ Եթե մենք ներկայացված լինեինք Ազգային ժողովում, հանդես կգայինք մեր առաջարկներով ու վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կօգտվեր դրանցից։

 

- Ի՞նչ առաջարկներ կանեիք։

 

- Պայքարել ոչ թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու, այլ այդ պաշտոնի հետ կապված հարցերն ամրագրելու համար։ Այսինքն՝ ի՞նչ ենք անում, եթե մի օր մեկ այլ երկրի ներկայացուցիչ, օրինակ, առողջական պատճառներով, չի կարող շարունակել իր լիազորությունների կատարումը։ Ֆիքսել կանոնադրության մեջ, որ մնացած ժամանակահատվածում տվյալ երկիրը պետք է ներկայացնի այլ թեկնածու։

 

- Իսկ չե՞ք կարծում՝ եթե Յուրի Խաչատուրով նախ հետ կանչվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հետ քննարկումից հետո եւ հետո միայն նրան Հայաստանում մեղադրանք առաջադրվեր, մենք կարող էինք առհասարակ խուսափել աղմուկից։

 

- Համաձայն եմ՝ այդ հարցը պետք էր լուծել կուլուարներում։ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը պետք է համապատասխան աշխատանք տաներ եւ ներկայացներ իրավիճակը, միգուցե կարելի էր նաեւ հատուկ բանագնաց ուղարկել ՀԱՊԿ անդամ-երկրների մայրաքաղաքներ։ Համոզված եմ, որ թեեւ Ռուսաստանի առաջին ռեակցիան կարող էր բացասական լինել, բայց հետո կհասկանային տրամաբանությունը, ինչպես նաեւ այն, որ նոր իշխանությունը ցանկանում է նոր ներկայացուցիչ ունենալ։

Ստեփան Գրիգորյանը Ստեփան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեղծված վիճակի պատճառներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատանքային համերաշխություն չկա։ Եվ կրկնում եմ՝ մենք ցանկանում ենք Ազգային ժողովում աջակցել Նիկոլ Փաշինյանին։

 

- «Սասնա Ծռերը» հասարակության մի մասի կողմից ընկալվում է որպես բացահայտ հակառուսական կուսակցություն, եւ կարծիքներ կան, որ վտանգավոր է նման ուժ ունենալ Ազգային ժողովում։

 

- Մենք խիստ վերաբերմունք ունենք Կրեմլի վարած քաղաքականության հանդեպ, բայց մենք հակառուսական ուժ չենք։ Եվ Նիկոլ Փաշինյանը կարող է դա փայլուն կերպով օգտագործել: Բացատրեմ, թե ինչպես։ Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ-ում ինչ-որ հարց չի լուծվում հօգուտ Հայաստանի։ Մենք, բնականաբար, հանդես կգանք քննադատությամբ, ընդ որում՝ անկեղծ, առանց «խաղերի»։ Դա էլ Փաշինյանին հնարավորություն կտա ասել իր գործընկերներին, որ եթե մեզ հուզող խնդիրները պարբերաբար լուծում չստանան, Հայաստանում կարող է իշխանության գալ մի ուժ, որն ավելի արմատական մոտեցումներ ունի։

 

Պետք է արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը եւ ԵԱՏՄ-ն գործուն կառույցներ չեն։ Սակայն մենք դեմ ենք իմպուլսիվ որոշումներին եւ չենք ասում, որ հենց վաղը պետք է դուրս գանք այդ միավորումներից։ Մենք Ռուսաստանի հետ առճակատման գնալ չենք ցանկանում, բայց ուզում ենք մատնանշել Ռուսաստանին խաղի կանոնները փոխելու անհրաժեշտությունը։ Նորմալ չէ իրավիճակը, երբ հայկական կողմն է վճարում իր տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ջրի եւ էլեկտրաէներգիայի վարձերը։

Ստեփան Գրիգորյանը Ստեփան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախկինում ռազմաբազայի այդ ծախսերը Հայաստանն ու Ռուսաստանը հոգում էին 50/50 համամասնությամբ, իսկ այսօր գրեթե 100 տոկոսը վճարում է Հայաստանը։ Կամ էլ հայ-ռուսական միացյալ զորախմբին վերաբերող փաստաթղթերում ասվում է, որ Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում զորախմբի հրամանատարը կարող է ռուսաստանցի գեներալ լինել։ Մենք կարծում ենք, որ նման խնդիրները պետք է շտկվեն՝ Ռուսաստանի հետ հակադրության մեջ չմտնելով։ Ուստի պետք չէ վախենալ մեր կողմից գործածվող «ապագաղութացում» եզրույթից։

 

- Դուք բացառո՞ւմ եք, որ «Սասնա Ծռերը» կարող են չհայտնվել Ազգային ժողովում։

 

- Ընտրապայքարի ընթացքում եւ դրա մեկնարկից առաջ մարզերում ունեցած մեր հանդիպումները վկայում են, որ մենք մեծ թվով կողմնակիցներ ունենք։ Այնպես որ, շանսերը շատ մեծ են, բայց ես ենթադրություններ չեմ անի մեր հնարավոր արդյունքի մասին։ Ժողովուրդը պետք է իր խոսքը ասի։

 

- Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խստացրել է իր հռետորաբանությունը, կոշտ հայտարարություններ է անում, որոնք երբեմն վանում են նաեւ իր կողմնակիցներին։ Չե՞ք կարծում, որ այդպիսով նա ցանկանում է իր կողմը քաշել ընտրողների այն առավել ռադիկալ զանգվածը, որը համարվում է «Սասնա Ծռեր»-ինը։

 

- Ընտրարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հղած մեր մեսիջները միայն դրական են եղել եւ դրական էլ կմնան՝ անկախ նրանից, թե մեր հասցեին ինչ են ասում։ Եթե հետեւել եք ընտրարշավին, նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե կրկնում է այն, ինչ ասում է Ժիրայր Սեֆիլյանը։ Խոսքս, մասնավորապես, Սեֆիլյանի այն հայտարարության մասին է, որ ի վերջո Հայաստանն ու Արցախը պետք է միավորվեն։

 

- Արցախի հարցում «Սասնա Ծռերը» կարո՞ղ են որոշակի ճկունություն ցուցաբերել։

 

- 1988 թվականին, երբ սկսվում էր Շարժումը, Հայաստանի եւ Արցախի վերամիավորման խնդիր էր դրված։ 1991-ից հետո մենք գնացինք ինքնորոշման ճանապարհով, քանի որ այդ ժամանակ միջազգային հանրությունն «աստվածացնում» էր տարածքային ամբողջականության սկզբունքը եւ դրան կարելի էր հակադարձել միայն ինքնորոշման իրավունքով, որը եւս ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է։ Կարող են վիճել՝ ճի՞շտ էր այդ ճանապարհը, թե ոչ, բայց այդ որոշումը կայացվել էր։

Ստեփան Գրիգորյանը Ստեփան Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր շատերը մոռանում են, որ «Մադրիդյան սկզբուքներն», այլեւս, չկան։ Ընդ որում, հենց Ադրբեջանն է մերժել դրանք։ Ավելին, 2012 թվականից առ այսօր որեւէ իրական բանակցություններ տեղի չեն ունեցել։ Այսօր ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ ասում է, որ Զանգեզուրն ու Երեւանը ադրբեջանական հողեր են, որոնք պետք է վերադարձվեն։ Մենք պետք է արձագանքենք այս նոր իրողություններին եւ հասկանանք, որ պահանջատիրությունը կրկին արդիական է դառնում։ Մենք պետք է հստակ ասենք, որ Արցախը մեր հայրենիքի մասն է, եւ մենք պետք է վերամիավորվենք։ Ինչպես դա տեղի կունենա՝ արդեն պետք է բանակցել։ Ես որոշակի վտանգ եմ տեսնում այն բանում, որ «Իմ քայլը» եւ այլ քաղաքական ուժերն այս նոր իրողության մեջ չեն հասցրել խորանալ եւ իներցիայով շարունակում են ինքնորոշման հայեցակարգը։

 

Ստեփան Գրիգորյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին