Ծննդյան օրվա նվեր եմ ուզում - Mediamax.am

Ծննդյան օրվա նվեր եմ ուզում
35984 դիտում

Ծննդյան օրվա նվեր եմ ուզում


Բոլորս սիրում ենք նվերներ ստանալ, հատկապես` ծննդյան օրերին: Ես էլ բացառություն չեմ ու այսօր ստացել եմ լավ նվերներ ու հաճելի բարեմաղթանքներ: Սակայն կա մի նվեր, որը ես այս տարի շատ եմ ցանկանում եմ ստանալ ու պատրաստ եմ ընդունել այն անգամ մեծ ուշացումով:

Արդեն գրել էի այն մասին, որ 2011թ. մայիսին լույս տեսավ WhoCares սուպերխմբի սկավառակը, որը հիմնադրել են Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին`Հայաստանի բարեգործական ծրագրին աջակցելու համար:

Ձայնագրությունը կայացավ 2010թ. հոկտեմբերին` Լոնդոնի Sarm Studio-ում: Քանի որ Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցման Հայաստանի հիմնական պատասխանատուն Մեդիամաքս-ն, մեկնեցի Լոնդոն` ձայնագրությանը մասնակցելու համար:

Այդ օրը ձայնագրման ստուդիայում ես երբեք չեմ մոռանա, ու նույնիսկ վստահ չեմ, որ կարող եմ լավ նկարագրել այն զգացմունքները, որոնք ունեի այն ժամանակ:

Առաջինը ձայնագրման ստուդիա եկավ Iron Maiden խմբի տեխնիկական մենեջերը, որի արտաքինը կարող էր ծանր ռոքի հավաքական պատկեր լինել` բազմաթիվ զարդեր, անթիվ դաջվածքներ ու հանդուգն պահվածք: Նա բերել էր Iron Maiden-ի հարվածային գործիքների նվագող Նիքո ՄքԲրեյնի սարքավորումները: Քիչ անց եկավ ինքը ՄքԲրեյնը` չափազանց կոկիկ հագնված: Սակայն հանդերձարանից նա դուրս եկավ սովորական T-shirt-ով, շորտերով ու… ոտաբոբիկ: Պարզվեց, որ նվագելուց միշտ ոտաբոբիկ է լինում:

Հետո բերեցին այն գործիքը, որի մասին այդքան շատ էի լսել ու կարդացել. Deep Purple խմբի հիմնադիր Ջոն Լորդի էլեկտրական երգեհոնն էր` մոգական Hammond-ը: Ռոքի սիրահարները ինձ կհասկանան` կենդանի Hammond տեսնելն արդեն իսկ հաջողություն է, իսկ Ջոն Լորդի Hammond-ը` պարզապես հեքիաթ:

Հետո եկավ Թոնի Այոմին: Չնայած, որ մենք իր հետ հանդիպել էինք դրանից մեկ տարի առաջ Հայաստանում ու ընդամենը երկու օր էինք միասին անցկացրել, նա ինձ այնպիսի ջերմությամբ ողջունեց, որ մոտս ցանկություն առաջացավ շոշափել ինքս ինձ` համոզվելու համար, որ երազ չէ:

Վերջում եկավ Իէն Գիլանը: Սկզբում նա սովորականից ավելի զուսպ էր ու մտազբաղ, բայց հետո, միանալով Այոմիին, ՄքԲրեյնին ու Լորդին, դարձավ այն Գիլանը, որին ճանաչում եմ:

Գիլանը ինձ ներկայացրեց Լորդին.

- Ծանոթացիր, Արան է, Հայաստանից է:

- Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ, ջենթլմեն:

Ու կրկին ինձ թվում էր, որ սա երազի պես մի բան է:

Քիչ անց գործի անցան: Ըստ էության, հիմնական գործը պետք է անեին Լորդն ու ՄքԲրեյնը` Գիլանն ու Այոմին իրենց պարտիաները հիմնականում նախապես ձայնագրել էին, իսկ Լորդն ու ՄքԲրեյնը երգը առաջին անգամ էին լսում: Չեմ կարող նկարագրել, թե ինչպիսի մանրակրկիտությամբ այդ մարդիկ մոտեցան գործին ու քանի անգամ ձայնագրեցին իրենց մասերը` ցանկալի արդյունքին հասնելու համար: Իսկ ես ու Ավստրալիայից տեսահոլովակի նկարահանման համար եկած Բեռնին ու Քրիստինան ողջ օրը պայծառ դեմքերով շրջում էինք ձայնագրման ստուդիայում` չհավատալով մեզ բաժին ընկած երջանկությանը:

Ի՞նչ կապ ունի այս ամենն իմ ծննդյան օրվա նվերի հետ: Ստացվել է այնպես, որ Sarm Studios-ում իմ երկրին օգնելու համար հավաքված երաժիշտներից երկուսը` Ջոն Լորդն ու Թոնի Այոմին, այսօր պայքարում են քաղցկեղի դեմ: Ես ուզում եմ նվեր ստանալ` թող հաղթեն այդ պայքարում:



Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին