Տեր-Պետրոսյանը, Թոյնբին եւ Շեւելյովը - Mediamax.am

Տեր-Պետրոսյանը, Թոյնբին եւ Շեւելյովը
13767 դիտում

Տեր-Պետրոսյանը, Թոյնբին եւ Շեւելյովը


1995 թվականին սկսել էի աշխատել որպես «Մոսկովսկիե նովոստի» (ՄՆ) թերթի սեփական թղթակիցը Հայաստանում: 19 տարեկան հասակում մոսկովյան հեղինակավոր թերթի թղթակից դառնալը անհավատալի հաջողություն էր
ու էլ ավելի էր խթանում երիտասարդ լրագրողի հավակնությունները:

1995 թվականի ԱԺ ընտրությունների շեմին ՄՆ-ին առաջարկեցի գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմանկարը: Համաձայնեցին, ես էլ շատ ոգեւորված գրեցի: Հոդվածս իհարկե, քննադատական էր, բայց երբ տեսա այն, ինչը լույս տեսավ թերթում, հասկացա, որ «վերջս եկել է»:

Հոդվածի գաղափարը համաձայնեցված էր ՄՆ-ի միջազգային բաժնի խմբագիր Միխայիլ Շեւելյովի հետ, սակայն, երբ հոդվածն ուղարկել էի, նա արձակուրդ էր մեկնել, իսկ նյութս խմբագրել էր մեկ այլ աշխատակից, որի անունը թող լայն լսարանի համար անհայտ մնա: Նրա արածն, իհարկե, «խմբագրել» անվանել չի կարելի՝ իմ նյութից հանել էր բոլոր դրական հիշատակումները եւ ավելացրել էր բացասական եւ խիստ վիճելի հատվածներ: Սակայն հոդվածի տակ մնացել էր իմ ազգանունը:

Հայաստանի ընդդիմադիր թերթերն, իհարկե, հաճույքով արտատպեցին հոդվածը: Իշխանական թերթերը, բնականաբար, ինձ «ցեխը կոխեցին»: «Հայքի» հոդվածի վերնագիրը անգիր հիշում եմ ու, երեւի, երբեք չեմ մոռանա՝ «Ում աչքերով է նայում աշխարհին Արա Թադեւոսյանը կամ երբ ներկապնակում սեւ գույնն է միայն»:

Որոշեցի գնալ նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանի մոտ եւ պատմել, թե ինչ է եղել իրականում: Հետս վերցրեցի իմ հոդվածի բնագիրը: Պարոն Զուրաբյանը, իհարկե, սկզբում ինձ բավականին սառը ընդունեց, բայց մեր զրույցի ընթացքում, կարծես, հավատաց, որ այն, ինչ տպվել է թերթում, շատ քիչ ընդհանուր բան ունի իմ գրածի հետ: Զրույցի վերջում եկանք այսպիսի պայմանավորվածության՝ ինձ չվստահելու հիմքեր չի տեսնում, սակայն խիստ ցանկալի է, որ ՄՆ-ից ներկայացուցիչ գա, որպեսզի նախագահականում վստահ լինեն, որ կատարվածը պատվեր կամ միտում չէր եւ որ նման բան այլեւս չի կրկնվի:

Զանգեցի Մոսկվա եւ Միխայիլ Շեւելյովին ասացի, որ եթե ցանկանում է, որ ես շարունակեմ աշխատել իրենց համար, պետք է գա Երեւան եւ հանդիպի Լեւոն Զուրաբյանին: Մի քանի օր անց Միխայիլ Վլադիմիրովիչը եկավ: Բայց ոչ Մոսկվայից: Գնաց Թբիլիսի, եւ այնտեղից մեքենայով եկան Վրաստանում ՄՆ-ի երկարամյա թղթակից Ակակի Միկաձեի հետ: Ակակի Տարիելովիչը պարբերաբար խնդիրներ էր ունենում Վրաստանի իշխանությունների հետ (անվտանգության նախարարի «ոխերիմ բարեկամն էր») եւ նման իրավիճակների հարթման մեծ փորձ ուներ:

Եկան, գնացինք Լեւոն Զուրաբյանի մոտ, բացատրվեցինք: Կարծես թե, խնդիրը հարթվեց: Դրանից մի քանի ամիս անց ՄՆ-ի համար հարցազրույց էի արել ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ, կարծում եմ, առաջին սպիտակ մազերս ձեռք բերեցի հենց այդ ժամանակ, երբ սպասում էի թերթի տպագրությանը: Չնայած Մոսկվայից հավաստիացրել էին, որ հարցազրույցում բան չեն փոխելու, մտածում էի, որ եթե այս նյութի հետ էլ մի բան այնպես չեղավ, ինձ Հայաստանից կարտաքսեն: Բայց փառք Աստծո, ամեն ինչ կարգին եղավ, մի բան էլ «բոնուս» ստացա Մոսկվայից՝ ՄՆ-ում հարցազրույցը վերնագրել էին «Չճանաչված հանրապետության ճանաչված առաջնորդը», ինչը կարծում եմ, պիտի որ Քոչարյանին դուր եկած լիներ:

Անցավ ավելի քան մեկ տարի: 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո Երեւանում իրավիճակը լարվեց, Վազգեն Մանուկյանն ընդհատակ անցավ, իսկ փողոցում զրահամեքենաներ հայտնվեցին: Մոսկվայից եկավ Միխայիլ Շեւելյովը՝ ՎիԴ հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ (այդ ժամանակ ՄՆ-ն ու «Վզգլյադ»-ը համատեղ հաղորդում ունեին): Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույց արեցինք (պարզվեց, որ «ընդհատակ» եղած ժամանակ իրենց տանն էր՝ համենայնդեպս, այդ օրը), հետո գնացինք Լեւոն Զուրաբյանի մոտ՝ նախագահից հարցազրույց խնդրելու: Զուրաբյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը հարցազրույց չի տալիս, բայց ինքը, ամեն դեպքում, կփորձի խոսել իր հետ: Խնդրեց ամեն դեպքում  երեկոյան իրեն զանգել: Մենք էլ գնացինք մեր գործերով՝ ենթադրելով, որ զանգելու առաջարկը սոսկ քաղաքավարության նշան էր:

Եթե հիշում եք, 1996 թվականին Հայաստանում բջջային հեռախոսներ չկային: Երեկոյան 6-ի կողմերը զանգեցին տուն, մեկ էլ մայրս մի փոքր իրար խառնված ասաց, որ զանգել են նախագահի աշխատակազմից եւ ասել են, որ 7-ին գնանք՝ նախագահի հետ հարցազրույցի: Մի քանի անգամ մամայից ճշտելուց հետո, որ ինքն ամեն բան ճիշտ է հասկացել, հավաքվեցինք ու գնացինք նախագահական:

Ենթադրում էի, որ Լեւոն Զուրաբյանը նախագահին պատմել էր 1995թ. հոդվածի ողջ պատմությունը, բայց միեւնույն է, շատ «մանթրաժ» էի: Չէի պատկերացնում, թե ինչպես պետք է նայեմ նախագահի աչքերին, ում մասին նման բաներ եմ «գրել»:

Մտանք նախագահի աշխատասենյակ, հերթով ներկայացանք:

Տեր-Պետրոսյանը ուշադիր նայեց ինձ վրա ու կես-կատակ, կես-լուրջ ասաց.

- Ах, это ты обругал меня?

Չէի հասկանում, թե ինչպես արձագանքեմ: Օգնության հասավ Միշան, որը նախագահին ինչ-որ բան ասաց, ծիծաղեցին: Մեկ էլ Միշայի հայացքը ընկավ փոքր սեղանին, որի վրա գրքեր էին դրված: Վերցրեց գրքերից մեկն ու տպավորված հարցրեց.

- Պարոն նախագահ, Դուք Թոյնբի եք կարդո՞ւմ:

Պետք էր տեսնել, թե ինչպիսի հայացքով Տեր-Պետրոսյանը չափեց Միշային:

Հարցազրույցը արեցինք (հարցերը հիմնականում տալիս էին Միշան եւ «Վզգլյադի» Անդրեյ Կիրիսենկոն, ես մի երկու հարց կմկմացի), հաջորդ օրն էլ գնացինք Արցախ: Շեեւլյովը եւ Կիրիսենկոն գնացին նկարահանումների, իսկ ինձ թողեցին Ռոբերտ Քոչարյանի ընդունարանում (այնտեղ ֆաքս կար), որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի հարցազրույցները վերծանեմ, Միշան գա, նայի ու ուղարկենք Մոսկվա:

Կյանքում առաջին անգամ նախագահի հարցազրույց էի վերծանում, ամեն բառն ու ստորակետը տաս անգամ ստուգում-գրում էի: Եվ պատկերացրեք վիճակս, երբ մոտ երկու ժամից եկավ Միշան, նայեց գրածս թղթերին ու շատ հանգիստ տոնով ասաց.

- Կրճատել է պետք, էջի վրա այդքան տեղ չունենք:

Փորձեցի վիճել՝ նախագահի խոսք է, ինչպե՞ս կրճատենք:

Միշան նստեց կողքս, վերցրեց թղթերս ու ասաց.

- Նայիր եւ սովորիր:

Սկսեց ուշադիր կարդալ ու որոշ հատվածներ կրճատել: Սրտիցս արյուն էր կաթում, իսկ նա ջնջում էր, հանում էր անգամ ամբողջական պարբերություններ:

Հետո պիտի հասկանայի, որ լրագրության անգնահատելի դասեր եմ ստանում: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի հարցազրույցները մի քանի տարի առաջ ներկայացրեցինք Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված մեր հատուկ նախագծի շրջանակում:

Վերջին անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ շփվելու առիթ ունեցա, եթե չեմ սխալվում, 1997 թվականի գարնանը: Նախագահի նստավայրում էինք, լուսաբանում էինք օտարերկրյա նախագահներից մեկի այցը (ցավոք, հստակ չեմ հիշում, ով էր, բացառված չէ, որ Էդուարդ Շեւարդնաձեն էր): Այնպես ստացվեց, որ լրագրողների մեծ մասը արդեն դուրս էր գալիս տարածքից, իսկ մենք մի քանի հոգով դեռ ներսում էինք: Այդ պահին Տեր-Պետրոսյանը ճանապարհում էր իր հյուրին, իջնելով աստիճաններով, մեզ էլ կարգադրեցին մնալ վերեւը, շենքի մուտքի մոտ, մինչեւ որ նախագահը կճանապարհի ու կվերադառնա: Մեկ էլ, աստիճաններով բարձրանալիս, նախագահը նկատեց մեզ, մոտեցավ ու զրույցի բռնվեց: Մեր հաջողությանը չէինք հավատում: Երեւի մի 10-15 րոպե զրուցեցինք՝ այն տարիներին դա արտառոց բան էր: Զրույցի սկզբում մեր կողքերը անընդհատ գնում-գալիս էր Տեր-Պետրոսյանի անվտանգության պետ Ռոմեն Ղազարյանը, նույն ինքը՝ «Բուդոն»: Նա լրագրողներին չէր սիրում ու չէր թաքցնում դա նույնիսկ այն պահին, երբ իր ղեկավարը սիրալիր խոսում էր մեզ հետ: Գնում-գալիս, քթի տակ ասում էր. «Հերիք ա, ցրվեք, գնացեք»: Կարծում եմ, «քեֆը լավ էր»: Ի վերջո ստիպված եղավ միջամտել Տեր-Պետրոսյանը. ինչ-որ մեկին կարգադրեց. «Ռոմիկին տարեք այստեղից»:

Ահա այդպիսի հետաքրքիր ժամանակներ էին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին