Տատիկս եւ «Գարունը»
2291 դիտում

Տատիկս եւ «Գարունը»


Այս շաբաթը բացվեց ուրախալի լուրով` կրկին սկսեց հրատարակվել «Գարուն» ամսագիրը: Տարօրինակ բան կասեմ՝ չնայած ես «Գարունի» լիարժեք ընթերցող չեմ եղել, այն շատ է ազդել իմ կայացման եւ աշխարհընկալման վրա:

1980-ականներին, երբ սովորում էի դպրոցում, շաբաթ-կիրակի օրերը հաճախ էի տատիկիս մոտ անցկացնում: Մենք տանը ռուսալեզու թերթեր ու ամսագրեր էինք ստանում, իսկ տատիկս՝ միայն հայերեն: «Երեկոյան Երեւան», «Խորհրդային Հայաստան» թերթեր էր ստանում, նաեւ՝ «Գարուն» ամսագիր:

Ռուսական դպրոց հաճախող 12-14 տարեկան պատանու համար «Գարուն»-ը մի խորհրդավոր լուսամուտ էր դեպի նոր աշխարհ: Ինչպես արդեն ասացի, տարիքիս պատճառով ամսագիրը ծայրից ծայր չէի ընթերցում՝ շատ բան չէի հասկանում, բայց ուշադիր թերթում ու ուսումնասիրում էի:

Միայն շապիկները ինչ ասես արժեին՝ ուրիշ էին, այլ ամսագրերի նման չէին: Ինչ իմանայի, որ 1996 թվականին այդ շապիկներից շատերի հեղինակ Արտակ Բաղդասարյանը պետք է օգներ ինձ ու Մոսկվայից եկած գործընկերներիս հարցազրույց վերցնել մի քանի օրով ընդհատակ անցած Վազգեն Մանուկյանի հետ...

Տատիկս պահում էր «Գարունի» մի քանի տարվա համարները, որոնք փորփրելով իսկապես հայտնվում էի մի նոր աշխարհում, որն այնքան տարբեր էր դպրոցական աշխարհից:

Տատիկս, իհարկե, հատուկ ոչինչ չէր անում «Գարունի» հետ իմ այդ շփումները խրախուսելու համար: Բայց հիմա, հետադարձ հայացք գցելով, հասկանում եմ, որ եթե տատիկս ու «Գարունը» չլինեին, ես, երեւի, այլ մարդ կմեծանայի: «Էլիտար» ռուսական դպրոց հաճախող պիոներիս ենթագիտակցաբար ձգում էր այդ ամսագիրը, որը տանում էր ինձ նոր ու խորհրդավոր աշխարհ:

Իսկ ի՞նչ էր անում տատիկս՝ ինձ «հայկականություն» «ներարկելու» համար: Հատուկ բան չէր անում, բայց ասում էր բառեր, որոնց խորությունն ու պարզությունն այնքան ներդաշնակ էին, որ անմիջապես տպվում էին գիտակցությանս մեջ:

Այս դրվագը պատմելու առիթ ունեցել եմ, մի հատված մեջբերեմ.

1985 կամ 1986 թվականն էր` 9 կամ 10 տարեկան էի: Չարենցի կամարում էինք: Ամառային երեկո էր: Ես էի ծնողներիս հետ, մորաքույրս` ամուսնու եւ դստեր հետ, եւ տատիկս: Նա լուռ նայում էր Արարատին, մեկ էլ ասաց.

- Ինչ մեղք է այս սարը: Գերի է մնացել այնտեղ:

Իհարկե, շատ զարմացա, որ տատս լեռան մասին կենդանի մարդու պես է խոսում: «Գերի» բառի իմաստը չգիտեի, ինչպես նաեւ չէի հասկանում` «այնտեղ» ասելով, ինչ ի նկատի ունի: Լավ չեմ հիշում` երեւի տատիկիս խնդրեցի բացատրել, թե ինչու է մեղք այդ գեղեցիկ լեռը: Էական չէ, բացատրեց, թե ոչ, հասկացա, թե չէ: Կարեւորն այն է, որ այսօր էլ պարզ հիշում եմ այդ խոսքերը:

Ի դեպ, մի անգամ «Գարունում» հոդված էի կարդացել այն մասին, թե ինչպես երկու ամերիկահայեր գաղտնի բարձրացել էին Արարատի գագաթը՝ անհավատալի պատմություն էր, իսկական դետեկտիվ:

Գարնանը տատիկս հեռացավ կյանքից: Իսկ աշնանը վերածնվեց «Գարունը»: Երբ սկսում էի գրել այս սյունակը, Երեւանում ձյուն էր գալիս, իսկ հիմա, երբ ավարտում եմ, երկնքում պայծառ արեւ է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am