5/10/15. Կիտովանիի սխալը, կոալիցիան, Գուլիեւն ընդդեմ Սեզերի - Mediamax.am

exclusive
8719 դիտում

5/10/15. Կիտովանիի սխալը, կոալիցիան, Գուլիեւն ընդդեմ Սեզերի


Չորս կուսակցությունների ղեկավարները 2008թ. մարտի 21-ին
Չորս կուսակցությունների ղեկավարները 2008թ. մարտի 21-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ահմեդ Սեզերը եւ Իլհամ Ալիեւը 2003 թվականին
Ահմեդ Սեզերը եւ Իլհամ Ալիեւը 2003 թվականին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ջաբա Իոսելիանին եւ Թենգիզ Կիտովանին (աջից)
Ջաբա Իոսելիանին եւ Թենգիզ Կիտովանին (աջից)

Լուսանկարը` RIA Novosti/Igor Mihalev

Սերժ Սարգսյանը եւ Ֆրանցիսկոս Պապը
Սերժ Սարգսյանը եւ Ֆրանցիսկոս Պապը

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-25

 

Կիտովանին սխալվում էր

 

Մարտի 19-ին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանին հայտարարել էր, որ աբխազական հատվածով երկաթուղային հաղորդակցման վերաբացումը կարող է «շահավետ լինել միայն Հայաստանի համար»:

Ջաբա Իոսելիանին եւ Թենգիզ Կիտովանին (աջից) Ջաբա Իոսելիանին եւ Թենգիզ Կիտովանին (աջից)

Լուսանկարը` RIA Novosti/Igor Mihalev

«Արտասահմանի ազդեցիկ հայկական սփյուռքը ներգործում է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի վրա, եւ նա ստիպված կլինի համաձայնել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հետ»,- ասում էր Թենգիզ Կիտովանին «Փրայմ-Նյուզ» գործակալությանը տված հարցազրույցում:

 

Պատերազմն Իրաքում

 

«Հայաստանում մտահոգությամբ են հետեւում Իրաքի շուրջ վերջին զարգացումներին»,- մարտի 20-ին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը: «Հուսով ենք, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի մարդասիրական եւ էկոլոգիական աղետի»,- ասված էր նրա հաղորդագրության մեջ:

 

Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ «Հայաստանը խորապես մտահոգված է իրաքահայության ճակատագրով եւ պատրաստ է իր բոլոր հնարավորություններով օգտակար լինել համայնքի ներկայացուցիչներին»:

 

Մարտի 22-ին Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի դիտարկում Երեւանում Իրաքի դեսպանության հետ հարաբերությունները խզելու հարցը: Նա այսպես էր մեկնաբանել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը, որով նա բոլոր երկրներին կոչ էր արել խզել հարաբերությունները Իրաքի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

 

Գուլիեւն ընդդեմ Սեզերի

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը մարտի 25-ին հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի շնորհավորական ուղերձը դիտարկում է որպես «անհասկանալի ժեստ»:

Ահմեդ Սեզերը եւ Իլհամ Ալիեւը 2003 թվականին Ահմեդ Սեզերը եւ Իլհամ Ալիեւը 2003 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Հնարավոր է, Թուրքիայի ղեկավարությունը հղել է շնորհավորանքը` ելնելով արարողակարգի կանոններից: Սակայն դա միեւնույն է անհասկանալի է մնում մեզ համար: Քոչարյանը մասնակցել է ադրբեջանական տարածքների բռնազավթմանը, հազարավոր մեր հայրենակիցների զանգվածային ոչնչացմանը»,- ասել էր Վիլայաթ Գուլիեւը:

 

•    10  ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-25

 

ԼՂՀ ճանաչումը բացառված չէ

 

Մարտի 20-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ոչ կառուցողական քայլերը, «Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու նրա հետ համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր կկնքի»:

 

Նա այսպես էր մեկնաբանել պաշտոնական Բաքվի քայլերը` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի բանաձեւի ընդունումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին քննադատություններն ու վերջինիս գործունեության կասեցման փորձերը:

 

«Իմ կարծիքով, այդ բոլոր քայլերի պատճառը Կոսովոյի անկախության հռչակումն է, որը չափազանց մտահոգում է Բաքվին»,- ասել էր ՀՀ նախագահը:

 

Կոալիցիա

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ «Դաշնակցություն» կուսակցությունները մարտի 21-ին Երեւանում քաղաքական կոալիցիայի ստեղծման մասին քառակողմ համաձայնագիր ստորագրեցին:

Չորս կուսակցությունների ղեկավարները 2008թ. մարտի 21-ին Չորս կուսակցությունների ղեկավարները 2008թ. մարտի 21-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրված համաձայնագիրն «աննախադեպ» էր անվանել եւ հայտարարել էր, որ «քաղաքական կոալիցիայի ստեղծման նպատակը Հայաստանում ծավալուն եւ լրջագույն բարեփոխումների իրագործումն է»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-25

 

Հռոմի Պապի գահակալությունը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին Վատիկանում ներկա էր գտնվել Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս Պապի գահակալության արարողությանը:

Սերժ Սարգսյանը եւ Ֆրանցիսկոս Պապը Սերժ Սարգսյանը եւ Ֆրանցիսկոս Պապը

Լուսանկարը` REUTERS

ՀՀ նախագահը շնորհավորել էր Նորին Սրբությանը Սուրբ Աթոռի քահանայապետի պաշտոնում ընտրվելու եւ կաթոլիկ աշխարհի հովվապետի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Նա փաստել էր, որ Սուրբ Պետրոսի նվիրապետական աթոռը զբաղեցնում է հայ ժողովրդի բարեկամը, ով քաջատեղյակ է մեր մշակույթին ու պատմությանը, ինչը նա բազմիցս փաստել է Արգենտինայում իր գործունեության ընթացքում:

 

Ընդլայնել «Արմենիկումի» գործածությունը

 

Մարտի 25-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել «Արմենիկում» դեղամիջոցի գործածության շրջանակներն ընդլայնելու համար:

 

Նախարարը հանձնարարել էր ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչեւ այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյունքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ` կազմելով հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։ Դերենիկ Դումանյանն առաջարկել էր սկզբնական շրջանում «Արմենիկումի» հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել որպես հակավիրուսային եւ իմունակարգավորիչ միջոց։

 

Այժմ քննարկվում է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի փակման հարցը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին