Վարդան Մինասյանի ֆենոմենը - Mediamax.am

Վարդան Մինասյանի ֆենոմենը
6989 դիտում

Վարդան Մինասյանի ֆենոմենը


Երեկ շատերը «ըմբոշխնում էին» Հայաստանի գրողների միության համագումարի տեսարանները եւ Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան իրական կամ հորինված «լեզվակռվի» մանրամասները, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարչիչ Վարդան Մինասյանը հեռանում է իր պաշտոնից:

Կասեք` ի՞նչ կապ կա Վարդան Մինասյանի, գրողների ու քաղաքական գործիչների միջեւ: Փառք Աստծո, ոչ մի կապ էլ չկա: Փոխարենը, մեծ կապ կա Վարդան Մինասյանի ու իր սաների եւ մեր ժողովրդի միջեւ: Վերջին երկու տարիների ընթացքում հենց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն էր, որ միավորում էր բոլորիս եւ թույլ էր տալիս կտրվել զանազան կարեւոր ու անկարեւոր բաներից` ընտրություններից, գազի գնից, Մաքսային միությունից, Զորի Բալայանի նամակից…

Հենց դրանում է կայանում Վարդան Մինասյանի ֆենոմենը, որին հաջողվեց անվստահության, զանազան բարդույթների, քծնանքի ու անպատժելիության մեջ եփվող հասարակությունում ստեղծել մի թիմ, որը, իրենից անկախ, դարձավ այն «հայկական երազանքը», որի կարիքն իսկապես շատ ունեինք:

Իհարկե, Վարդան Մինասյանը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը եւ հավաքականի այլ անդամները սովորական մարդիկ են ու զերծ չեն թերություններից: Բայց նրանք, ի տարբերություն շատ-շատերի, չեն փորձում սուրբ ձեւանալ ու կարող են սովորել սեփական սխալների վրա: Հենց դա է պատճառը, որ հենց նրանց մենք նախընտրեցինք տաղանդավոր ու անտաղանդ գրողներին, ծախու եւ անինքնասեր քաղաքական գործիչներին, ագահ ու անկիրթ օլիգարխներին:

Այո, հավաքականը նաեւ բոլորիս ծանր պահեր պարգեւեց, մասնավորապես, պարտվելով Մալթային: Շատերը հարձակվեցին Վարդան Մինասյանի վրա` հաշիվ պահանջելով: Անգամ նրանք, ովքեր բակում երբեք ֆուտբոլ չէին խաղացել կամ որեւէ անգամ մարզադաշտ չէին գնացել, սկսեցին խորը վերլուծություններ անել այն մասին, որ «Մինասյանը հասել է իր կարողությունների գագաթնակետին եւ պետք է հեռանա»: Հետո ջախջախեցինք Դանիային ու նորաթուխ «մեկնաբանները» նորից սկսեցին օվսաննա երգել գլխավոր մարզչին:

Երկու տարի առաջ, Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո, գրել էի հետեւյալը.

Ուզում եմ հավատալ, որ մեր հավաքականը չի «կոտրվի» այս պարտությունից հետո: Մի ամբողջ ժողովրդին հրաշքներ պարգեւող մարդիկ չեն կարող կոտրվել: Նրանք մեզ բոլորիս միավորեցին այնպես, ինչպես չի կարող միավորել որեւէ քաղաքական ուժ: Նրանք հայրենասեր դարձրեցին անգամ նրանց, ովքեր մտածում էին, որ հայրենասեր լինելը «ժամանակակից» չէ: Ամենակարեւորը` նրանք մեր մեջից հանեցին հերթական պարտության հուսահատ սպասումը:

Երկու տարի անց ուրախ եմ արձանագրել, որ նրանք իսկապես չկոտրվեցին եւ այս ընտրական փուլում կրկին միավորեցին բոլորիս: Հիմա էլ մնում է հուսալ, որ հավաքականի տղաները նոր մարզչին կվստահեն այնպես, ինչպես վստահում էին Վարդան Մինասյանին:

Վերջում էլ մեջբերեմ մի հատված Վարդան Մինասյանի մեր հարցազրույցից.

«Այսօր Հայաստանում ֆուտբոլը դարձել է ազգային երեւույթ ու ազգային գաղափար: Այսօր մենք ունենք հավաքական, որի խաղացողները մտնում են դաշտ ու տալիս են իրենց ուժերի 100 տոկոսը: Երբեք չպետք է նրանցից երես թեքենք` անկախ խաղի արդյունքից: Թիմում այսօր խաղում են հայրենասերներ, եւ ես ուզում եմ, որ մենք միշտ երկրպագենք Հայաստանի ազգային հավաքականին` անկախ այն բանից, թե ինչ ֆուտբոլիստներ են խաղում, եւ ով է մարզիչը: Ես կարող եմ հավաստիացնել, որ մեր թիմը միշտ անելու է առավելագույնը: Ֆուտբոլը Հայաստանում մարդկանց մեջ հավատ է արթնացրել, ու ես հուսով եմ, որ այդ հավատը երկար կմնա»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին