Ո՞վ եւ ինչպե՞ս կհաղթի օլիգարխներին - Mediamax.am

Ո՞վ եւ ինչպե՞ս կհաղթի օլիգարխներին
13571 դիտում

Ո՞վ եւ ինչպե՞ս կհաղթի օլիգարխներին


Երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից` իրեն այս կամ այն չափով պատասխանատու համարելով Վահե Ավետյանի սպանության համար: Դրանից հետո սոցցանցերում բարձրացավ քննարկումների նոր ալիք. Դրանց մասնակիցների մի մասը ուզում էր հավատալ Ռուբեն Հայրապետյանի անկեղծությանը, մյուս մասը պնդում էր պայքարը շարունակելու անհրաժեշտությունը:

Պայքարի նպատակը պարզ է բոլորին` Հայաստանում ապահովել իրական օրենքի գերակայություն, վերականգնել արդարությունը ու մարդկանց հավատը վերջինիս նկատմամբ, վերջ տալ հաստավիզների ամենաթողությանը: Պարզ է նաեւ, որ այս նպատակին հասնելու համար պայքարը պետք է մղեն իշխանությունը եւ հասարակության մտածող զանգվածը:

Իշխանությունը հաճախ սիրում է կրկնել, որ հասարակությունը պետք է անի իր բաժին գործը: 2011թ. ապրիլին Տիգրան Սարգսյանն ասաց, որ «մենք պայքար ենք սկսել օլիգարխների դեմ»:  «Այդ պայքարում հաջողության չենք հասնի, եթե բոլորը սլաքն ուղղեն կառավարության, վարչապետի դեմ», - նկատեց վարչապետը:

«Նայեք ու սպասեք, տեսնենք, թե պարոն վարչապետ, ո՞նց ես պայքարելու նրանց դեմ: Այն մարդիկ են սլաքը կառավարության ու ինձ վրա ուղղում, ովքեր հենց այդ օլիգարխներն ու մոնոպոլիստներն են: Հասարակությունն էլ սպասում է` «էս վարչապետը ո՞նց է նրանց գլուխները կոտրելու»: Այսպիսի մոտեցմամբ մենք երբեք արդյունքի չենք հասնի», - ասել էր Տիգրան Սարգսյանը:

Վահե Ավետյանի մահվանը հետեւած իրադարձությունները, ինչպես նաեւ Մաշտոցի պուրակի պաշտպանների հաղթանակը վկայում են այն մասին, որ հենց հասարակությունը արդյունք ապահովեց եւ ոչ թե իշխանությունը: Իշխանությունը բոլորովին նորմալ էր համարում տաղավարների «ժամանակավոր» տեղադրումը այգում եւ միայն հասարակական ընդվզման արդյունքում ծնվեց «Տարոն ջան, գեղեցիկ չէ» բանաձեւը: Եթե չլիներ հասարակական ընդվզումը, ապա դժվար թե Ռուբեն Հայրապետյանը կայացներ իր երեկվա որոշումը:

Փետրվարին հարցազրույց վերցրեցի վարչապետից, որի ընթացքում խոսում էինք ՀՀԿ նախընտրական ծրագրի մասին: Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասաց.

«Երկրում արդարության ապահովումը լրջագույն խնդիր է եւ իշխանությանն ուղղված ժողովրդի պահանջն արդարացված է: Սակայն  հասարակության պահանջը միայն բավական չէ. մեր քաղաքացիների մեծ մասը պատրաստ չէ ջանք գործադրել արդարության ապահովման համար, եւ սա մեր  հասարակության բնորոշ առանձնահատկություններից է: Բոլորը պահանջում են միայն,  որ արդարությունը պարտադրվի պետության կողմից, բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց առանց իրենց մասնակցության»:

Պատրաստ եմ պնդել, որ «Հարսնաքարի» դեպքում ունենք լրիվ հակառակ պատկերը` արդարությունը պարտադրվեց հասարակության կողմից, առանց պետության մասնակցության: Այն, որ պետությունը ձերբակալեց Վահե Ավետյանին մահվան դռանը հասցրած թիկնապահներին, ցավոք, արդարության երաշխիք համարել չեմ կարող: Ինչո՞ւ: Մասնավորապես, այն պատճառով, որ ոստիկանությունը արդեն երկու ամիս քննում է Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործը ու չի հայտնում` արդյո՞ք կան կասկածյալներ, ձերբակալվածներ: Հաղորդում են միայն, որ հարցաքննել են 200 մարդու: Լավ, միթե հնարավո՞ր է հավատալ, որ ոստիկանությունը երկու ամսվա ընթացքում չի կարողանում պարզել, թե ո՞վ էր հրահանգել փուչիկները լիցքավորել ոչ թե անվնաս, այլ վտանգավոր ու էժան գազով:

Օլիգարխների դեմ պայքարում հասարակությունը իր գործն անում է: Վաղուց եկել է ժամանակը, որ գործի անցնի նաեւ իշխանությունը: Իշխանությունը պետք է վերջապես հասկանա, որ երբ Փակ շուկայի սեփականատերը երկու ամսվա ընթացքում երկու անգամ առանց համապատասխան թույլատվության քանդման աշխատանքներ է իրականացնում, նրան պետք է կարգի հրավիրել, ընդ որում, անել դա հրապարակային կերպով:

Քաղաքական շոուների սիրահար չեմ, Վլադիմիր Պուտինն էլ երբեք իմ «հերոսը» չի եղել: Սակայն եթե մեր իշխանությունն ուզում է, որ մենք հավատանք օլիգարխների դեմ պայքարելու իր ցանկությանն ու կարողությանը, պետք է իրեն երբեմն պահի այնպես, ինչպես պատկերված է ստորեւ ներկայացվող տեսանյութում.



Երբ մեր իշխանությունը համարձակություն կունենա օլիգարխների հետ գոնե մեկ անգամ խոսել ու վարվել այսկերպ, այդ դեպքում միայն իրավունք կունենա կշտամբել հասարակությանը: Հակառակ դեպքում պետք է գոնե խոստովանի, որ օլիգարխների դեմ չի պայքարում այն պարզ պատճառով, որ այդ չարաբաստիկ «վախի մթնոլորտը» նաեւ իրեն չի շրջանցել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին