Չորրորդ Հանրապետության խաբկանքը - Mediamax.am

Չորրորդ Հանրապետության խաբկանքը
9912 դիտում

Չորրորդ Հանրապետության խաբկանքը


Նախորդ շաբաթ Արմեն Սարգսյանն ասաց, որ նախընտրում է լինել ոչ թե Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահը, այլ Չորրորդ Հանրապետության առաջին նախագահը։ Լավ բառախաղ է, մանավանդ որ թվերը միշտ էլ մոգական ուժ ունեն։ Բայց, արդյո՞ք, չենք շտապում Չորրորդ Հանրապետություն հռչակել։

Ֆորմալ առումով, եթե որպես չափման միավոր եւ ելման կետ վերցնենք Սահմանադրությունը, որի նոր տարբերակն ապրիլից լիարժեք ուժի մեջ կմտնի, կարող ենք մեր երկիրն անվանել Չորրորդ Հանրապետություն։ Դրանից մեկ ամիս հետո էլ տոնելու ենք Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Գեղեցիկ սիմվոլիզմ է։ Բայց վախենամ, որ այս երկու սիմվոլների արանքում բաց թողնենք կարեւորը՝ ի՞նչ պետություն ենք փորձում կառուցել եւ ո՞րն է այդ պետության առանցքը։

Կոստան Զարյանն իր «Նավը լեռան վրա» վեպում նկարագրում է այն, ինչ կատարվում էր մեզ հետ այն ժամանակ, երբ Առաջին Հանրապետությունը մոտենում էր իր մայրամուտին եւ պետք է իր տեղը զիջեր Խորհրդային Հայաստանին, որին մենք Երկրորդ Հանրապետություն, ըստ էության, չենք անվանում։ Զարյանի/Հէրեանի նավը լեռան գագաթին այդպես էլ չհասավ: Տասնամյակներ մնաց մարդկանց մտքերում եւ սրտերում ու հորիզոնին կրկին երեւաց 30 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Նավը գրեթե հասել էր լեռան գագաթին, երբ 1994թ. տոնեցինք հարյուրամյակների ընթացքում առաջին հաղթանակը։ Բայց հետո ինչ ասես, որ չեղավ, ու նավն այդպես էլ մնաց կես ճանապարհին եւ դարձյալ կորավ տեսադաշտից։ Շատ ու շատ մարդիկ, որոնք կարող էին համատեղ ջանքերով նավը գագաթին հասցնել, գնացին մեր երկրից։

Սիմվոլիզմը քաղաքականության մեջ անչափ կարեւոր է։ Բայց երբ իրական քաղաքական բովանդակությունը կաղում կամ բացակայում է, սիմվոլներն են սկսում բովանդակության դեր խաղալ՝ քաղաքական պրոցեսը վերածելով խաբկանքի։

Արդյոք չե՞նք շտապում «սահուն անցում կատարել» Երրորդ Հանրապետությունից Չորրորդին։ Մի՞թե մեզ թվում է, որ այդ անցումը կատարելով՝ կազատվենք այն բոլոր սխալներից եւ թերացումներից, որ ունեցանք Երրորդ Հանրապետության օրոք։

Միշտ էլ հաճելի է սկսել «նոր էջից»։ Բայց պետականաշինությունը սպորտ չէ, երբ ֆուտբոլային թիմը կարող է ձախողված մրցաշրջանից հետո հայտարարել, որ հաջորդ տարի ցույց կտա իր իրական ուժը։

Լավ կանեինք, եթե Չորրորդ Հանրապետություն հռչակելուց առաջ փորձեինք վերլուծել Առաջինի, Երկրորդի եւ Երրորդի հաջողության գործոնը։ Ու խոսքը ոչ թե պատմական իրադարձությունների վերլուծության, այլ մարդկանց մասին է։ Այն մարդկանց, որոնք հաղթեցին Սարդարապատում եւ Ղարաքիլիսայում։ Այն մարդկանց, որոնք թողեցին բարեկեցիկ կյանքն ու եկան նոր Հայաստան կառուցելու։ Այն մարդկանց, որոնք Հայաստանում հիմնեցին մաթեմատիկական այնպիսի դպրոց, որի պտուղները քաղում ենք մինչ այսօր եւ որի շնորհիվ կառուցել ենք ՏՏ-ոլորտ։ Այն մարդկանց, որոնք ազատագրեցին Շուշին եւ դուրս եկան դեպի Արաքս։

Եթե խոսում ենք Չորրորդ Հանրապետության եւ սիմվոլների մասին, մեր նոր կամ նորացվող պետության հիմքում պետք է լինի մարդը, ոչ թե անազնիվ չինովնիկը՝ մեծ կամ փոքր։ Անազնիվ չինովնիկին մեկ է՝ հանրապետությունը Երրորդն է, թե Չորրորդը։ Իր համար այն հարստանալու միջոց է, ինքը ոչ միայն նավը լեռան գագաթին տեսնելու խնդիր չունի, այլեւ ծաղրում եւ ծիծաղում է բոլոր նրանց երեսին, ովքեր այդ նավը շալակած տանում են։

Կարծում եմ, որ անկախ Սահմանադրության փոփոխությունից, մենք դեռ պետք է մնանք Երրորդ Հանրապետությունում եւ փորձենք ավարտին հասցնել եթե ոչ բոլոր, ապա գոնե առանցքային գործերը։ Նոր Հայաստանի հիմքում պետք է լինի մարդը, եւ մենք՝ հասարակության անդամներս, պետք է հսկայական ճիգեր գործադրենք ու վերջապես անհատներից վերածվենք քաղաքացիների։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին